Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի խմբագրակազմերի շնորհավորանքը։
Քնար Մանուկյան
Հեղափոխական անցումային մեր երկրում կուզեմ իշխի արդարությունը, համերաշխությունը, խաղաղությունն ու լավատեսությունը։ Պառակտված հասարակությունը չի կարող հասնել որեւէ արդյունքի եւ ունենալ հոր երկիր։ Լինենք հանդուրժող մեկս մյուսի նկատմամբ, արդարամիտ ու պահանջատեր՝ իրապես ազատ, անկախ ու բարեկեցիկ երկիր ունենալու հարցում։ Նոր իշխանությունն իրավունք չունի հիասթափեցնել հասաակությանը։ Նրանք ավելի քան որեւէ իշխանություն ունեն հասարակության լայն զանգվածների անվերապահ աջակցությունը։ Չփոշիացնեք մեր երկրի զարգացման վերջին ռեսուրսը, պարոնա՛յք։ Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Նարիա Հովհաննսիյան
Եկե՛ք անցած տարում թողնենք անտարբերությունը, իրար չլսելը, թշնամանքը: Թող 2020 թվական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը եւ նոր հաղթանակների վճռականությունը` հանուն խաղաղության, հանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, հանուն սահմանին կանգնած մեր զինվորների:
Էդգար Բաղդասարյան
Թող այս հին տարին տանի Ձեզանից,
Բոլոր տխրություններն ու դժվարությունները,
Իսկ այս Նոր տարին բերի միայն
Ուրախություն եւ երջանկություն ձեր օջախներում…
Շնորհավո՛ր Նոր տարի:
Սյունէ Համբարձումյան
Թող ոչ մի հայ հաջորդ տարում ստիպված չլինի լքել իր հայրենիքը… թող 2020 թվականը վճռական փոփոխությունների տարի լինի: Իսկ եթե գնաճ էլ արձանագրվի, ապա թող այն զգալի չլինի մեր գրպանների համար: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Սոնա Գրիգորյան
2020 թվականը պետք է լինի միայն բարօրության, երազանքների կատարման ու հաղթանակների տարի: Ես մեծ սիրով, ժպիտով ու անհամբերությամբ սպասում եմ Նոր տարվան:
Էդմոն Մարտիրոսյան
Թող գալիք տարին դառնա նոր ձեռքբերումների, սիրո, հավատարմության, բարու ու գեղեցիկի բարգավաճ տարի,ու թող խաղաղությունը մուտք գործի յուրաքանչյուր հոգի, հաստատի այնտեղ ներդաշնակություն, հետո սավառնի դեպի երկինք ու իր գիրկն առնի ԵՐԿԻՐՍ ՀԱՅՈՑ:
Նատալյա Պողոսյան
Մաղթում եմ բոլորին քաջառողջություն: Ուզում եմ հայ ազգն ապրի խաղաղ պայմաններում: Թող բոլորը լինեն երջանիկ ու խաղաղված: Շնորհավո՛ր 2020:
Աննա Բաբաջանյան
Ժամանակը սկսել է արագ սլանալ առավել, քան երբեւէ: Ու այդ խլացնող ընթացքը հաճախ մոռացնել է տալիս ամենակարեւորի մասին: Մաղթում եմ, որ գալիք տարում կարողանանք ուրախանալ մանրուքներից, ավելի հաճախ գրկենք մեր հարազատներին, ավելի քիչ շտապենք եւ լիարժեք ապրենք այն պահը, որը մեզ տրվել է:
Հովսեփ Հովսեփյան
Թող այս տարին հրաշքներով լի տարի լինի․․․ Ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք հաղթանակ ու ջերմություն Ձեզ։ Շնորհավոր Նոր տարի։
Ոսկան Սարգսյան
Թող նոր տարին խաղաղություն բերի աշխարհին, հատկապես` Հայաստանին, Արցախին եւ իմ հպարտ, հոգսաշատ, իմ հարազատ, իմ տառապած, իմ հերոսական, փառապանծ Տավուշ աշխարհին: Թող մարդկանց առողջություն լինի, մնացածը կաշխատենք, կարարենք: Նոր տարին նոր հույսեր է բերում. մաղթում եմ, որ դրանք իրականանան:
Տաթեւ Հարությունյան
Կարեւորագույն ցանկությունս` վե՛րջ արյունահեղությանը եւ դաժանությանը, միայն խաղաղություն, միայն բարի եւ դրական իրադարձություններով լրահոս: Եվ ամենակարեւորը` առողջություն, սիրելի՛ ընթերցող: Առողջ եւ խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն: Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։
Հովհաննես Գարբուզյան
Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:
Լիաննա Խաչատրյան
Թող այս Նոր տարին լինի բարեբեր, խաղաղ լինի աշխարհն ամբողջ, ու ճիչը մանկան` անպակաս, գալդ լինի բարի, մկնի՛կ:
Լիդա Եղիազարյան
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք տարին` մաղթելով աննկուն կամք, երազանքների եւ նպատակների իրականացում: Թող այս տարի բոլորիսսրտերը ջերմությամբ եւ սիրով պարուրվեն: Շնորհավո՛ր Ամանոր եւՍուրբ ծնունդ:
Մարիամ Դանիելյան
Քչերն են նկատում, որՆոր տարին գալիս է որպես պարգեւ՝ մի պահ կանգ առնելու՝ սրբագրելու համար նախորդ տարին, չծանրանալու, բաց ձեռքերով ընդառաջ գնալու նոր տարվա մարտահրավերներին: Ուժու եռանդ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավո՛ր Ամանոր:
Մանե Ասրյան
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2020 թվականը լինի սիրո, համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղության տարի: Թող գալիք տարում իրականանան բոլորիս երազանքներն ու նպատակները: Եղե՛ք առողջ ու երջանիկ:
Անուշ Խաչատրյան
2020 թվականը թող լինի խինդ ու ծիծաղի, բերք ու բարիքի տարի։ Թող տարեցները շրջապատված լինեն հոգատարությամբ, մանուկները՝ սիրով ու ջերմությամբ, իսկ սահմանին կանգնած զինվորները՝ խաղաղությամբ։ Շնորհավո՛ր, սիրելի՛ հայրենակիցներ։