Դեկտեմբերի 20-ին անհայտ անձը կամ անձինք Երեւանում թալանել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Աննա Բադալյանի տունը: Դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն եւ ննջասենյակից հափշտակել գումար: Նշենք, որ Աննա Բադալյանը ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետն է: «Ժողովուրդ» օրաթերթին դատախազության բաժնի պետի տան թալանի գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները տուն են մտել բնակարանի դուռը բացելու միջոցով: Ավելին, իրավապահները բացահայտել են, որ տանը եղել են արժեքավոր իրեր, սակայն ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ՀՀ գլխավոր դատախուզության վիճակագրական բաժնի պետի տուն են մտել կոնկրետ գումարի համար եւ տարել են մի քանի հարյուր դոլար:
Նկատենք, որ դեպքի վայրում աշխատող իրավապահները արձանագրել են, որ տանը այլ գումար էլ է եղել, սակայն հանցագործը կամ հանցագործները այն չեն գտել կամ շտապել են, դրա համար մանրակրկիտ չեն փնտրել գումարը : Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ բանավոր կերպով ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում, իսկ կբացահայտվի գործը, թե ոչ, ցույց կտա քննությունը:
Սակայն նկատենք, որ այս եւ այլ դեպքերից հետո իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: Մասնավորապես, նախաքննական մարմինների քննիչները ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Քննիչների խոսքով` եթե մի անձ մյուսին հարվածում է, եւ դատարանը հարվածող անձին մեղմ պատժի է ենթարկում, հասկանում ենք, որ դեպք է, եղել է, անցավ-գնաց:
Մի քանի անգամ գողության համար դատապարտված անձին կրկին նույն արարքի համար բռնում ենք, մեղադրանք առաջադրում եւ ուղարկում ենք դատարան, դատարանը գրավ է կիրառում կամազատազրկման է դատապարտում` տուգանք նշանակելով: Անցնում է մի քանի օր, կրկին նույն հանցագործը մեկ այլ բնակարանից գողություն է անում, պետք է հասկանանք, որվերջ, այդ մարդն այլեւս չի փոխվի, ոնց կա, դա է, եւ նրան ազատ արձակելով` մեր ընտանիքներին ենք վտանգում: Այս է պատճառը, որ համատարած գողություններ են:
Քնար Մանուկյան