«Լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի». Իմքայլական պատգամավորը՝ «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի և օպերատորի վրա հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Կենտրոն» ՀԸ-ի լրագողի և օպերատորի վրա հարձակմանը:

«Ըստ նախնական լուրերի՝ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել: Շա՛տ վատ է:

Կա՞ն անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ. անկեղծ՝ չեմ կարծում: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, պատասխանը թող յուրաքանչյուրն իր համար տա: Հիմայի մասին համեստորեն լռելով՝ վստահ եմ, ինձ էլ ժամանակին չսիրողներ եղել են: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը դա մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է:

Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:

Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի:

Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»:

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա:




Լրահոս