Երեկվանից Ազգային ժողովում մեկնարկել են մշտական հանձնաժողովների նիստերը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին մեկնարկում է յոթերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը, եւ մինչ օրակարգի հաստատումը պետք է տեղի ունենան հանձնաժողովների հերթական նիստեր, որի ժամանակ էլ քննարկվում են մինչեւ այժմ օրակարգից դուրս մնացած հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հանձնաժողովների օրակարգերը, տեղեկացավ, որ ամենից շատ նախագծերը մնացել են Պետաիրավական հանձնաժողովում եւ այսօր դրանք պետք է քննարկվեն: Ընդ որում, նախագծերից 29-ը նոր են եւ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ, իսկ, ահա, 6 նախագիծ էլ լրամշակվել են եւ կանցնեն երկրորդ ընթերցում: Այսինքն, միայն այդ հանձնաժողովում առկա է 35 նախագիծ, որը պետք է հասցնեն քննարկել եւ եզրակացություններ տան: Կան նախագծեր, որոնք նաեւ բուռն քննարկումների կարող են արժանանալ:
Դրանցից է, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը ցանկանում է ամրագրել, որ պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Որպես հիմնավորում խմբակցությունը ներկայացնում է այն պնդումը, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Իսկ, ահա, ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Եվ այժմ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում: Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար եւս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Եվ հետաքրքիր է, որ այս նախագծերը կառավարության կողմից ստացել են բացասական եզրակացություն, եւ առաջարկ է եղել այդ հոդվածները թողնել անփոփոխ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը եւս կարող է հետաքրքիր քննարկում ունենալ: Մասնավորապես, նա առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը: Այսպիսի մի նախագծով հանդես գալու որոշում պատգամավորը ուներ դեռ մինչարձակուրդային շրջանը, որին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն նախկինում նախագիծը մի փոքր այլ տեսք ուներ, եւ պատգամավորն առաջարկել էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչը լայն արձագանք էր ստացել եւ քննադատվել հենց խմբակցության կողմից: Դրանից հետո պատգամավորը հետ էր կանգնել այդ նախագիծը ներկայացնելու մտքից: Իսկ հիմա էլ նրա կողմից շրջանառության մեջ է դրվել արդեն այս նախագիծը, որտեղ ամրագրված է, որ բռնության ենթարկելու հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը միգուցե այս նախագիծն էլ հետ վերցնի, քանի որ նույնաբովանդակ մի նախագիծ մշակվել է նաեւ կառավարության կողմից:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ էլ հանդես է եկել Աննա Կարապետյանը, որը ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին իրավունք ունի մասնակցելու նաեւ Ազգային ժողովի նախագահը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գումարի չափը: Ինչպես հայտնի է, դրենաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Մեզ հայտնի դարձավ, որ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ: Պարզվում է` ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Ի դեպ, նշված գումարով հնարավոր էր լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց, այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ԾՐԱԳՐԵՐ
2020 թվականին Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 682 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է իրականացնել ծրագիր, որոնք ներառում են մի շարք միջոցառումներ: Միայն 618 մլն դրամ կհատկացվի կոմիտեի ապարատին, որի մեջ մեծ ծախսն աշխատավարձինն է: Տեղեկացանք, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր: Սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները: Իսկ, ահա, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառին ընդհանուր նախատեսվել է հատկացնել 280 միլիարդ 643 միլիոն 179 հազար դրամ, Էներգետիկ ոլորտին կհատկացվի 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Հանրապետությունում գործում են 187 փոքր հէկ-եր, ներկայում ընթանում է 32-ի շինարարությունը: 2020-ին կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ: Ջրային ոլորտում եւս մի քանի ծրագիր կիրականացվի, իսկ Ջրառ» փբը-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Ընդ որում, ոլորտի մարդիկ դժգոհում են, որ ոռոգման համակարգում գումարների հավաքագրումը ցածր տոկոս է, ինչը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցնում ջուր մատակարարող կազմակերպություններին, եւ լրացուցիչ գումարների կարիք է լինում:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
Դավիթ Խիթարյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Երեկ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում եղել է ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի թափուր պաշտոնի միակ թեկնածուն օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էր. նա միաձայն ընտրվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ պաշտոնը թափուր էր Վահրամ Առաքելյանի հրաժարականից հետո:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը եւ այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
«Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն եւ մինչեւ վերջ»,-նշել է նա:
ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի` ինքնաթիռի 118 ուղեւորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել:
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Արմեն Տանանյանը զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը 2014թ.-ից:
ՍՏԱՖԻԼԱԿՈԿ
Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: Հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաեւ հիվանդներից վերցված կղանքի եւ փսխման զանգվածներից: Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից: