Պահանջում են չեղարկել ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ ներկայացրել էր 14 հոգի, մասնակցել էր 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Իսկ ո՞վ է նա:

Վարդան Վարդանյանը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Բացի այդ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գուլանյանի ընկերը՝ Կարեն Ճենտերեճյանը, որը շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն է, նաեւ խորհրդի անդամ է, քվեարկել է հենց Վարդանյանի օգտին:

Ի դեպ, բացի Վարդան Վարդանյանից պարկի տնօրենի պաշտոնի համար պայքարում էին հետեւյալ թեկնածուները` Կարեն Սարիբեկյանը, Խաչիկ Պողոսյանը, Մարտին Պետրոսյանը, Հենրիկ Մարտիրոսյանը, Վարդան Վարդանյանը, Աղաբեկ Ղազարյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Գարիկ Թովմասյանը, Հարություն Անտոնյանը, Արա Խլոյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահե Կարապետյանը, Արման Ավետիսյանը, Մարինե Նալբանդյանը:

Տեղեկացնենք, որ թեկնածուներից Վահե Կարապետյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի փեսան է: Հենրիկ Մարտիրոսյանը էկոլոգ-գիտնական է, որն, ի դեպ, մշտապես բարձրաձայնել է Սեւանա լճի բնապահպանական խնդիրների մասին: Մրցույթին մասնակցել է պարկի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը: Կհիշեք՝ Գագիկ Մարտիրոսյանը դեռեւս 2012 թվականին ձերբակալվեց պաշտոնեական կեղծիք կատարելու եւ լիազորությունները չարաշահելու կասկածանքով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ են արդյունքներից եւ պահանջում են չեղարկել մրցույթի արդյունքները: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել թեկնածու Կարեն Սարիբեկյանը: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Կարեն Սարիբեկյանը որոշ մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցած մրցույթից: «Դե, քննությունից հետո մեկս մյուսին հարցնում էր՝ դու քանի՞ հարցին պատասխանեցիր, իսկ իրավաբանն էլ (խոսքը Վարդան Վարդանյանի մասին է) ասաց, որ պատասխանել է 9 հարցի, որից մեկին թերացել է, իսկ մի հարցին էլ ընդհանրապես չի պատասխանել:

Բայց խոսելու ընթացքում մի արտահայտություն արեց, որը մեզ զարմացրեց, ասաց՝ թողեք 20 վայրկյան կրկնեմ ու նոր ասեմ: Ինչպե՞ս կարող են քեզ պատասխանը տալ, որ դու կրկնես: Ազգային պարկի իրավաբանի հետ քննության եկել էին նաեւ ՊՈԱԿ-ի մի քանի աշխատող, ու նրանցից մեկն ասաց, որ մեր իրավաբանին պատասխանները տվել էին, որպեսզի պատասխաներ, բայց չի կարողացել լիարժեք պատասխանել»,- նկատեց Կարեն Սարիբեկյանը:

Նշենք, որ մրցույթին հաղթող ճանաչվել են 7-ը, ինչի արդյունքում որոշում է կայացվել, որ տնօրենը 7 հոգուց կընտրի ՊՈԱԿ-ի խորհուրդը: Բայց մեր զրուցակիցը փոխանցեց, որ մրցույթից հետո` մինչեւ խորհրդի նիստի կայանալը, Շրջակա միջավայրի նախարարությունից զանգահարել են ու կանչել նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպման. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն եւ, ըստ այբբենական կարգի, մտել ենք առանձին-առանձին նախարարի մոտ:

Հարց տվեց, ասեց` պատմեք՝ կրթություն, ուսում, աշխատանք: Ու հետո ասաց՝ ի՞նչ ունեք ինձ ասելու: Ասացի, որ Ձեզ կարող եմ ասել իմ տեսլականը խնդիրների լուծման շրջանակներում»: Ի դեպ, ըստ Կարեն Սարիբեկյանի՝ հաղթող մասնակիցներից Արփինե Հովհաննիսյանը, որը ՊՈԱԿ-ի քարտուղարության պետն է, նախարարի հանդիպումից հետո դուրս է եկել մրցակցությունից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանը նախարարը Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե, որպես կին, ինչպես է պատկերացնում պայքարը Նորատուսի ձկնագողերի դեմ: «Իբր, դա է պատճառը եղել, որ ինքը հանել է իր թեկնածությունը: Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, որովհետեւ ընթացակարգում նման բան չկա: Հանձնաժողովից հետո խորհրդի նիստին ներկայացնեին իրենց ծրագրերը, տեսլականը, ապա խորհուրդը որոշեր, թե ում է ընտրում ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում»,- նկատեց մեր զրուցակիցը: Սակայն խորհրդի անդամների հարցերը խիստ զայրացրել են թեկնածուներին:

«Հերթականությամբ մտնում էինք ներս: Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ ամենահետաքրքիր հարցն այն է, որ հարցնում էին, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի` կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրեցին` երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի, եթե Սեւան ազգային պարկում նշանակենք Ձեզ տնօրեն: Ո՞նց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն: Եթե այդպես է, ուրեմն իմ հովանավորը հանդիսանում է ՀՀ վարչապետը:

Չէ՞ որ իր հորդորին գնալով եմ մասնակցել տնօրենի մրցույթին: Հարցնում է՝ բա ո՞նց կապնվենք վարչապետի հետ, ես էլ ասում եմ` պետական ապարատի աշխատող ես, դա քո խնդիրն է, ոնց ուզում ես, կապնվի»,- խորհրդի անդամների հետ հանդիպումից պատմեց Սարիբեկյանը: Ըստ մեր զրուցակցի՝ այդ հարցերն իրեն տվել է Շրջակա միջավայրի նախարարության ֆինանասատնտեսական վարչության բյուջետային ծրագրերի եւ գնումների գործընթացի իրականացման բաժնի պետ Ռոման Չոբանյանը: Կարճ ասած՝ խորհուրդն ընտրել է Վարդան Վարդանյանին եւ հայատարարել, որ նրան նշանակում է այս պաշտոնին 6 ամիս ժամկետով: «Ինձ ասում են, որ իրենք Վարդան Վարդանյանին ճանաչելու սկզբունքով են առաջնորդվել, այսինքն` Հայաստանում գործում են խնամի-սանիկ կամ ծանոթ-բարեկամ կապերը: Փաստորեն, դաբրոն տվել են, որ խորհուրդը տնօրենի պաշտոնում ընտրի ոչ թե մասնագետին, այլ իրավաբանին, որը ՊՈԱԿ-ի աշխատող է, եւ դժվար է հավատալ, որ բարեփոխումներ կիրականացնի:

Ախր, դուք պետք է իմ մասնագիտական գիտելիքները նայեիք, ստուգեիք, ինձ պետք չէր ձեր ճանաչելը»,- վրդովվեց Կարեն Սարիբեկյանը: Նա մտադիր է նաեւ նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խորհուրդի նիստը պետք է չեղարկվի: Սա է հիմնական պահանջը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս