Աստղերի անհայտ կողմը․ ընտանիքիս անդամներն ուզում էին, որ լինեի պետական չինովնիկ, բայց ինձնից մարդ դուրս չեկավ․ Սերգեյ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Սերգեյ Դանիելյանն է: Քչերին է հայտնի, որ նա 1989թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: Ընդ որում, սա դերասանի մասնագիտական առաջին ընտրությունն է եղել:

«Ես մանկավարժի որակավորում եմ ստացել, բայց հասկացել եմ, որ չեմ կարող լինել մանկավարժ, ուստի ընտրեցի երկրորդ մասնագիտությունս, ընդունվեցի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ: Սկզբնական մասնագիտությունն ընտրելիս պլանավորում էի այդ գծով ճանապարհս շարունակելու, աշխատելու մասին: Քանի որ հայրս Լուսավորության մինիստրությունում փոխնախարար էր, ընտանիքիս անդամներն ինձ համար այլ կարիերա էին պատկերացնում, ուզում էին, որ լինեի պետական չինովնիկ, բայց ինձնից մարդ դուրս չեկավ, ինչպես հայրս էր ասում»,-ծիծաղելով պատմեց Սերգեյ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին երբ բեմում հնարավոր էր, դրսեւորվել է որպես դերասան. «Ծնողներս դեմ էին, որ դերասան դառնայի, բայց ես առանձնապես լսող զավակ չեմ եղել»:

Այնուամենայնիվ, անգլերենի իմացությունը, պատմությանը ծանոթ լինելը դերասանին օգնել է ողջ կյանքի ընթացքում: «Պատմություն առանձնապես լավ չգիտեմ, բայց մասնագիտությունս օգնել է, որպեսզի վերլուծական միտքս զարգանա: Իմ առաջին մասնագիտությամբ երբեւէ չեմ աշխատել: Երբ ուղարկում էին դպրոցներ՝ պրակտիկայի, երեխաների հետ կատակներ էի անում, գալիս էի»,-հիշեց դերասանը՝ հավելելով՝ չի ափսոսում, որ, ի վերջո, ընտրել է դերասանի ուղին:

Ի դեպ, 1995թ-ից Սերգեյ Դանիելյանը աշխատել է Երեւանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում` որպես բեմի բանվոր, ապա` որպես դերասան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս