ԱՆՑԱՆԿԱԼԻՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ, ԻՆՉԸ ՆԿԱՏԵԼ Է ԲՀԿ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նիստում մոտ երկու ժամ քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոչ մի կերպ չհաջողվեց իմքայլականներին համոզել, որ ՀՀ-ում չպետք է աշխատողին գործատուն վերաբերվի այնպես, որ կարող է սիմպատիաներով աշխատանքի ընդունել ու ազատել: Հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին:

Բանն այն է, որ ԲՀԿ-ականները առաջարկում էին հանրային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում տալ հարկադրելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ էլ որոշակի պատշտոններ զբաղեցնելուց կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով` 2-3 տարի ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընդդիմադիր խմբակցությանը անհանգստացրել է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունները եւս առաջնորդվում են այն համոզմամբ, որ պետք է մարդուն ազատել աշխատանքից, եթե այդ անձնավորությանը չեն հավանում: Գեւորգ Պետրոսյանն էլ իշխանությունների ներկայացուցիչներին փորձում էր համոզել օրենսգրքում կատարել փոփոխություն, որպեսզի այլեւս չկրկնվեն նման դեպքերը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Պետրոսյանի հետ` պարզելու համար, թե ինչն է ստիպել իրենց աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ:
-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանականներին առաջարկել փոփոխել ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ կետեր, կա՞ ինչ-որ մտավախություն, ինչից ելնելով էլ` նման առաջարկով հանդես եկաք:
-Մենք պարտավոր ենք, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես իրավաբան, որպես պատգամավոր, ականջալուր լինել այն դժգոհություններին, որն առկա է մեր ազգաբնակչության մոտ, ու հատկապես այն դժգոհություններին, որոնք տարածված են, որը թվում է անվերանալի: Մենք նախ եւ առաջ պետք է ամեն ինչ անենք այդ խնդիրներին լուծում տալու համար, պետք է այդ ամենին տալ իրավական-օրենսդրական լուծումներ: Այսօր գաղտնիք չէ, որ լինում են անակնկալ աշխատանքից ազատումներ, ու ես հակված չեմ այդ ամենը վերագրել միայն ներկաներին: Ցավոք սրտի, դա սկսվել է նախկին իշխանություններից, ու այդ մեխանիզմը անխափան գործում է: Գործում է մի մեխանիզմ, որ անցանկալի աշխատող կոչվածից պետք է ազատվել ցանկացած ժամանակ, եթե դու այդպես ես ցանկանում, բայց ես ուզում եմ ասել, որ աշխատանքը մարդու սոցիալ-տնտեսական կարեւորգույն իրավունքն է, ու չի կարելի մարդուն այդ իրավունքից զրկել` ելնելով գործատուի պարզ ցանկությունից, պարզ կամարտահայտությունից, ճաշակից, եւ այլն, չի կարելի նման բան անել: Մարդն ունի աշխատանք ունենալու իրավունք, իսկ պայմաններ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, այլեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, բազմաթիվ կոնվենցիաներով, հիմա մենք ո՞ւր հասանք: Հիմա մենք սոցիալական պետություն ենք, իսկ ինչպես այն կարող է համարվել սոցիալական, որտեղ քաղաքացին պաշտպանված չէ գործատուի կամայականությունից: Եթե կուզեք իմանաք, ապա սոցիալական պետության հիմնական իմաստներից մեկն այն է, որ աշխատավոր բնակչությունը պահպանված լինի գործատուի կամայականություններից: Հիմա քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այդպիսի իրավադրույթ չի պարունակում, որով արգելվի աշխատողի նկատմամբ հետապնդումը, ու նաեւ Քրեական օրենսգիրքը չունի այդպիսի կոնկրետ հանցակազմ, որով պատասխանատվություն նախատեսի աշխատողին աշխատանքից ազատելու դիմում տալուն հարկադրելու համար, մենք առանձին պատգամավորներով նպատակահարմար գտանք Քրեական օրենսգրքում նման լրացում կատարել:
-Նշվում է, որ պատգամավորներին անհանգստացրել է այն հանգամանքը, որ պաշտոններին նշանակվելով` պաշտոնյաները ազատվում են այն կադրերից, որոնք իրենց համար անցանկալի են: Դա վերաբերո՞ւմ է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն որոշմանը, երբ վերջինս աշխատանքից ազատել էր իր տեղակալին` հայտարարելով, թե նա իր կոնցեպտին չի համապատասխանում:
-Դա նպաստեց, որովհետեւ, գիտեք ինչ, ես որեւէ տեղ դա չեմ արդարացնում, բայց ինչ-որ չափով հասկանալի է մասնավոր սեփականության դեպքում: Գուցե մասնավոր սեփականատերն ասի` ես այսպես եմ տեսնում իմ քաղաքականությունը, բայց եթե պետական համակարգում ամենաբարձր մակարդակով, այն էլ` արդարադատության նախարարի մակարդակով, ասում է` դու մեր կոնցեպտի մեջ չես, քեզ հաջողություն, սա, ոչ ավել ոչ պակաս, պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության: Ու, ընդ որում, դա իրենք չեն էլ հերքել, այսինքն` դա իրողություն է: Իսկ եթե մենք պետական ապարատից ազատումները կատարեցինք անձնական քիմքին հաճելի լինելու, դուրեկան լինելու համար… ի՞նչ կոնցեպտի մասին է խոսքը, եթե կա կառավարության ծրագիր, երբ կա քաղաքական պաշտոն, քաղաքացիական ծառայություն: Եթե ամեն նախարար, ամեն ղեկավար փոխվելուց մի ամբողջ կոլեկտիվ փոխվի, ո՞ւր կհասնի մեր երկիրը: Հիմա էլ դա ուզում են տարածել դատական համակարգի վրա, ասում են` այս դատարանը մեզ մոտ վստահություն չունի: Կներեք, դատարանները իշխանություններին չեն սպասարկում: Եթե նման բան լինի, ապա մեռավ անկախ դատական համակարգը:
-Բայց, փաստորեն, իմքայլականները մերժեցին Ձեզ:
-Ես արդեն սկսում եմ համոզվել, որ այդ նախագծի մեջ երեւացել է Գեւորգ Պետրոսյան անուն ազգանունը, ով առիթը բաց չի թողնում կառավարության անպտուղ գործունեությունը քննադատել, դրա համար էլ դժկամություն կա իմ հեղինակած նախագծերի նկատմամբ:

