ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաեւ ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի` կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է: Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7.4 տոկոս:
Եվ հետաքրքիր է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել, թե ընթացիկ տարում որքան են կազմում ցանքատարածությունները, պարզվեց, սակայն, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը տեղյակ չէ, թե այս տարի քանի հա ցանքատարածություն է մշակվել: Պատճառաբանեցին, որ ամփոփվում են տվյալները: Համաձայնեք, որ սա տարօրինակ է այն դեպքում, երբ նույն նախարարությունից մեզ փոխանցեցին ցորենի, կարտոֆիլի այս տարվա ցանքատարածությունների տվյալները:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը ուժեղացման կարիք ունի: «Դանդաղելու խնդիրներ կան: Մի հոգու վրա դրված է հսկայական բեռ, որը որքան էլ ակտիվ, պրոֆեսիոնալ լինի եւ ձգտի, չի կարող այդ հսկա բեռը կրել»,- նկատեց մասնագետը: Ու այսքանից հետո հարց է առաջանում` էլ ինչպե՞ս պետք է զարգանա գյուղատնտեսությունը Հայաստանում: Ի դեպ, այս տարի սերմացուներ էլ չեն բաժանվել գյուղացիներին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել: Տեղեկացանք, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորելու գործին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը եւ ընտրագրավը: Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, եւ փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, եւ կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը:

 

 

 

 

ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձեւակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ հեղինակություններ խնջույքի մասնակցեն ու քննարկեն որեւէ մեկի պարտքը ստանալու հարցը, ինչպե՞ս պետք է դա բացահայտվի: Նախարարն ասաց, որ դա օպերատիվ աշխատանք է, իր տիրույթը չէ, բայց «նման ձեւակերպումներով փորձ է արվում անլրջացնել հոդվածը»: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե, օրինակ, հայտնի Զապ անունով Անդրանիկ Սողոյանը, որը «օրենքով գող» է եւ հանգիստ ապրում է, պետք է առանց պատճառի բանտ նստի, քանի որ «օրենքով գո՞ղ» է, թե՞ պիտի որեւէ բան անի, որ բռնեք: «Ցանկացած հանցագործության համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի արարք, եւ այդ արարքը որակվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- նշեց նախարարը:

 

 

 

 

ԸՆՏՐՈՎԻ ՊԱՏԻԺՆԵՐ
Հայաստանում մշտապես արձանագրվել են ընտրովի պատիժների դրսեւորումներ: Բայց եթե նախկինում այդ գործելաոճը ուղղորդված էր ամենավերին օղակներից՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը հաստատապես չի հովանավորում որեւէ մեկին: Պարզապես նրան շրջապատել են մարդիկ, որոնք հովանավորում են այս կամ այն անձնավորությանը, եւ պատրանքներ ստեղծելու համար, թե ամեն ինչ արդար է, թիրախավորված մի քանի մարդկանց վրա են հարձակվում:
Թարմ դեպքը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու` բանակի ծառայության հարցն է: Այս մարդը օրուգիշեր զորամասերով պտտվում է ու խոսում մարդկանց հավասարության, արտոնյալների բացակայության մասին, պատժում է հանդուգն սպաներին, բայց ինքն իր որդուն արտոնյալ պայմաններում ծառայության է ուղարկում Վայքում: Ու միայն այս փաստը բավարար է, որպեսզի Արտակ Դավթյանը հրաժեշտ տա իր պաշտոնին ու ընդհանրապես հեռու մնա բանակից:
Մյուս դեպքը ՀՀ առողջապահության նախարարին է վերաբերում: Անհերքելի է, որ Արսեն Թորոսյանը բժշկական ինչ-որ փաստաթղթերի ներկայացմամբ ազատվել է բանակում հետագա ծառայությունից: Հիմա, պարզվում է (համացանցում գրվեց), որ այդ հիմքերը այնքան էլ ամուր կամ օրինական չեն, իսկ հիվանդության պատմությունն էլ կորել է հիվանդանոցից: Կհիշեք՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժպ Ռուբեն Հայրապետյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ նրան վերագրվեց արտագրության մեղքը: Նույն իրավիճակն է առողջապահության նախարարի մասով. նա պետք է հեռացվի պետական համակարգից դասալքության համար, որքան էլ ունենա վարչապետի մամուլի քարտուղար Վլ. Կարապետյանի հովանավորությունը:
Մեկ այլ խնդիր է ՀՀ ոստիկանությունը, որը ընկել է հնչեղ անուններ ունեցող քրեական հեղինակությունների հետեւից, բայց մարզերում նմանները ցեցի պես շատանում են: Օրինակ՝ ոստիկանները բռնում, ցուցադրաբար կոտրում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի ձեռքը, որի կատարած հանցանքի մասին ոչ մի խոսք չկա, իսկ եթե խոսենք ենթամշակույթի մասին, ապա նա բարեգործություն է անում, Հռոմի կարդինալների հետ է շփվում: Փոխարենը Ճամբարակի ավտոկայարանի մոտակայքում, որը ոստիկանության բաժանմունքից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա է, ծեծկռտուք է եղել, որն ուղեկցվել է կրակոցներով, սակայն ՀՀ ոստիկանությունը կատարվածին չի միջամտել: Ըստ Թերթ.am-ի. «Ոչ թե որովհետեւ չի լսել եւ հաղորդում չի ստացել, այլ որովհետեւ միջադեպի մասնակիցներից են եղել քրեական հեղինակություններ, որոնց նկատմամբ օրինական գործողություններ իրականացնելը տեղի ոստիկանության ուժերից վեր է: Ճամբարակում գրեթե ցանկացած հարց լուծվում է «օրենքով գողերի» միջոցով, հատկապես որ նրանց հետ սերտ կապեր ունի քաղաքային իշխանությունը»: Այս առիթով էլ պետք է անհապաղ պաշտոնանկություններ լինեն:




Լրահոս