ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի: Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան:
Եվ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ, ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ եւ այդպես նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն: «Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է եւ ծրագրվում է», – նշեց դեսպանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ եւ դանդաղում է: Ավելին, Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարեւոր իրադարձությունները «ականջի հետեւ» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է: Եվ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է` քննարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունում լայնորեն քննարկվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարցը: Բանն այն է, որ նա զորակոչվել է բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության, ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկը: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմանամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են Արցախում՝ վտանգելով իրենց կյանքը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտակ Դավթյանը հրաժարվեց ասել, թե որդին որտեղ է ծառայում՝ սահմանափակվելով հետեւյալ ձեւակերպմամբ. «Իմ որդին ծառայում է հայոց բանակում»: Այսինքն՝ ոչ Արցախում:

 

 

 

 

Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում ընդհանուր միջոցառման հյուրերից, եւ ավելին` մյուս պաշտոնյաների հետ կանգնած չէր հարթակին: Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարթակին կանգնած էին նույն ոլորտից երկու ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը: Սակայն սա միակ տարօրինակ հանքամանքը չէր. նա ոչ միայն մեկուսացած էր իրեն պահում, այլեւ միջոցառումից անմիջապես հետո հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին եւ մյուս պաշտոնյաների հետ չմնալով հյուրասիրությանը: Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նրան փոխելու մտադրությունների շուրջ խոսակցությունները, որոնք ոչ մի կերպ դեռ չեն հաստատվում:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ
Այս տարվա մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել եւ ուղարկվել էր ՍԴ, որտեդ վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։
Եւ, ահա, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին, 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»: Վճռի մնացած մասը, կարելի է ասել, էական չէ: Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը: Ստացվում է, որ մարդու նկատմամբ քրգործ է հարուցել, եւ նա կալանավորվել է այն հոդվածի հիման վրա, որը երեկ ՀՀ բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասամանադրական եւ անվավեր: Իհարկե, հետագա մեկնաբանություններում, հատկապես` իրավական դաշտից դուրս, կարող ենք ասել, թե ՍԴ-ն իրավունք չուներ վճռելու: Բայց փաստ է, որ այս գործով ցանկացած կալանավորված անձ՝ լինի Քոչարյանը, թե այլ մարդ, պետք է անհապաղ ազատ արձակվի: Դա ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրության, Քրեական օրենսգրքի, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի մեջ. «անհապաղ պետք է ազատ արձակվի ապօրինի ազատությունից զրկված անձը»: Իսկ անվավեր ճանաչված հոդվածի հիման վրա կալանավորված անձը համարվում է ապօրինի կալանավորված:
Ո՞վ պետք է ազատ արձակի Քոչարյանին. դա կարող է անել քրեակատարողական հիմնարկի պետը, դատախազությունը՝ հանձնարարություն տալով որպես պատժի եւ հարկադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, կամ գործը քննող դատարանը՝ գործի անհապաղության սկզբունքով:
Իսկ ո՞ւմ սխալի հետեւանքն է այն, որ մեկ տարուց ավել է` մի ողջ երկրի իրավապահ համակարգ չի կարողանում կատարել հասարակության գերակշիռ մասի պատվերը, այն է՝ ազատազրկել Քոչարյանին: Բանն այն է, որ գործը հարուցող մարմինը՝ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս Սասուն Խաչատրյանի, եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը՝ ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, գործը հարուցելիս ՀՀ Սահմանադրության դրույթները հաշվի չեն առել: Ինչո՞ւ. որովհետեւ նրանք Սահմանադրական իրավունքի մասնագետ չեն, ղեկավարվել են ՀՀ Քր. դատ. օրենսգրքով եւ մայր օրենքը՝ Սահմանադրությունը թողած` ստորադասն են կիրառել:




Լրահոս