Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ամբողջությամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մեծ աղմուկ է բարձրացրել վարորդների շրջանում:
Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: Ընդգծենք նաեւ, որ նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:
Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Եթե չհաջողվի առաջին ատյանի դատարանում արդյունքի հասնել, պետք է 10 հազար դրամ պետտուրք էլ վճարել, իսկ եթե այդտեղ էլ արդյունքի չհասնեն, ապա եւս 20 հազար պետտուրք պետք է վճարեն Վճռաբեկ դատարանում։ Օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, իսկ հեղինակներն էլ փաստում են, որ նախագծի նպատակն է կրճատել դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը, քանի որ դատարանները ծանրաբեռնված են:
Սակայն եթե դատարանը բավարարի քաղաքացու հայցը, ապա նրա վճարած պետական տուրքը կվերադարձվի: Եվ, ահա, քննադատների կողմից այժմ մեկնաբանվում է, թե փորձ է արվում այնպես անել, որ քաղաքացիներն այլեւս փոքր տուգանքների դեպքում չդիմեն դատարան: Բացի դրանից, մեծ աղմուկ է հանել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը։ Այն խորհրդարանում ամիսներ առաջ ընդունվել էր 57 կողմ, 35 դեմ,3 ձեռնպահ ձայներով։
Այս օրենքը եւս ուժի մեջ կմտնի հունվարից, եւ նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր։ Խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։ 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։ Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք:
Երթեւեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։ Եվ, ահա, քննադատվում է նաեւ այն հանգամանքը, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից` տոնական օրերին, երբ շատ քաղաքացիներ պարզապես տեղյակ չեն լինի այս փոփոխություններին կամ էլ տոնական օրերին շատ խախտումներ կանեն: Եվ այս քննարկումը հնարավորություն կտա եւս մեկ անգամ քաղաքացիներին ներկայացնել սպասվող իրավիճակը` որ խախտումների համար որքան միավոր կհանվի: Նախ նշենք, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի տրվում է 9 միավոր, եւ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
Կախված երթեւեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից եւ այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով: Հնարամիտ վարորդները հաճախ տուգանվելուց խուսափելու համար մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերն այսօր փակում են: Նախագծով նման իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով եւ կզրկվի 1 միավորից:
Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթեւեկությունը սկսելու, մանեւր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթեւեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով` շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կնվազեցվի եւ կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Այսինքն՝ երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում նա կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ եւ որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով:
Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով: Մասնագետների խոսքով` օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կապված է վերջին շրջանում վիճակագրության հետ: Բանն այն է, որ 2012-ից սկսած` ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով գրանցված զոհերի եւ վիրավորների թիվն աճի կայուն միտումներ ունի։ 2018-ի վեց ամսվա տվյալներով` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 1711 է, մահերին՝ 138, վիրավորներինը՝ 2517։ 2019-ի նույն ժամանակահատվածում պատահարների թիվը հասել է 2088-ի, մահերինը՝ 150-ի, վիրավորներինը՝ 3018։
Նաիրա Հովհաննիսյան