 

 

 

 

ԻՐ ԹԻՄԻՆ ԿՇՏԱՄԲԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխությամ գործին: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, դանդաղում են: Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարեւոր իրադարձությունները «ականջի հետեւ» գցելու համար:

Ու դրան հետեւեց երեկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան հայտարարությունը. «Ազգային ժողովում սկսում ենք «Կուսակցությունների մասին» օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, ե՛ւ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:
Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն առաջարկում է փոփոխել Ընտրական օրենսգիրքը. «Եվ չնայած կա արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքում փոփոխություններն անցկացնելու հնարավորություն, բայց ես ուզում եմ մի բան ասել` հարգելի՛ Հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետեւ այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով` դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում, որովհետեւ մենք ինչո՞ւ ենք ուզում Ընտրական օրենսգիրքը փոխել. որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք»: Ու, կարելի է ասել, վարչապետի հայտարարությունից մեկ տարի անց որեւէ բան չի փոխվել, ինչի համար էլ Փաշինյանն անձամբ ինքն է փորձում այդ հարցին լուծում տալ:
Իսկ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է` քննարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որ նոր ռազմավարության մշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբում իրենք չկան: Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում: Կարծում եմ՝ շուտով հանդիպում կլինի խմբակցությունների ղեկավարների կամ այլ մակարդակով: հիմա մտածում ենք՝ ինչ մակարդակով», – նշեց նա: Շատ մանրամասներ չհայտնելով` Գրիգորյանը նշեց, որ ռազմավարության մեջ ամրագրված է լինելու 2018 թվականի հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ինչը, որպես առաջնահերթություն, նախատեսել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Բոլոր ուղղություններով, բոլոր արժեքները, որոնք հայտարարվել են, եւ որոնք մեր կառավարման համակարգն արդյունավետ կաշխատի, այդ առնչությամբ ակտիվ աշխատելու ենք», – նշեց նա: Այլ մանրամասներ` ռազմավարության բովանդակության հետ կապված, Արմեն Գրիգորյանը չցանկացավ բացահայտել՝ նշելով, որ քննարկումներն ակտիվ ընթանում են: Հավելենք, որ Հայաստանի ազգային ռազմավարության մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսները:

 

 

 

 

ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ ՉԵՆ ԳՏԵԼ
ԱԱԾ-ն 2018 թվականի հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանն է, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ` արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Լեւոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1 ամսից կլրանա հայտարարված հետախուզման 1 տարին, սակայն Ալրաղացի Լյովիկին դեռեւս չեն հայտնաբերել:




Լրահոս