ՆԱԽԱՐԱՐԸ` «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ», «ՕԲՇՅԱԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, որը կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը «այսպես կոչված, օրենքով գողերի, սխոդկաների, օբշյակների եւ այս կարգի այլ երեւույթների մասին է»: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս գործընթացին ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը: Հետեւաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նախարարն ի պատասխան ասաց, որ քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբերի ձեւավորմանն է նպաստում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս նախագծի մասին զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը օրենքով կպայքարի քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողերի» դեմ: Հիմա կասե՞ք` ովքեր են, ըստ Ձեզ, «օրենքով գողերը», քրեական տարրերը, հանցավոր մշակույթ կրող անձինք: Կոնկրետ անուններ կտա՞ք: Դուք Ձեր տեսադաշտում ունե՞ք, թե ովքեր են նրանք:
-Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, եւ իրավապահ մարմիններն են օպերատիվ տեղեկություններին տիրապետում, որեւէ կերպ կառավարության անդամները նման տեղեկատվություն ….:
-Դուք նախագիծ եք բերել ՀՀ կառավարություն, որը հաստատվեց. եթե չգիտեք` ովքեր են նրանք, ո՞նց պետք է պայքարեք, պետք է իմանաք չէ՞` ովքեր են իրենք: Օրինակ` մի խնջույք է, քեֆ է, որին մի խումբ մարդիկ են մասնակցում: Խնջույքի մասնակիցներից մեկը դիմում է ներկաներից մեկին եւ ասում է` գիտես մեկ մարդ կա, պարտքով գումար եմ տվել, ու նա պարտքս չի վերադարձնում, կարո՞ղ ես օգնել ինձ` գնանք, հանդիպենք, պարտքս տա: Հիմա դա սխոդկա՞ է, օբշյա՞կ է, կամ այն անձը, որը պատրաստ է օգնել վերադարձնելու պարտքը, նա քրեական տա՞րր է, հանցավոր մշակույթի կրո՞ղ, քրեական հեղինակությո՞ւն, թե՞ «օրենքով գող»:
-Հոդվածը ընթերցելիս բոլոր այն դեպքերը, երբ թվարկվում է, թե ինչ նպատակ պետք է հետապնդի քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, շատ հստակ, սպառիչ թվարկում է այդ դեպքերը: Այսինքն` ցանկացած շահարկում, որ, օրինակ, ասում են` մեկը մյուսին պարտք է, չտվեց, մեկը մյուսին դիմեց, բնականաբար, դա փորձ է արվում անլրջացնել հոդվածը, որի կարիքը եւս ամենեւին չեմ տեսնում, եւ չգիտեմ` այդ անձիք ինչ նպատակ են հետապնդում: Ամեն դեպքում, պրակտիկա, որը կիրառվել է Վրաստանում` ընդ որում` հաշվի առնելով կիրառման սխալները, Հայաստանում մենք շատ բան հոդվածում հաշվի ենք առել: Հիմա Ռուսաստանն է այդ ճանապարհով գնում, Ուկրաինայում է համապատասխան օրենսդրություն ընդունվել: Այսինքն` երբ կսկսվի օրենքը կիրառվել, բոլորն էլ կտեսնեն ու կհամոզվեն, թե ինչ հստակությամբ եւ ինչ ճիշտ է կողմնորոշվում իրավապահ մարմինը պրակտիկայում, եւ ում մասին է խոսքը, եւ որ խավի մասին է խոսքը:
-Հիմա, ըստ Ձեզ, ով բանտ է նստել, նա հանցավոր մշակույթի կրո՞ղ է. օրինակ` քրեակատարողական հիմնարկում է եղել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հիմա նրանք քրեական մշակույթի կրողնե՞ր են:
-Կարծում եմ, որ Դուք շատ լավ պատկերացնում եք` ում մասին է խոսքը եւ ում մասին չէ խոսքը. հոդվածը ընդամենը մեկ անգամ ընթերցելիս պարզ է դառնում, թե խոսքը ում մասին է: Այն մարդկանց մասին չէ, ովքեր, առհասարակ, հայտնվել են քրեակատարողական համակարգում, մեր նշած մարդիկ կարող են, առհասարակ, հայտնված չլինեն քրեակատարողական համակարգում:
-Դուք կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման մի արտահայտություն էիք արել` քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբերի ձեւավորմանն է նպաստում: Հիմա ո՞նց եք հասկանալու` խումբը ձեւավորված է, թե ոչ:
-Շատ լավ, հոդվածը կրկին խորհուրդը կտամ կարդաք:
-Կարդացել եմ, չեմ հասկացել, ցանկանում եմ` Դուք բացատրեք` ոնց եք հասկանալու` այդ խումբը ձեւավորվել է, թե ոչ:
-Հիերարխիկ աստիճանակարգային հարաբերություններ են գործում, նպատակ է հետապնդում հանցագործություններ կատարել մեկ կամ մի քանի, նպատակ է հետապնդում կատարված հանցագործությունները պարտակել եւ այլն եւ այլն: Դա նշանակում է, որ շատ լուրջ ապացուցողական բազա է պահանջվում իրավապահ մարմիններից, որպեսզի հավաքվի:
-Կկարողանա՞ն, ըստ Ձեզ, մեր իրավապահները այդ ապացուցողական բազան հավաքել:
-Դրա համար էլ կառավարության նիստում խոսվեց համապատասխան ուղեցույցերի անհրաժեշտությունը, պատշաճ ընթացակարգերի անհրաժեշտությունը, վերապատրաստումը իրավապահ մարմինների աշխատակիցների:
-Անդրանիկ Սողոսյանը բոլորին հայտնի Զապ անունով «օրենքով գող» է, հիմա իր համար հանգիստ ապրում է, պետք է որեւէ բան անի, որ նոր բռնե՞ք, թե՞ որ «օրենքով գող» է, իր տեղը բանտն է, պետք է գնա բանտ:
-Ցանկացած հանցագործության համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի արարք, եւ այդ արարքը որակվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Հ.Գ. Ստացվում է, որ եթե անգամ մարդն «օրենքով գող» է, նրան նոր օրենքը չի սպառնում, եթե ընդունվի: Այ եթե որեւէ հանցանք թույլ տա, կպատժվի: Այդ դեպքում անհասկանալի է, թե «օրենքով գողերի», քրեական ենթամշակույթ կրողների մասին առանձին օրենք ընդունելու իմաստը ո՞րն է, եթե հնարավոր չի լինելու կիրառել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱԼԱԹԻԱՅԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին սեպտեմբերի 4-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34 հասցեում հնչած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել են տարածքում առկա տեսախցիկները եւ նոր մանրամասներ ի հայտ բերել: Ինչպես հայտնի է, ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 քաղաքացի, որոնց ինքնությունը պարզվել էր ավելի ուշ: Վերջիններս են եղել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Պետրոսյանը եւ էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Միսակ Ղազարյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում եւ ներսում հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ի դեպ, ըստ մամուլի լուրերի` վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները առգրավելով տարածքում առկա տեսախցիկները` բացահայտել են, որ մի տղամարդ` բաց դեմքով, կիսավարտիքով եւ կարճաթեւ շապիկով, ինքնաձիգը ձեռքին` մոտենում է Անդրանիկի 34 շենքի բակում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, որի մեջ են գտնվում երկու անձ, եւ կրակահերթ է իրականացնում մեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ, որից հետո բավականին հանգիստ կերպով կանգնեցնում է տաքսին եւ հեռանում:
Իրավապահներին հաջողվել է գտնել այն տաքսին, որի մեջ է նստել կիսավարտիքով, ավտոմատը ձեռքին տղամարդը: Տաքսու վարորդը ասել է, թե նա որտեղ է կանգ առել: Ըստ էության, տաքսու վարորդի ասածը որեւէ կերպ չի օգնել իրավապահներին բացահայտել ենթադրյալ հանցագործի ով լինելը, եւ իրավապահները երեկվա դրությամբ տեսախցիկների միջոցով ստեղծում են ավտոմատով տղամարդու ֆոտոռոբոտը, որպեսզի կարողանան բացահայտել նրա ով լինելը: Նշենք, որ կատարված դեպքի բացահայտումը իրավապահների մոտ որոշակի դժվարություններ է առաջացրել, քանի որ կրակոցների հետեւանքով վիրավորված անձինք ի վիճակի չեն ցուցմունք տալ եւ օգնել իրավապահներին բացահայտելու կատարվածի պատճառը, եւ հիմա իրավապահները ընկած փնտրում են կրակահերթ իրականացրած տղամարդուն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԴԻՄԻ` ԴԱԴԱՐԵՑՆԵՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով քրեական գործում արդեն առկա ողջ նյութերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը: «Նախաքննության մարմնի եւ դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով եւ կպատասխանենք բոլոր հարցերին: Միեւնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության եւ սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով եւ ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձանց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որեւէ նման տվյալ, այդ թվում` օպերատիվ տվյալներ, առկա չեն»,- գրել է նա: Սանասարյանը կից հրապարակել է ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները: «Արդարությունն անպայման վերականգնվելու է»,- եզրափակել է Սանասարյանը:

 

 

 

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության եւ ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, եւ Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի եւ Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջեւ: Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որեւէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան: Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն: Արա Գ.-ն կալանավորված գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի տղան է:




Լրահոս