ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՈՐԴԻՆ «ՓԱՓՈՒԿ» ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում խոսակցություններ կան այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանի պաշտոնին, իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը՝ Զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին:

Թեեւ քննարկման ժամանակ նաեւ կարծիքներ են հնչել, որ միգուցե Օնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել՝ հայտնելով, որ չեն կարող թույլ տալ, որ Օնիկ Գասպարյանի պես զինվորականը լքի Զինված ուժերը, քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:
Պաշտպանության նախարարությունում ներքին խոսակցությունները այսքանով չեն ավարտվում: Հրամկազմը զայրացած է գլխավոր շտաբի պետի պահվածքից:
Իսկ ո՞րն է խնդիրը: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զորակոչվեց Արցախի ՊԲ առանց վիճակահանությանը մասնակցելու` իր դիմումի համաձայն: Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին` Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը անցկացնում է Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջեւ պարտքը տալիս է Արցախում:
Ասել է թե` ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը իրենց որդիների հարցում որեւէ միջամտություն չեն ցուցաբերել՝ «լավ տեղ» ծառայելու դասավորելու հարցում: Եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն այս պահին իրենց ծառայությունն են իրականացնում Արցախում՝ ըստ էության վտանգելով իրենց կյանքը: Ինչպես հայտնի է, Արցախում մշտապես սահմանային լարվածություն կա: Իսկ, ահա, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դեպքում իրավիճակը այլ է:
Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունում այս օրերին տարակուսանք է առաջացրել հարցը, թե ինչ է տեղի ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու մասով: Բանն այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին զորակոչվել է բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության, ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է այնպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորականների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:
Ստացվում է, որ մինչ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը պայքարում են արտոնյալ բարքերի դեմ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախկինների ոճով է առաջնորդվում, եւ բոլոր զինվորականների մոտ ցույց են տալիս, որ ոչ մեկ արտոնյալ չէ, սակայն իր զավակի դեպքում հատուկ պայմաններ են ստեղծում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում տարածված տեղեկությունների մասով զրուցեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:
-Պարո՛ն Դավթյան, նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Ձեր որդին ծառայում է Վայոց ձորի մարզի զորամասերից մեկում, որտեղ պաշտոնյաների որդիներն են ծառայում, ու Դուք եք նրան այդ «փափուկ տեղը» տարել: Ավելին, տեղեկություններ կան, որ նախ ռազմական ուսումնարանում է սովորել, այնտեղ խնդիրներ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են «փափուկ զորամաս»` ծառայության: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ոչ մի բան չեմ պարզաբանի, անձնական տվյալներ են: Իսկ ինչ վերաբերում է, որ Վայքի զորամասում պաշտոնատար անձանց երեխաներն են ծառայում, եթե կան կոնկրետ փաստեր, ասեք, նայեմ:
-Հիմա Ձեր որդին Վայոց ձորի զորամասերից մեկում է ծառայում, որտեղ բավականին լավ պայմաններ են, ոչ սահմանամերձ զորամաս է: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Իմ որդին ծառայում է հայոց բանակում:
-Կոնկրետ որտե՞ղ: Օրինակ հայտնի է` ՀՀ վարչապետի որդին որտեղ է ծառայում, ՀՀ պաշտպանության նախարարի որդին որտեղ է ծառայում:
-Հայտնի է նրանց ծառայության տարածաշրջանը, իսկ որ զորամասում է ծառայում, հայտնի չէ, քանի որ չի կարելի նման տեղեկություններ հրապարակել: Իմ որդին ծառայում է հայոց բանակում:
-Սակայն լուրեր կան, որ ռազմական ուսումնարանում է սովորել, որտեղ խնդիրներ է ունեցել, դրա համար են իրեն ավելի «փափուկ» զորամաս տարել:
-Ուսումնարանի հետ խնդիրներ չի ունեցել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆ ՈՒ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր էին ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու` իր ղեկավարած ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:
ArmLur.am-ը ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվել էր` ինչ հաղորդման մասին է խոսքը, ով է դիմողը: Ի պատասխան` հայտնել էին, որ Կարեն Փոլադյանն ինքն է ԲԴԽ-ին ուղարկված նամակին ընթացք տվել եւ անձամբ է նյութերը ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Եվ, ահա, երեք ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները քննել են այդ դիմումը եւ ուսումնասիրելով ընկերության ներկայացրած պնդումները` եկել են այն եզրակացության, որ նման բան չի եղել, եւ կարճել են այն:
Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվել: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը իրավապահներին հասցեագրված իր դիմումում նշել էր. «Եթե համապատասխան գործողությունների արդյունքում կհերքվեն հիշյալ գրության մեջ նշված հանգամանքները, ապա գրության հեղինակի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրած լինելու հիմքով խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան անձանց նկատմամբ հարուցել քրեական հետապնդում սուտ մատնություն կատարելու համար»: Եվ, ահա, իրավապահները, Դատական դեպարտամենտի ղեկավարի այս դիմումը հիմք ընդունելով, սուտ մատնության հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ի դեպ, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության չեն հրավիրել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 եւ 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում մրգային գինիների արտահանման վերաբերյալ տվյալներ է հրապարակել. «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած` նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր` բարձր մակարդակի, եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»,-նշված է գրության մեջ:

 

 

 

ԲԱՐԴ ՊՐՈՑԵՍ
Այս ամռան ամիսների հրդեհների պատճառների մեջ մարդկային գործոնը 90 տոկոս է. այս մասին ասել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մենք ունենք դեպքեր, որ ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով դատախազությունում քրգործեր կան: Մեր հետաքննությունը փոխանցել ենք դատախազություն»,-ասել է նա` հավելելով, որ դրանք համեմատաբար փոքր հրդեհների դեպքեր են: ««Ձյունիկ» սառնարան» ընկերությունում խոշոր հրդեհի մասին Ցոլակյանն ասել է, որ իրենք մինչեւ հիմա էլ հերթապահություն են իրականացնում: «Այնտեղ բարդ պրոցես կա, հանգցնելուց հետո պետք է փչացած ապրանքը, մթերքը դուրս հանել այնտեղից: Դա մեզ հաջողվեց կառավարության աջակցությամբ. մոտ հազար տոննա փչացած մսամթերք հանվեց, որը շատ վտանգավոր էր»,-ասել է Ֆ. Ցոլակյանը:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. եւ արտախորհրդարանական ուժերի, եւ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,-նշել է նա:

 

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը եւ համագյուղացուն` մահացած վիճակում: Հայտնաբերվել է Տորունիք բնակավայրի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին` գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, եւ նույն բնակավայրի` 1992թ. ծնված երիտասարդին` կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաեւ վերջինիս դիակի կողքին` 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս