ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուռն քննարկումներ ու բանավեճեր ԱԺ-ում. ինչպիսին էր 2019 թվականը խորհրդարանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը բուռն իրադարձություններով լի էր նաեւ քաղաքական առումով: Եթե թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունն արդեն ձեւավորված էր եւ աշխատում էր, ապա խորհրդարանը ձեւավորվեց միայն 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եւ առաջին նիստը գումարվել էր արդեն 2019 թվականին:

Դրանից հետո` մինչեւ այժմ, Ազգային ժողովը բազմաթիվ նախագծեր է ընդունել, շատ կարեւոր նախագծեր էլ կընդունվեն արդեն 2020 թվականին:

Օրինակ` խորհրդարանում բուռն քննարկված նախագծերից է եղել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ընդ որում, կողմ էր քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին: Նախագծի՝ շուրջ 3 օր տեւած քննարկումը բավականին բուռն էր;

Սահմանադրական դատարանն այս խորհրդարանում ամենաքննարկված կառույցներից է եղել: Մեկ անգամ բուռն քննարկում ծավալվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու շուրջ, մեկ անգամ էլ` արդեն Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու շուրջ, որով ՍԴ դատավորները թոշակի գնալու դեպքում առավելություններ կունենային:

Բացի իշխանական խմբակցության կողմից ներկայացված նախագծերից, խորհրդարանում բուռն քննարկման են ենթարկվել նաեւ ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված նախագծերը:

Օրինակ` շատ բուռն էր քննարկումը հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում էր` ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:

Սակայն հետաքրքիր է, որ խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին նախագիծը, համաձայնություն հայտնեցին, սակայն արդեն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ մերժեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական առաջարկները։

2019 թվականը հարուստ էր ոչ միայն ընդունված օրենսդրական նախաձեռնություններով, այլ ընդդմություն-իշխանություն բանավեճերով, որոնց ընթացքում, ավանդույթի համաձայն, այս ուժերը մեկը մյուսին իրենց անցյալն էին հիշեցնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս