ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՀԻՆ ԴԵՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել։ Ավելին` պաշտոնական վիճակագրության տվյալներով` տարեցտարի պակասում են նաեւ ցանքատարածությունները։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել, թե ընթացիկ տարում որքան են կազմում ցանքատարածությունները։ Պարզվեց, սակայն, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը տեղյակ չէ, թե այս տարի քանի հա ցանքատարածություն է մշակվել։ Պատճառաբանեցին, որ ամփոփվում են տվյալները։ Համաձայնեք, որ սա տարօրինակ է այն դեպքում, երբ նույն նախարարությունից մեզ փոխանցեցին ցորենի, կարտոֆիլի այս տարվա ցանքատարածությունների տվյալները։ Բնականաբար, դրանք զգալի նվազել են` նախորդ տարվա համեմատ։
Այսպես, այս տարի հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում են 121 հազար 451 հա, որից ցորենի ցանքատարածությունները` 59 հազար 902 հա: Մինչդեռ նախորդ տարի դրանք կազմել են 130 հազար 200 հա, այսինքն` 8749 հա-ով պակասել են: Իսկ, ահա, ցորենի ցանքատարածությունը մեկ տարվա ընթացքում պակասել է 6798 հա-ով: Ստացվում է, որ մոտ 7 000 հա-ով ցորեն գյուղացին այս տարի, նախորդ տարվա համեմատ, քիչ է մշակել: Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում ցորենի բերքատվությունը եւս կնվազի։
Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ վերջին տարիներին Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանից: Այսինքն` մեր սպառվող ցորենի պաշարների մեծ մասը ներկրվում են, ոչ թե արտադրվում:
Իսկ մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանը կարող է ինքնաբավ երկիր դառնալ եւ ցորենի մեր պահանջարկը բավարարել. հողատարածքների խնդիր չունենք, իսկ գյուղացիներն էլ պատրաստ են մշակել, միայն թե պետության աջակցության պարագայում։
Բացի այս, գյուղացիների համար մեծ խոչընդոտ են ցորեն ներկրողները, որոնք այն դրսից ձեռք են բերում էժան գնով։
Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Եվ ի՞նչ եք կարծում, այս ամենի արդյունքում գյուղացին հող կմշակի՞, ցորեն կցանի՞։ Իհարկե ոչ։
Նշենք նաեւ, որ Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը նոր է ավարտվել, արդյունքները դեռ ամփոփվում են։
Նույն ցավալի իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության` կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա: Բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է:
Ի դեպ, Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2013, 2014 թվականներից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Սա էլ իր հերթին դարձել է գնաճի պատճառ։ Օրինակ` «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով` չի բացառվում, որ աշնանը կարտոֆիլի գինը բարձրանա մինչեւ 500 դրամի սահմաններում։
Նախարարությունից տեղեկացրին, որ կարտոֆիլի բերքահավաքը որոշ մարզերում դեռ չի սկսվել։
Գյուղացիները կարտոֆիլ սկսել են քիչ մշակել, քանի որ ունեն իրացման խնդիր։ Ավելին, մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները եւս պակասել են. եթե անցած տարի դրանք կազմել են 21 հազար 700 հա, ապա այս տարի գյուղացիները մշակում են 20 հազար 553 հա, բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները` 4 288 հա (նախորդ տարի` 4600 հա):
Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար։ Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7.4 տոկոս։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը ուժեղացման կարիք ունի։ «Դանդաղելու խնդիրներ կան։ Մի հոգու վրա դրված է հսկայական բեռ, որը որքան էլ ակտիվ, պրոֆեսիոնալ լինի եւ ձգտի, չի կարող այդ հսկա բեռը կրել»,- նկատեց մասնագետը։
Մեր զրուցակիցը մեծ ափսոսանքով նշեց, որ ջրի եւ սերմացուի հարցերը չեն լուծվել։ Ապա հիշեցրեց՝ նշելով. «Օրինակ` նախկին տարիներին գյուղացիներին տրամադրում էին ինչ-որ քանակի վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն։ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները գնում էին գյուղեր, խորհուրդներ տալիս, փորձում էին հարցեր լուծել։ Հիմա այս տարբեր տիպի մեխանիզմները դժվար են կիրառվում։ Ես չեմ նկատել, որ, օրինակ, սերմով են օգնել կամ խորհրդատվությամբ։ Ջուր չկա, դաշտերը չորանում են։ Կրծող կենդանիների դեմ թունաքիմիկատները չկան, հին են կամ թանկ են»։ Ահա այսպես էլ փորձում են գյուղատնտեսությունը զարգացնել։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

«ՋՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ»
Ախուրյան գետի մի շարք հիդրոէլեկտրակայաններ շահագործող ընկերությունների՝ «Էրստեդ» (Ամասիայի ՓՀԷԿ), «Լայթէկո» (Փարոս ՓՀԷԿ) եւ «Անի» ԲԲԸ (Ջրաձոր ՓՀԷԿ) հարաբերությունները դարձյալ լարվել են։ Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին «Էրստեդ»-ն ու «Լայթէկո»-ն դիմել էին ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա եւ տեղեկացրել «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» փհէկ-ի կառուցման եւ շահագործման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների եւ պետությանը հասցված հնարավոր առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Այս անգամ հերթը «Անի» ԲԲԸ-ինն է, որը չի կարողացել «մարսել» վերը նշված ընկերությունների արածը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Անի» ԲԲԸ-ն դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ հայտնել, որ «Էրստեդ» եւ «Լայթէկո» ընկերությունները էլէներգիայի արտադրության լիցենզավորված գործունեությունն իրականացնում են առանց գործող ջրօգտագործման թույլտվությունների։ Իսկ «Լայթէկո»-ն, իբր, խախտել է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը. շահագործվող խողովակաշարը գտնվում է « Անի» ԲԲԸ-ի 35 ԿՎ լարման հենասյուների մոտ, հեռավարությունը չի գերազանցում 15 մետրը։ Եվ «Անի»-ն հանձնաժողովից պահանջում է պատասխանատվության ենթարկել ընկերություններին։ Սակայն այս դեպքում «Անի»-ի բախտը չի բերում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին կմերժի «Անի»-ի պահանջը։ Նկատենք, որ Ախուրյանի գետի «ջրային այս պատերազմներն» արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, եւ հայտնի չէ, թե դրանք երբ եւ ինչ հանգուցալուծում կունենան։ Բանն այն է, որ դեռեւս 2009 թվականից սկսած` այս երեք ընկերությունները Ախուրյան գետի վրա հերթականությամբ սկսեցին երեք ՀԷԿ-երի կառուցապատման աշխատանքները, ինչն էլ դարձավ նրանց տարաձայնությունների պատճառ։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԸ ՉԻ ՆՈՐՈԳՈՒՄ
Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը Դիլիջան քաղաքում կառուցվել է 1936թ.: Առանձնատունը այսօր խարխլված է, միայն շրջանաձեւ կոնստրուկցիան է կանգուն, ինչն էլ վկայում է, որ շենքն իր շքեղությամբ ու մոդեռն կոնստրուկցիայով յուրահատուկ էր ու եզակի: Դիլիջանի Մ. Գորկու փողոցի 15ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին գտնվող ամառանոցը համարվում է հանրապետական նշանակության հուշարձան: Այն` որպես մշակութային հուշարձան, ներկայացված է «10.3.130» համարով եւ պաշտոնապես պահպանվում է պետության կողմից, սակայն իրականում չի պահպանվում: Նախկինում այդ տարածքը պատկանել է գործարար Գագիկ Ծառուկյանին: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տարածքը 4-5 տարի առաջ վաճառվել է գործարար Ռուբեն Վարդանյանին: 2018թ. հայտարարվել է, որ շենքի նոր սեփականատեր Ռ. Վարդանյանը որոշել է վերակառուցել շենքը իր նախկին տեսքով, սակայն դա չի արել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս