Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում՝ երկու վարկած էր պտտվում` մեկը, որ Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի, եւ նրան այդ պատճառով են տեղափոխել հիվանդանոց, երկրորդ վարկածն էլ այն էր, որ Գագիկ Խաչատրյանին ինսուլտի ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա առողջական վիճակը շատ վատ է: Ի վերջո, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես հասկանալ` արդյոք Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, թե ոչ, եւ, առհասարակ, որտեղ է նա գտնվում այս պահին:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ դիմեց Ազգային անվտանգության ծառայություն` փորձելով նախաքննական մարմնից հասկանալ, թե ձերբակալելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում, արդյոք Գագիկ Խաչատրյանին նախաքննական մարմինը ինչ որ գանգատով տեղափոխել է հիվանդանոց, թե ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ ձերբակալելուց հետո` 72 ժամվա ընթացքում, նախաքննական մարմինը Գագիկ Խաչատրյանին հիավանդանոց չի տեղափոխել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` միգուցե կալանավորումից հետո քրեակատարողական ծառայությունն է նրան տեղափոխել հիվանդանոց: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 9:30-ին, Գագիկ Խաչատրյանը ընդունվել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ մինչ այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիվանդանոց չի տեղափոխվել: Դատելով իրավապահների պաշտոնական պատասխանից` Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չեն տարել, բայց, մյուս կողմից, փաստ է, որ նա հիվանդանոցում՝ «Աստղիկ» բկ-ում եղել է: Իսկ ինչպե՞ս. պարզվում է` երբ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու 72 ժամը լրացել է, եւ դատարանը դեռ նրա կալանավորման որոշումը կայացրած չի եղել, այսինքն` նա մի պահ եղել է ազատության մեջ, այդ ընթացքում գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ստուգվել է: Ինչպես տեղեկացանք հիվանդանոցից, նրա մոտ խնդիր չի եղել, ոչինչ չի հայտնաբերվել, որպեսզի հոսպիտալացվեր: Եւ, ահա, այդ ընթացքում դատարանը կալանավորման որոշում է կայացրել, ինչից հետո էլ հիվանդանոցից Գ. Խաչատրյանին տարել են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ:
Ինչպես հայտնի է, դեռեւս հուլիսի 31-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Ներկայացված ստորագրությունների թիվը թեեւ նախապես հայտարարվել էր, որ 30 հազարից ավել է լինելու, սակայն իրականում 21 հազար 49 ստորագրություն տրվեց ԿԸՀ-ին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արցախից տեղեկացավ, որ պետական գերատեսչության կողմից ստուգվելուց եւ հաստատվելուց հետո Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավել եղել: Այսինքն, մյուս ստորագրությունները մարմնի կողմից չեն հաստատվել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցակցնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտա նրան առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններին:
Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ինչպես գրված է կանոնակարգ օրենքի 155 հոդվածում. «ԱԺ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»: Երեկվա դրությամբ ԱԺ նախագահի կողմից որեւէ հայտարարություն խորհրդարանի կայքում տեղադրված չէր: Ուստի հետաքրքիր է՝ արդյոք Առաքելյանի դիմումը տեղ հասել է, թե ոչ: Այս հարցի պատասխանը խորհրդարանում շատ մեծ դժվարությամբ կարողացան տալ: ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հրայր Զորյանից մի քանի ժամ ճշտումներից հետո պարզեցինք, որ Էդգար Առաքելյանի դիմումն՝ ուղղված ԱԺ նախագահին, արդեն կա (թե երբ է տրվել, էլի մնաց անհասկանալի): Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի նույն 155 հոդվածի. «Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»: Չկա նաեւ հետ վերցնելու մասին հայտարարությունը:
Արդեն մի քանի օր է` «Սանիտեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիտեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության` ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ: Ու մինչ օրս հարց է մնում՝ ինչո՞ւ «Սանիտեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ` ոչ: Այնուամենայնիվ, այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: «Մարդ չկա, որ հարցնեմ` ինչու եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին` հարցրե՛ք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է` երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիտեք»-ի արաբ ղեկավարին:
ԹԻՄ ՊԱՀԵԼԸ ԲԱՐԴ ԳՈՐԾ Է
Երբեմնի ամենահեղինակավոր պատգամավորներից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ինչպես երեւում է, վերջնականապես պառակտվել է: Բոլոր այն դեմքերը, որոնք քիչ թե շատ ակտիվություն էին ցուցաբերում, կամաց-կամաց լքեցին կուսակցությունը, եւ քաղաքական այդ միավորը աստիճանաբար դուրս է գալիս քաղաքական արենայից: Զարուհի Փոստանջյանն էլ, կարծես թե, վերադառնում է նախկին մասնագիտությանը՝ փաստաբանությամբ է զբաղվում: Ու կարելի է ասել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջիկայում կա՛մ կվերածվի այնպիսի կուսակցության, ինչպիսիք կան մեր երկրում տարիներ շարունակ՝ մարդ կուսակցություններ, որոնք ունեն միայն նախագահ, լավագույն դեպքում նաեւ եւս մեկ ներկայացուցիչ, կա՛մ ուղղակի կլուծարվի:
Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց. բանն այն է, որ ոչ բոլոր մարդկանց է տրված թիմ ստեղծելու, պահելու, առավել եւս հզորացնելու շնորհ: Դա այնպիսի կարողություն է, որ միայն քաղաքական գործիչ, լավ մասնագետ կամ բարեխիղճ մարդ լինելը բավարար չէ: Թիմ ունենալու համար պետք է անվիճելի լիդեր լինել` դրան գումարած` բազում անձնական ու քաղաքական այլ որակներով օժտված: Իսկ ի՞նչ արեց Զարուհի Փոստանջյանը: Նա, ունենալով բավականին մեծ քաղաքական կապիտալ, հեղինակություն, փորձեց դրանք օգտագործել սեփական թիմն ունենալու համար: Նույնիսկ հովանավոր էր գտել Մոսկվայում՝ ի դեմս խոշոր գործարար Ռուբեն Գրիգորյանի: Այսինքն՝ թվում էր, որ ամեն ինչ պետք է գնար դեպի զարգացում, սակայն առաջին պառակտումը եղավ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ «Երկիր ծիրանի»-ի 3 ներկայացուցիչներ դավաճանեցին կուսակցությանը եւ անցան Երեւանի նախկին քաղաքապետ տարոն Մարգարյանի կողմը: Ի դեպ, այս կուսակցությունը հենց Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու նպատակ էր հռչակել: Այսինքն՝ գաղափարախոսություն, որպես այդպիսին, չկար, կուսակցության համար գոյություն չուներ այնպես, ինչպես Հայաստանի քաղաքական ներկապնակում գտնվող շատ կուսակցությունների դեպքում: Նրանք միայն հռչակում են քաղաքական նպատակներ` լավագույն դեպքում իշխանական կամ ընդդիմադիր, եւ պայքարի թիրախներ, իսկ թե որն է նրանց համար անփոխարինելի գաղափարախոսությունը, պարզապես չկա: Ու այս պայմաններում ակնկալել, որ ներհայաստանյան որեւէ կուսակցություն կարող է երկար կյանք ունենալ, դժվար կլինի: Ու հենց այս հանգամանքով է պայմանավորված այն իրողությունը, որ շատ կուսակցություններ թիթեռի կյանք են ունենում ու կորցնում ազդեցությունը: