«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ԱՄԵՆ ՈՒՂԻ ՏԱՆՈՒՄ Է ՌԵՍՏՈՐԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանն է, որն արդեն մի քանի տարի է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

-Արտավա՛զդ, ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում, ի՞նչ գործունեություն եք այդտեղ ծավալում: Մի փոքր պատմեք:
-Ի ուրախություն ինձ` ԱՄՆ-ում զբաղված եմ այն նույն գործունեությամբ, ինչ Հայաստանում: Աշխատում եմ ARTN հեռուստաընկերությունում, վարում եմ առավոտյան ծրագիր, եւ մի նախագծի շրջանակում հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր: Այս վերջինի ժամանակ հնչում են հայկական ժողովրդական եւ էստրադային հայտնի երգեր՝ կենդանի նվագակցությամբ եւ կատարումներով: Իսկ կատարողները ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստներն են եւ այն աստղերը, որոնք պարբերաբար այցելում են Նահանգներ: Այստեղ վարում եւ կազմակերպում եմ նաեւ կորպորատիվներ: Այս ամենի հետ մեկտեղ ունենք ընտանեկան բիզնես՝ արտադրում ենք փախլավա:
-Հայաստանում աշխատելու հետաքրքիր առաջարկներ ստացե՞լ եք: Ո՞ր դեպքում կընդունեք դրանք:
-Շատ են առաջարկները հայաստանյան հեռուստաընկերություններից: Միշտ կարոտում եմ աշխատանքային այն բեղուն շրջանը, որն ունեցել եմ Երեւանում, բայց դեռ վաղ է հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մասին խոսել: ԱՄՆ-ում որոշակի պայմանագրեր ունեմ ստորագրած: Ժամկետները պետք է ավարտվեն, որպեսզի հետո հասկանանք՝ համագործակցությունը շարունակում ենք, թե ոչ: Բոլոր դեպքերում, Հայաստանն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է: Ու թեեւ այստեղ ունենք հրաշալի հայ համայնք, միեւնույնն է, իմ երկիրն անփոխարինելի է:
-Հետեւու՞մ եք մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
-Իհարկե, յուրաքանչյուր փոփոխություն մեր երկրում իր հետ բերում է նաեւ դրականը: Բայց եթե սպասենք, որ ինչ-որ բան փոխվի, նոր վերադառնանք, շատ սխալ կլինի: Հայաստան պետք է վերադառնալ այն ժամանակ, երբ զգաս, որ կարող ես դու ինքդ ինչ-որ բան անել: Եվ ամենեւին էական չէ, թե այդ պահին ով կլինի իշխանության գլուխ: Պետք չէ անընդհատ բողոքել: Մենք ինքներս պետք է ինչ-որ բան ստեղծենք: Թող չթվա, թե, օրինակ, այստեղ՝ Նահանգներում, կյանքը հեշտ է եւ թեթեւ: Այստեղ էլ բավական դժվարություններ կան:
-Միացյալ Նահանգներում ապրելու տարիների մեծագույն ձեռքբերումը ո՞րն եք համարում:
-Իմ երկրորդ աղջկան եմ համարում, որը շուտով կդառնա մեկ ամսական: Նրա ծնունդով մեր կյանքն է՛լ ավելի լուսավորվեց: Իսկ եթե ապրելակերպի, կենսաձեւի մասին խոսելու լինեմ, պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որն ունի հստակ սահմանված օրենքներ, եւ նշանակություն չունի՝ դու ով ես, պետք է պահպանես դրանք: Այստեղ մեկը մյուսին զիջում են, հարգում… Լինելով անհամբեր բնավորության տեր՝ այստեղ սովորեցի լինել համբերատար: Իհարկե, մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ ընկերներիս, որոնց հետ ծանոթացա հենց Նահանգներում:
-Հետեւու՞մ եք հայկական շոու-բիզնեսի ընթացքին, դեպի ու՞ր է այն գնում:
-Այնքան խառն է ամեն բան… Ժամանակին, երբ որեւէ նախագիծ էինք կյանքի կոչում, հստակ գիտեինք՝ ուր ենք գնում, թիրախային որ լսարանի համար ենք տվյալ պրոդուկտն արտադրում եւ այլն: Այսօր, ցավոք, ամեն ուղի տանում է դեպի ռեստորան: Երգիչները կատարում են կա՛մ պատվերով երգեր, կա՛մ երգեր, որոնք հետո պետք է կատարեն ռեստորանում: Կուզեի, որ ամեն երգիչ կատարեր գոնե մի երգ, որը կդառնար մնայուն արժեք: Իհարկե, հասկանում եմ, որ գումարը հարսանիքների, կնունք-ծնունդների ժամանակ է հնարավոր լինում աշխատել, բայց դրան զուգահեռ պետք է մտածել նաեւ արժեքավորի մասին: Իհարկե, Հայաստանում ունենք որակյալ երգիչներ, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի նրանք ելնեն ջրի երես: Ժամանակին կային ծրագրեր, որոնք բացահայտում էին տաղանդների: Այսօր հայկական եթերը մեծ տեղ է տալիս հումորային ծրագրերին: Ես կցանկանայի, որ երաժշտական մրցութային ծրագրերը նախկինի պես ակտուալ լինեին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԿԻՆՍ ՊԵՏՔ Է ԽԱՆԴՈՏ ՉԼԻՆԻ»

«Իմ կողքի կինը պետք է ընդունի այն աշխատանքը, որով զբաղվում եմ, պետք է հասկանա, որ ես կարող եմ ամսվա ընթացքում 20 օր երկրից բացակայել: Ամենամեծ խնդիրը սա է: Շատերն ասում են, թե կինս էլ ինձ հետ կճամփորդի, բայց դա ռեալ չէ. չենք կարող ընտանյոք հանդերձ միշտ դրսում լինել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով իր անձնական կյանքին` ասաց երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը:

Վարդանը նշեց, որ ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ինքն էլ ցանկանում է կողքին ունենալ ընտանիքին նվիրված, իրեն աջակցող, իրեն չխանդող կին, որը նաեւ ուշադիր մայր կլինի:
Շուրջ մեկ շաբաթից Վարդանը սկսում է ակտիվ նկարահանումները միանգամից երկու ծրագրի շրջանակում՝ «Տնից հեռու» եւ «Աշխարհի համեր»: Նա խոստանում է, որ սեպտեմբերին բավական հետաքրքիր եթերաշրջան է սպասվում: «Աշխարհի համեր»-ի դեպքում, օրինակ, հեռուստադիտողը կտեսնի, թե ինչպես են պատրաստվում տարբեր երկրների ամենահամեղ ու ամենատարօրինակ կերակրատեսակները: Վարդանը կայցելի շուկաներ, գյուղեր, պլանտացիաներ եւ կբավարարի հեռուստադիտողների հետաքրքրությունը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ակտիվ ճամփորդելու եւ հեռուստատեսային բուռն կարիերայի ընթացքում Վարդանը ցանկություն ունի արդյոք զբաղվելու երգարվեստով, թե նա վերջնականապես հեռացել է այդ ասպարեզից. «Երգարվեստը չեմ թողել, պարզապես ժամանակս չի հերիքում դրանով զբաղվելու համար: Երկու նախագծում զբաղված լինելուց զատ ունեմ տուրիստական գործակալություն, կազմակերպում եմ խմբային ճամփորդություններ, որոնց, ի դեպ, մասնակցում են ռեկորդային թվով մարդիկ, այնպես որ երգելու ժամանակ չկա: Ամեն դեպքում, ինձ ուրախացնում է այն արդյունքը, որ գրանցել եմ: Ամսական մի քանի խմբային ճամփորդություն եմ կազմակերպում: Մարդիկ աստիճանաբար ավելի ու ավելի են վստահում ինձ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է կրել Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը, որը նա ստացել էր նախորդ մրցաշրջանում ցուցադրած խաղի համար: Marca-ի տեղեկություններով` ֆուտբոլիստը հրաժարվել է տարբերանշանը կրելուց` ցույց տալով, որ ոչնչով չի տարբերվում թուրինյան թիմի ֆուտբոլիստներից: Հավելենք, որ Սերիա Ա-ն հատուկ տարբերանշաններ է տրամադրում ավարտված մրցաշրջանում իրենց դիրքերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստներին:

 

 

 

ՓՈԽԱՆԱԿՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում: Տրանսֆերն արդեն հաստատվել է պաշտոնապես, սակայն այլ մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն: Նշվում է նաեւ` ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան էլ տեղափոխվել է հակառակ ուղղությամբ եւ կարիերան կշարունակի մադրիդյան թիմում: Կողմերի միջեւ կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայի» կազմում: Նշվում է, որ «Գայլերը» մեկ մրցաշրջանի համար կվարձակալեն Մխիթարյանին, ապա մրցաշրջանի ավարտից հետո կունենան հնարավորություն գնելու մեր ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պայմանագրում չկա կետ, որի համաձայն` իտալացիները ստիպված են գնել Հենրիխի տրանսֆերը: Նշվում է, որ Մխիթարյանի վարձակալության համար «Ռոման» լոնդոնյան թիմին կվճարի 3մլն եվրո, իսկ տրանսֆերի ամբողջական ձեռքբերման համար հռոմեացիները կաղքատանան եւս 15մլն եվրոյով: Հիշեցնենք, որ Հենրիխը լոնդոնցների մեկնարկային կազմում խաղացել է միայն Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Նյուքասլի» դեմ հանդիպմանը:

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Յուվենտուս»), Վիրջիլ վան Դեյկն (Հոլանդիա, «Լիվերպուլ) ու Լեո Մեսսին (Արգենտինա «Բարսելոնա»), իսկ տարվա լավագույն մարզչի հավակնորդներն են Պեպ Գվարդիոլան («Մանչեստեր Սիթի») Յուրգեն Կլոպն («Լիվերպուլ) ու Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս