Երևանի տրանսպորտը վայել չէ երևանցուն. Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր է խոստանում: Նա վճռական է տրամադրված առկա խնդիրների լուծման ու խոստացված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայկ Մարությանն ամփոփել է անցնող տարում կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղություններ:

– Պարոն Մարության, ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուք խոստացել էիք մի շարք ոլորտներում փոփոխություններ ու բարեփոխումներ իրականացնել: Դրանցից ամենակարևորն ու առաջնահերթը երևանցիների համար կար և մնում է տրանսպորտային համակարգի բարելավումը: Վերջերս Դուք մեկնել եք Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Ի՞նչ նորություններով եք վերադարձել և մոտ ապագայում որքանո՞վ է Երևանի բնակիչների համար իրատեսական տրանսպորտային նոր համակարգ ունենալը:

– Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերևս ամենաառաջնահերթը: Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին: Երևանի տրանսպորտն այսօր ոչ միայն հարմարավետ չէ կամ անվտանգ չէ, այլ բառի ամենակոնկրետ իմաստով՝ վայել չէ երևանցուն:

Խնդիրը տասնամյակներով համակարգային լուծում չի ստացել, իսկ վերջին տասնամյակի ընթացքում էլ ավելի է վիճակը վատթարացել: Ուստի, տրանսպորտային նոր համակարգի ներդրման, ընդհանրապես, հանրային տրանսպորտի վերաբերյալ մեր պատկերացումների արմատական փոփոխության խնդրի առաջ ենք այսօր: Առավել ևս, թեթև մարդատար մեքենաների այս ահռելի հոսքի պայմաններում մենք պետք է ստեղծենք հանրային տրանսպորտի մրցունակ համակարգ, պարզ ասած, որպեսզի մարդիկ հրաժարվեն քաղաքում երթևեկել իրենց մեքենաներով ու ավտոբուս նստեն:

Այս տարվա ընթացքում վերջնականապես հաստատեցինք նոր տրանսպորտային ցանցի նախագիծը, մշակեցինք դրա իրագործման ֆինանսական մոդելը, որը հավանության արժանացավ կառավարության կողմից, և արդեն հաջորդ տարվանից, այսպես ասենք, թղթի վրայից հարցը կփոխադրենք իրականացման դաշտ: Համաձայն նոր ցանցի, քաղաքը կսպասարկի տարբեր տարողության ու չափի շուրջ 850 ավտոբուս և ավելի քան 100 տրոլեյբուս: Արդեն մոտ ապագայում կհայտարարվեն առաջին խմբաքանակների ձեռքբերման մրցույթները: Համագործակցության դրական ակնկալիքներ կան նաև մեր ավանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից: Այնպես որ, դեռևս անցյալ դեկտեմբերին ռեֆորմի իրագործման իմ հնչեցրած ժամկետներն ուժի մեջ են, և մենք ռեալ արդյունքները կտեսնենք արդեն 2021-22 թվականներին:

– Շարունակելով տրանսպորտային համակարգի հարցը, նշեմ, որ Ձեր խոստումներից մեկը եղել է նաև մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցումը: Մետրոյի կառուցման ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ է դիտարկում քաղաքապետարանը: Այս պահին, ի՞նչ փուլում են գտնվում ներդրողների հետ բանակցությունները:

– Այս ուղղությամբ ևս բավական ծավալուն «տնային աշխատանք» ենք կատարել անցնող տարվա ընթացքում: Մշակվել է մի քանի էսքիզ, որոնցից առանձնացվել են առավել նախընտրելիները, մշակել ենք ֆինանսավորման մոդելը, այն է՝ անել գրավիչ առաջարկ պոտենցիալ ներդրողին՝ կառուցել կայարանն ու տեղում ծավալուն բիզնես-նախագծեր իրագործելու հնարավորություն ստանալ: Ըստ մեր հրապարակած էսքիզի, կայարանը պետք է տեղակայվի Հրազդանի կիրճի երկու ափերն իրար կապող կառուցվելիք կամրջի վրա, այսինքն, հենց կամրջի վրա կլինի կառամատույցը:

Սա հնարավորություն կտա զգալիորեն օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև դեպի կայարան մուտքի հնարավորություն կլինի երկու կողմից՝ Հալաբյանից ու Կիևյանի հետ հատվող Բարբյուսի փողոցի կողմից: Հիմա արդեն առարկայական բանակցությունների մեջ ենք պոտենցիալ ներդրողի հետ, որոնք լավատեսության բավական ամուր հիմք են ստեղծում: Մետրոյի կայարանի կառուցումը քաղաքի այդ հատվածի համար զարգացման լուրջ խթան կդառնա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս