«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների` արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբի անդամները: Մեր տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ընդգրկվել են Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից` Գեւորգ Պետրոսյանն ու Արման Աբովյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 16-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված, Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց համար կարեւոր է նման աշխատանքային խմբի ստեղծումը, ու իրենք պետք է ամեն ինչ անեն, որ դա չվերածվի խոսքի իրավունքի սահմանափակման:
«Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որեւէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին»,-հայտարարել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ աշխատանքային խմբի ղեկավար էր ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ աշխատանքային խումբը քննարկել է հիմնականում, թե ինչ գործելաոճ պետք է որդեգրեն, ինչից պետք է սկսեն, ու արդյոք որ հասարակական-քաղաքական շրջանակները պետք է ընդգրկվեն աշխատանքային խմբում, որպեսզի օգնեն աշխատանքային խմբին: Մեր տեղեկություններով` աշխատանքային խումբը որոշել է ակտիվ գործունեությունը սկսել արդեն 2020 թվականին ու հստակեցնել անելիքները:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