Տավուշում ոռոգման ջուրը չի հերիքում. ինչու ջրամբարներ չեն կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին Տավուշի մարզում երաշտ էր, ոռոգման ջուրը չհերիքեց։ Սահմանամերձ Տավուշում ոռոգման ջուրը չի հերիքում, սակայն ջրամբարներ չեն կառուցվում։ Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները:

Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել:

Դրանք հնարավորություն կունենան մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ:

Մարզպետը հայտարարել է, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: 3 տարի առաջ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել. «Ե՞րբ է նախատեսվում կառուցել Կողբի եւ Հախումի ջրամբարները, դրա համար ինչքա՞ն գումար է հատկացվելու»:

Ի պատասխան` ստացվել էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասվում է, որ Կողբի եւ Հախումի ջրամբարների կառուցման խնդիրը գտնվում է ուսումնասիրության փուլում: 2019թ. հոկտեմբերի 17-ին Նոյեմբերյան քաղաքում ԱԺ պատգամավորների հանդիպման ժամանակ նույն հարցն ուղղեցինք Տավուշի մարզից Աժ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանին, սակայն նրանից հիմնահարցի կոնկերտ պատասխան չստացանք։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս