ՆԵՐՔԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՆ-Ի ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հեղափոխությունից հետո ռազմական տեսուչի հարցը մնացել էր օդից կախված, եւ այդպես էլ հայտնի չէր, թե նա պետք է աշխատի ՀՀ նախագահին, վարչապետին, թե Պն-ին կից:
Արդյունքում որոշում է կայացվել, որ ռազմական տեսուչին պետք է կցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան` վերջինս հայտնել էր, որ նոր օրենսդրությամբ Գլխավոր ռազմական տեսուչ անվանումը ենթարկվել է փոփոխության, եւ այժմ այդ կառույցի անունն է Զինվորական վերահսկողական ծառայություն, որն էլ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ստացվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր աշխատում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ենթակայությամբ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին այդ պաշտոնի շուրջ այս օրերին Պաշտպանության նախարարությունում առաջացած ներքին խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու:
Եվ, ահա, այս փոփոխությունների ֆոնին ՊՆ-ում խոսակցություններ են այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնին, իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը` Զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Ավելին, քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել` միգուցե Օնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել` հայտնելով, որ չեն կարող թույլ տալ, որ Օնիկ Գասպարյանի պես զինվորականը լքի Զինված ուժերը, քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:
Ի դեպ, ԶՈւ գլխավոր շտաբի պետին ազատելու հարցը կապված է ոչ միայն նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունների հետ, այլ նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գործունեության հետ կապված մի շարք զինվորականների դժգոհություններով, որոնք հասել են ե՛ւ իշխանություններին, ե՛ւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Սակայն իշխանությունը եւ ՊՆ ղեկավար կազմը այս փոփոխութունների հարցում քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից հանելու հարցում միգուցե պետք է մի քիչ սպասել: Իսկ կոնկրետ ինչի՞ն սպասել:
Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանության եւ ՊՆ-ի ներսում քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ 2018 թվականի մայիսի 24-ի` ՀՀ վարչապետի որոշմամբ` Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: 2020 թվականի մայիսի 24-ին լրանալու է նրա պաշտոնավարման երկու տարին. միգուցե սպասեն, որ երկու տարին լրանա, հետո պաշտոնից ազատեն: Ինչեւէ, ՊՆ-ում ներքին քննարկման արդյունքում վերջնական որոշման չեն եկել, ուստի նախարարության ներսում խոսակցություններ կան, որ միգուցե չսպասեն Դավթյանի պաշտոնավարկան երկրորդ տարին լրանա եւ նրան փոխարինեն Օնիկ Գասպարյանով:
Ի դեպ, ՊՆ-ում ներքին խոսակցություն կա, որ ՀՀ վարչապետը Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում մի փոքր կաշկանդվածություն ունի: Բանն այն է, որ վերջինս իջեւանցի է, եւ վերջինիս նշանակմամբ կսկսվեն շահարկումները, որ վարչապետը իր հայրենի իջեւանցիներին նոր պաշտոնների է նշանակում: Ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս օրերին ԶՈւ գլխավոր շտաբի պետին այլ անձով փոխարինելու մասով լուրջ խոսակցություններ են սկսվել:
ԶՈւ գլխավոր շտաբի պետին ազատելու եւ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները պարզելու նպատակով դիմեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, սակայն վերջինս, լսելով տեղեկությունները, չմեկնաբանեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԴԽ ՆԻՍՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԸ
Օգոստոսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդում կորոշվի երկու ըմբոստ դատավորների ճակատագիրը:
Արդյոք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը կենթարկվե՞ն պատասխանատվության:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի Մարտի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը Արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ իր վարույթում գտնվող գործերով թույլ է տվել խախտումներ: Կարինե Պետրոսյանը կարգապահական վարույթի հարուցումը կապում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ դատական հայցերի հետ, որոնք ներկայացրել էր: Նա հիմնավորել էր, որ Հարությունյանը ոչ միայն խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել, այն նաեւ չի կարող խորհրդի անդամ լինել, դրա համար էլ «ընկել էին» Կարինե Պետրոսյանի հետեւից:
Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ է հարուցվել` նույն հիմքով: Եվ հիմա, չնայած ԲԴԽ նախկին անդամները չկան, եւ դեռ ավելին` նախկին նախարար Զեյնալյանը եւս հեռացել է, ԲԴԽ նոր կազմը պետք է քննի եւ հասկանա` արդյոք դատավորները թերացել են, թե այս կարգապահական վարույթը նախարար Արտակ Զեյնալյանը հարուցել է Գագիկ Հարությունյանի հորդորով միայն այն բանի համար, որ երկու դատավորները համարձակվել էին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով դատարան հայց ներկայացնել: Ու հետաքրքիր է, թե նորացված կամ, այսպես ասած, «ծյունինգ արած» ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի երկու ըմբոստ դատավորների նկատմամբ:
Ի դեպ, օգոստոսի 5-ի ԲԴԽ նիստին, մեզ հասած լուրերի համաձայն, ներկա է լինելու նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, եւ դատելով իրավիճակից` նախորդ նախարարի կատարած որոշման «տակից փորձելու է դուրս գալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Կարինե Պետրոսյանից փորձեց հետաքրքրվել, թե նա ինչ սպասելիքներ ունի նոր ԲԴԽ-ից: Վերջինս հայտնեց. «Չէի ցանկանա, որ նախկին նախարարի հարուցված վարույթով պատասխանող կողմ հանդիսանար ներկայիս նախարար, առավել եւս առնչություն չի ունեցել նախկին նախարարի եւ ԲԴԽ նախկին նախագահի ենթադրյալ պայմանավորվածությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս ԲԴԽ-ին, ապա ակնկալում եմ օբյեկտիվ քննություն»:
Ի դեպ, նիստը լինելու է դռնբաց, իսկ ինչ որոշում կկայացվի, սպասենք oգոստոսի 5-ի նիստին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրգործով պարզվել են Երեւանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ կալանավորվել է, եւս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Պարզվել է, որ 43-ամյա տղամարդը 28-ամյա երիտասարդի հետ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ Երեւանի 42-ամյա բնակչից, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով, հետագայում բռնության գործադրումը շարունակելու եւ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պարբերաբար շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 48.189.000 ՀՀ դրամին համարժեք՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար` տեղեկացված լինելով վերջինիս կողմից կայուն եկամուտ ունենալու հանգամանքի մասին: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ` կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առերեսումներ: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
92 տարեկանում մահացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախկին անդամ, Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Գալոյանը: 1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը: 1979թ. ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ Սպարտակիադայում Հայաստանի թիմը` Արսեն Գալոյանի գլխավորությամբ, գրավել էր երկրորդ տեղը` Ռուսաստանի հավաքականից հետո: Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին` ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում:

 

 

 

ԿՐԿԻՆ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Նախօրեին Լոռու մարզում բացահայտվել է հերթական ծառահատման դեպքը: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված է եղել 12 խմ փայտանյութով. այն պատկանել է Ահնիձոր գյուղի մի բնակչի, որն էլ ձեռք էր բերել նույն գյուղի հարակից անտառից: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Նախօրեին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ, որը հաղորդում է տվել, որ նույն օրը` Արեւշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին` պատճառելով վնասվածք: Պարզվել է կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ` Երեւանի 27-ամյա բնակչին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս