Ի՞նչ դասեր քաղեցին գեղեցկության մրցույթների կազմակերպիչներն ու մասնակիցները՝ հայաստանյան վերջին սկանդալից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Տիեզերք 2019» մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի՝ տարազով ներկայանալը բեմում վերջին օրերին բուռն արձագանք ունեցավ օնլայն տիրույթում: Նախ՝ դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարված տարազի ընտրությունը քննադատվեց ազգագրագետների կողմից:

Այս օրերին բազմիցս խոսվեց Դայանայի զգեստի անհարմարության, սանրվածքի, առանց ժպիտի ներկայանալու եւ այլ խնդիրների մասին: Եվ չնայած «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանի եւ Դայանա Դավթյանի միջեւ ծագած վեճին` նրանք դեկտեմբերի 20-ին հայտարարեցին, որ հաշտվել են: Դայանա Դավթյանը թագից չի զրկվել:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գոհար Հարությունյանի հետ: Հարցին, թե ծագած վեճի, քննադատությունների արդյունքում ինչ դասեր քաղեցին կազմակերպիչներն ու մասնակիցը, Գոհարը պատասխանեց, որ հարկավոր է ուսումնասիրել մրցույթի կանոնները, պահանջները, հետո միայն քննադատության ենթարկել, օրինակ, տարազը. «Մինչեւ չլինի համախմբվածություն, մինչեւ մենք մի բռունցք չկազմենք, ոչ մի դրական արդյունք չենք ունենա: Միայն մեր երկրի մասնակցի տարազի ներքո էր, որ հենց մեր հայրենակիցները «Միսս Տիեզերք 2019» մրցույթի էջում բացասական մեկնաբանություններ էին թողել: Դա ամենամեծ խայռատակությունն է:

Ուրիշ երկրներ մեծարում են իրենց մասնակցին, մենք մեր երկրի մասնակցի վրա ենք գրոհում… Մինչեւ հայը հային չսատարի, չօգնի, օտարը չի նկատի մեզ: Ես ուզում եմ մի բան ասել, այս մասին երբեւէ չեմ խոսել… Եղել է դեպք, երբ մեզ խոստացել են ամբողջապես ապահովել մրցույթի մասնակից աղջկա զգեստապահարանը: Մրցույթի մեկնելուց երկու օր առաջ այդ մարդիկ հրաժարվել են աջակցել… Ուրիշ երկրներում հայտնի ընկերություններն ու դիզայներները կռվում են, վիճում այն թեմայի շուրջ, թե ում զգեստը պետք է կրի իրենց երկիրը ներկայացնող գեղեցկուհին, իսկ մենք հաջորդական մերժումներ ենք ստանում»:

Նրա խոսքով՝ հայկական գեղեցկության մրցույթի մասնակիցներից մեծ քանակությամբ մոդելներ են ծնվել. «Գալիս է մի պահ, երբ մտածում եմ, որ առհասարակ չարժե անել այն աշխատանքը, որ ես եմ ստանձնել, բայց մեղքս գալիս են մեր աղջիկները, որոնք երազում են գեղեցկության մրցույթների մասնակցել: Եթե ես չանեմ այս անշնորհակալ գործը, ոչ ոք չի ստանձնի այն: Ես չափազանց փափուկ եմ մասնակիցների հետ: Հանդուրժել եմ այնպիսի բաներ, որոնց համար կարող էի զրկել տիտղոսից:

Պետք է ավելի խիստ լինեմ, որպեսզի երբ գեղեցկուհիներից որեւէ մեկը խախտի մրցույթի կանոնները, անմիջապես զրկվի տիտղոսից: Այնպիսի տպավորություն է, որ մասնակցի համար պարտավոր ենք ստեղծել ամեն հնարավոր պայման, իսկ նա կարող է նաեւ տրտնջալով բեմ բարձրանալ»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ աղջիկներն արդեն բարդույթավորվում են եւ հասարակության կողմից այսքան թիրախավորվելու պատճառով խուսափում են մասնակցել գեղեցկության մրցույթներին. «Չկա այնպիսի մի երկիր, որտեղ այդքան պախարակում են իրենց գեղեցկուհիներին: Սա հանգեցնում է նրան, որ տարեցտարի ունենում ենք փոքր թվով մասնակիցներ:

Եթե ԱՄՆ-ի մասնակիցն ընտրվում է 300 հազար դիմորդից, Հայաստանի մասնակիցն ընտրվում է 200-300 դիմորդից: Լիլի Սարգսյանի անձի վերաբերյալ, օրինակ, քննադատություններն այնքան շատ էին, որ ես պարբերաբար զանգահարում էի նրան, որպեսզի իմանամ՝ ինչպես է… Կարող է պատահել այնպես, որ աղջիկները կոտրվեն եւ դուրս չգան սթրեսից…

Իսկ ե՞րբ ենք մենք ունեցել համապատասխան դպրոց, որտե՞ղ պետք է վերապատրաստվեին այդ գեղեցկուհիները: Սա իմ անձնական բիզնեսը չէ, ես անում եմ ազգանվեր գործ: Թող հետեւեն ու տեսնեն, թե ուրիշ երկրների ամենասովորական քաղաքացիները ինչեր են անում իրենց քաղաքացիների համար՝ անկախ մասնակցի արտաքինից եւ ընդունակություններից, իսկ մեր աղջիկները կոտրված են մեկնում մասնակցելու մրցույթներին»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս