Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, երջանկահիշատակ Կառլեն Եայանի ծննդյան օրն է: Անվանի բարերարն այսօր կդառնար 85 տարեկան: Կառլեն Եսայանի և առհասարակ նրա ընտանիքի ունեցած ավանդի վառ ապացույցն այն բարեգործություններն են, որոնք մինչև այսօր շարունակվում են: Եվ երկրային կյանքում Կառլեն Եսայանը հասցրեց այնպես ապրել, որ շատերի համար կյանքի ուսուցիչ դարձավ, ու նրա բացակայությունն ամենօրյա ռեժիմով իրեն զգացնել է տալիս։ Թերևս ամենօրյա ցանկալի ներկայությունն է պատճառ դարձել, որ յուրաքանչյուր տարի նրա ծննդյան օրը փորձում են տոն դարձնել մինչեւ օրս:
Այսօր եւս նրա ընտանիքի անդամները, ընկերները, նրա անվան երևանյան պոլիկլինիկայի աշխատակիցները հավաքվել են, այցելել նրա շիրիմին, ապա նրա կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ այնտեղ մատուցված պատարագից հետո էլ այցելեցին նրա անունը կրող պոլիկլինկա, որտեղ աշխատակիցների կողմից միջոցառում էր կազմակերպված` ի հիշատակ Կառլեն Եսայանի:
Անվանի բարերարի եւ նրա ընտանիքի կողմից մինչեւս օրս Հայաստանում եւ Արցախում իրականացվել են ահռելի աշխատանքներ: 2019 թվականի սկզբից Արցախի Մեծ Շեն համայնքում նրա ընտանիքի միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ: Չնայած վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը երբեք չի կտրել եւ այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Մեծ Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ:
Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ: