Հայկ Սարգսյանը նահանջեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ժամանակավորապես հետաձգել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծի եւ հարակից փաթեթի քննարկումները խորհրդարանում: Բանն այն է, որ դեկտեմբերի 26-ին խորհրդարանում նախատեսված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ էլ նախատեսված էր քննարկել պատգամավորի նախագիծը, իսկ որպես կառավարության ներկայացուցիչ էլ հրավիրված է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նախ նշենք, որ այս օրերի ընթացքում իմքայլական պատգամավորի նախագիծը հասցրել է քննադատության ենթարկվել ինչպես իր թիմակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի կողմից: Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում է արագացված զինվորական ծառայություն 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Այն ենթադրում է ծառայություն` մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով այդ անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում եւ ներկայանա զորահավաքներին: Նույնիսկ համեմատություն արվեց, թե էլիտար մեղրամիս է պատգամավորը փորձում սահմանել բանակում:

Սակայն այս ծառայությունից օգտվելու համար այդ անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10.000-ապատիկի չափով գումար, որը տվյալ դեպքում կազմում է 10 մլն դրամ: Նկատենք, սակայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտնել էր, թե իրենք դեմ են պատգամավորի ներկայացրած նախագծում արված շեշտադրումներին, սակայն դրան զուգահեռ Հայկ Սարգսյանը մշտապես սոցիալական ցանցի իր էջում տեղադրում էր նախագծի վերաբերյալ դրական արաձագանքներ, որոնք, իբր թե, ստացել է արտերկրում գտնվող հայերից:

Սակայն Հայկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե որոշել է ժամանակավորապես հանել նախագիծը քննարկումից եւ նման առաջարկով հանդես կգա հենց դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստին, ցանկանում է հանրային մեծ քննարկում անցկացնել այդ նախագծի շուրջ: «Այդ օրը ես խնդրելու եմ, որ այդ նախածգի քննարկումը հետաձգվի եւ տեղափոխվի:

ԱԺ կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս: Պատճառն այն է, որ Նոր տարի է հիմա, նախատոնական վիճակ է, եւ արդյունավետ չէ հիմա նման քննարկում կազմակերպել: Բացի դրանից, ցանկանում եմ, որ հանրային մեծ քննարկում լինի, ոչ միայն խորհրդարանական ուժերի հետ այդ քննարկումը լինի, այլ նաեւ քննարկում լինի հասարակության ներկայացուցիչների հետ, եւ միգուցե նրանք էլ առաջարկներ ունենան այդ նախագծի վերաբերյալ», – նշեց նա:

Բացի այդ, իմքայլական պատգամավորը հայտնեց, որ այս պահին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մշակվում է նոր նախագիծ, որը վերաբերելու է սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիներին, եւ միգուցե ներկայանան մեկ ամբողջական նախագծով, որը նաեւ կանոնակարգում կունենա մինչեւ 27 տարին լրացած քաղաքացիների համար:

Նշենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարաձգվել, եւ այժմ 27 տարին լրացած քաղաքացիներն այլեւս հնարավորություն չունեն վճարել գումար եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Սակայն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է այդ ժամկետը երկարաձգելու նախագիծ, որն արդեն բացասական եզրակացություն է ստացել կառավարության կողմից եւ կրկին դեկտեմբերի 26-ին պետք է քննարկվի խորհրդարանում: Եվ ընդդիմադիր խմբակցությանը մերժելու պատճառներից մեկն այն է եղել, որ իշխանական խմբակցության պատգամավորները համանման նախագիծ են մշակում:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր խմբակցության առաջարկած նախագիծն ու նոր մշակվողը իրարից տարբերվում են: Իսկ, ահա, Հայկ Սարգսյանի խոսքով` էական փոփոխություններ են առկա հատկապես գումարի չափի մեջ, որը պետք է վճարեն 27 տարին լրացածները, եւ խստացվել են չափորոշիչները: Սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե այդ նախագիծն, ամեն դեպքում, խնդիրներ ունի:

«Առաջին խնդիրն այն է, որ դրանով նախատեսվում է վաղեմության ժամկետ, եւ փաստացի բանակից խուսափելը հավասարեցվում է մարդկության դեմ արված հանցագործություններին, ինչպիսիք են գենոցիդը, տեռորիստը, ռազմական հանցագործությունները եւ այլն: Իսկ եթե սա հանում ենք, ապա նախագիծն իր էությամբ մոտավորապես դառնում է այն, ինչ այժմ է, պարզապես գումարն է ավելանում: Այնտեղ գումարը սահմանված է` երկու տարվա աշխատավարձ պայմանագրային զինծառայողների համար` գումարած հավելավճարներ, որը այժմյան հաշվարկներով գալիս է մոտավոր 5 մլն դրամից մի քիչ ավել, եւ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ դա ավելի է բարձրանալու:

Սակայն ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր ապրում են արտերկրում, միլիոնատեր են եւ առանց մտածելու գալու են այդ գումարը տան ու վերադառնան Հայաստան», – նշեց Գորգիսյանը:

Հավելենք, որ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծն իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Վարչությունը համեմատություն է արել նախագծի դրույթները Սահմանադրության հետ եւ եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, եւ զինվորական ծառայությունը ներառվում է այդ պարտականության շրջանակներում:

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը: Նախագիծը պարունակում է կարգավորումներ միայն քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին հրամանի ընդունման վերաբերյալ, մինչդեռ հիմքը, որով անձը համարվելու է զինվորական ծառայությանը ներգրավված, բացակայում է:

Բացակայում են նշված հարցին վերաբերելի կարգավորումները նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում», – նշված է եզրակացության մեջ: Բացի այդ, վարչությունը եզրակացության մեջ նկատում է, որ նախագծով զինվորական ծառայության տեսակների ցանկին ավելացվում է զինվորական ծառայության տեսակ՝ արագացված ընթացակարգով, որը չի համապատասխանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայությանը ներկայացվող պահանջներին, որի արդյունքում այդ ընթացակարգով ծառայությունը չի կարող համարվել զինվորական, հետեւաբար նաեւ սահմանադրական պարտականության կատարման ձեւ:

Եվ նրանք առաջարկում են նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս