Տաքսիների նկատմամբ ուժեղացված հսկողություն կիրականացվի․ ինչ է փոխվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեռ որեւէ կառավարության չի հաջողվել վերահսկողության տակ առնել տաքսիների ոլորտը: Այսօր ով ինչպես ցանկանում, քշում է, ում խելքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում է: Էլ չենք խոսում տաքսի-մեքենայի տեխնիկական վիճակի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս թեմայի շուրջ բողոքներ, դժգոհություններ ստանալ քաղաքացիներից:

Նրանց պատմելով` տաքսիների վարորդները հիմնականում նախատեսվածից ավելի գումար են պահանջում վճարել ուղեւորից անձրեւոտ օրերին, խցանումների ժամերին: Երեկոյան ժամերին գները շեշտակի են բարձրանում` առանց նախապես զգուշացնելու ուղեւորին: Եւ ամենացավալին այն է, որ նման տաքսիների վարորդները չեն պատժվում սպառողին խաբելու համար: Իսկ երբ ուղեւորը փորձում է բանակցել կամ պարզաբանել վարորդի հետ, թե ինչու է ավել գումար վերցնում, անպտուղ զբաղմունք է դառնում կամ վիճաբանության վերածվում: Վարորդը սկսում է «մուննաթ» գալ, կոպտել` քթի տակ փնթփնթալով` «ձեռ չի տալիս, չնստեիր», կամ «էդ ա գինը, ի՞նչ ասեմ» եւ այլն:

Իսկ, ահա, վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է դժգոհություններ ստանալ` տաքսի ծառայությունների գործելաոճի հետ կապված: Օրինակ, մի քաղաքացի օրեր առաջ կանչել է «gg», սակայն մինիմալ արժեքն առաջարկվել է 1000 դրամ: Այսինքն` տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսու վարորդները ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են՝ խաբելով, մոլորեցնելով սպառողներին, մնում են անպատիժ: Բայց պարզվում է, որ պետությունը ուղղակի չի կարող վերահսկողություն իրականացնել` սակագների հետ կապված: Դրա համար էլ այս ոլորտում ստեղծվել է բարձիթողի վիճակ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի լիցենզավորման վարչության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ երբ է ուժեղացված վերահսկողություն իրականացվելու տաքսիների ոլորտում: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի ծառայության գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել:

Պարզվում է, որ շատերը սխալ են հասկացել, որ լիցենզավորումը վերացել է, բայց իրականում հանվել է միայն պետական տուրքը (խոսքը մարզերում 8000 դրամի եւ Երեւանում 12 հազար դրամի մասին է): Այսինքն` իրենք կարող են լիցանզավորվել, բայց չվճարել այդ 8 եւ 12 հազար դրամները:

«Ես խոսում եմ ֆիզիկական անձերի մասին. նրանց համար սահմանված էր պետական տուրք, իսկ կազմակերպություններինը մնացել է: Մարդիկ կան` եկել են ու դադարեցրել են լիցենզավորումը: Բայց ուղեւորափոխադրման գինը պետության կողմից չի կարգավորվում, այդ գինը որոշում է փոխադրողը: Սակայն օրենքի պահանջով տաքսի ավտոմեքենայի թափքի կողային մասում փակցված պետք է լինի գնացուցակ: Այսինքն` տրամաբանությունը հետեւյալն է. ով ուզում է օգտվել, պետք է կարդա, տեղեկանա, որ կիլոմետրը արժի, ենթադրենք, 1000, ոչ թե 100 դրամ, սպասելավարձ կա, թե ոչ: Պահանջը սա է, պետք է ունենա: Եթե ինքը որոշի, որ կիլոմետրը 1000 դրամով է քշում, նա դրա իրավունքն ունի, բայց սպառողը պետք է նախապես տեսնի, իմանա»,- տեղեկացրեց Ստեփանյանը:

Բայց, արի ու տես, այսօր հանրապետությունում չկա մի տաքսի մեքենա, որի ներսում փակցված լինի օրենքով պահանջված այդ գնացուցակը: Եւ ամենաուշագրավը` որ որեւէ կառույց հետեւողական չէ՝ արդյոք օրենքի այդ պահանջը կատարում են տաքսիների վարորդները, թե ոչ: Մինչդեռ նկատենք, որ եթե գնացուցակը փակցված չէ, ապա վարորդը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 5-10 հազար դրամի չափով:

Բայց, միեւնույնն է, վարչական պատասխանատվության չափն անգամ այնքան փոքր է, որ վարորդները, կոպիտ ասած, թքած ունեն: Բացի այդ, ստուգող մարմին չկա:

Մասնագետի խոսքերով` այսօր հանրապետությունում 2300 ֆիզիկական անձ տաքսի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունի: Բայց, բնականաբար, թվով ավելի շատ են այդ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները: Հազարից ավելի մարդ վերջին մեկ տարում հրաժարվել է լիցենզավորումից: Արայիկ Ստեփանյանին «Ժողովուրդ» օրաթերթը փոխանցեց նաեւ մեքենաների տեխնիկական վատ վիճակի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները. նստատեղերը կեղտոտ են, մաշված, լինում են նաեւ դեպքեր, երբ ընթացքի մեջ մեքենայից մուխ ու ծուխ է դուրս գալիս: Բայց մասնագետը պնդում է, որ ուղեւորափոխադրման լիցենզիա ունեցող տաքսու վարորդը պետք է տարվա մեջ երկու անգամ իր մեքենան ենթարկի տեխնիկական զննման:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Ստեփանյանը հավաստիացրեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը ե՛ւ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, ե՛ւ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ: Ի դեպ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: «Օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների գործունեության հետ կապված օրենսդրական բացեր կան, բայց նրանք թանկ, բայց ուղեւորը տեղյակ է լինում նախապես:

Դու ընտրության հնարավորություն ունես` կա՛մ կարող ես օգտվել, կա՛մ էլ ոչ: Լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետեւելու ենք` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոեմեքենայի տեխնիկական վիճակին հետեւելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,-փոխանցեց Արայիկ Ստեփանյանը:

Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաեւ տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձեւական չլինի. «Մենք իրավունք չունենք գնանք եւ մեքենաները ստուգենք կոռուպցիոն գործարքներից խուսափելու նպատակով: Բայց տեխզննումը պարտադիր կդառնա, ու տեխնիկական կայանները հսկողության տակ կառնվեն, որպեսզի իրական տեխզննում իրականացվի»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս