Սիրում եմ հայկական ավանդական համով-հոտով Նոր տարին. Արտյոմ Մարկոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ Նոր տարվա հետ կապված ասոցիացիաների, ամանորյա մաղթանքների, տոնի հետ կապված նախընտրությունների մասին զրուցել ենք հումորիստ, դերասան Արտյոմ Մարկոսյանի հետ: Նա նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի էլ անհամբերությամբ սպասում է Ամանորին. «Այս տարի էլ Ձմեռ պապիկին խնդրում եմ այն, ինչ խնդրել եմ իմ ողջ գիտակից կյանքում՝ խաղաղություն մեր երկրին: Նյութական ոչ մի ցանկություն չունեմ: Բացի այդ, եթե չլինի խաղաղություն, ոչինչ այլեւս արժեք չի ունենա: Սրանք պարզապես խոսքեր չեն, եւ պատահական չէ, որ ամանորյա ամեն կենացին հնչում են այս խոսքերը»:

Արտյոմի դեպքում Ամանորի հետ առաջին ասոցիացիաները կապված են մանկության հետ, հետո արդեն՝ համեղ ուտեստներով լի սեղանի, հարազատների ու ընկերների հետ: «Սիրում եմ հայկական ավանդական, համով-հոտով Նոր տարին: Իրար տուն գնալը, հարազատներով հավաքվելը հաճելի պրոցես է… Թեպետ պետք է նկատեմ, որ նախկինում մարդիկ ավելի շատ էին տոներին իրար տուն այցելում, քան մեր օրերում»,-նկատեց Արտյոմը:

Հարցին, թե ամանորյա սեղանի որ ուտեստներն են իր համար առանձնակի սիրելի, հումորիստը պատասխանեց. «Պասուց տոլման, նրբաբլիթն ու խոզի բուդը: Շատ եմ սիրում նաեւ ընդեղենը, հատկապես՝ հնդկական ընկույզը»:

Արտյոմը 2020 թվականին հայ ազգին մաղթում է ապրել ռեալ կյանքով: «Թեպետ Ամանորը հեքիաթային տոն է, ուզում եմ, որ մեր ազգը հեքիաթների հետեւից չընկնի, իրերը կոչի իր անուններով, ամեն քայլ անելուց առաջ կշռադատի: Թող բոլորի համար լավ տարի լինի, ամեն օջախից պարբերաբար լավ լուրեր ստանանք, փորձենք ուրախանալ մեկս մյուսով: Չգիտեմ` ինչու, հայերս վերջին շրջանում միմյանց հաջողություններով չենք ուրախանում: Դա լավ բան չէ: Բայց եկեք տխուր բաներից չխոսենք: Վստահ եմ, որ ամեն բան լավ է լինելու»,-եզրափակեց Արտյոմը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս