ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է «ՀԱՅՖԻԼՄԸ» ԴԱՐՁՆԵՆ ԲՐԵՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամներն օրեր առաջ դիմել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանին՝ հետեւյալ հայտարարությամբ. «Եթե մեզ տան «Հայֆիլմ»-ի բանալիները, այն կդառնա Ձեր կառույցի ամենամեծ ձեռքբերումը»: Փոխնախարարն արձագանքել է՝ նշելով, որ ականջալուր է լինելու առաջարկներին, եւ վստահություն հայտնելով, որ հասարակական կազմակերպությունը պատկերացնում է խնդրի լրջությունն ու բարդությունը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայանի հետ: Նա նշել է, թե ինչպես են պատրաստվում «Հայֆիլմը» դարձնել բրենդ, այնտեղ ստեղծել կինոդպրոց եւ այս գործընթացներում ներգրավել աջակիցների:

-Հա՛յկ, եթե իսկապես «Հայֆիլմ»-ի բանալիները Ձեր նախաձեռնությանը տան, կոնկրետ ի՞նչ եք պատրաստվում անել կինոստուդիան ոտքի կանգնեցնելու համար: Ո՞րն է լինելու Ձեր քայլերի հաջորդականությունը:
-Նախ՝ մենք պարոն Խզմալյանին առաջարկել ենք «Հայֆիլմը» Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությունից տեղափոխել Մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Մենք պատրաստ ենք այդ հարցում իրեն աջակցել: Մենք չենք կարող կոմիտեի ֆիզիկոս նախագահի հետ քննարկել հայ կինոյին առնչվող հարցեր. դա աբսուրդ է: Կոմիտեում մի քանի ամսից ավարտվում է մասնավորեցման ծրագիրը: Բայց մենք այն կարծիքին ենք, որ «Հայֆիլմի» վաճառքը ցանկացած դեպքում աբսուրդ է: «Հայֆիլմը» պետք է դառնա պետական կառույց: Դրանից հետո էլ մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Հենց որ կառույցն անցնի Մշակույթի նախարարության ներքո, առանց մկների ժողովների (նկատի ունի հանրային քննարկումները-հեղ.) ներկայացնելու ենք մեր ծրագրերը, որոնք արդեն 90 տոկոսով պատրաստ են: Մենք ունենք աջակիցներ, կամավորներ, հովանավորներ:
-Դուք նշում եք, որ «Հայֆիլմը» պետք է դարձնեք բրենդ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:
-Դա պետք է անել՝ պահպանելով մեր կինոյի ավանդույթները: Սկզբնական շրջանում տեխնիկան կարող է որեւէ ֆիրմա տրամադրել, բայց ֆիլմը կնկարահանենք «Հայֆիլմի»՝ բոլորին ծանոթ լոգոյով: Այսինքն՝ մենք պետք է գնանք գաղափարի ետեւից: Փոքր միջոցներով պետք է կամաց-կամաց զարգացնենք ստուդիան:
-Ասացիք, որ ունեք աջակիցներ: Մի փոքր կբացե՞ք փակագծերը՝ կոնկրետ ինչով են նրանք սատարելու Ձեզ:
-Արդեն նշեցի, որ, օրինակ, մեր ընկերները, որոնք ունեն ստուդիաներ, պատրաստ են աջակցել: Եթե վստահ չլինեի, որ մեր թիկունքին ոլորտի մասնագետների բանակ է կանգնած, ընդհանրապես չէինք մտնի այս ամենի մեջ: Մենք ամբողջովին տիրապետում ենք իրավիճակին: Ծրագրի հաջորդ կետը, որ կցանկանայի առանձնացնել, կինոկրթությանն է վերաբերում: «Հայֆիլմը» կարող է դառնալ այն ինդուստրիան, որը կպատրաստի սցենարիստների, պրոդյուսերների, կասկադյորների: Կասկադյորների միության նախագահն, օրինակ, ասում է, որ պաստրաստ է աջակցել կասկադյորական դպրոցի ստեղծմանը: Մեր կոլեգաները կարող են հենարան լինել մեզ համար: Կինոկրթության մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ սպասարկման ոլորտին: Օրինակ՝ մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող է «Հայֆիլմում» ինչ-որ մեկը ձեռքերը գրպանը դրած գալ, ասել. «Ի՞նչա պետք, բռատ»: Մեզ կիրթ սպսարկում է հարկավոր: Եվ ծրագրի հաջորդ կետը, որին ուզում եմ անպայման անդրադառնալ, ստուդիայում այնպիսի կինոմիջավայրի ստեղծումն է, որը բոլոր երկրների ներկայացուցիչների համար կլինի հետաքրքիր եւ գրավիչ. թե՛ ճապոնացին, թե՛, օրինակ, ռուսը, պետք է իրենց գտնեն այդ տարածության մեջ: Սկզբնական շրջանում թեկուզ փոքր միջոցներով կարելի է շոշափելի արդյունք գրանցել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԵՆ ԱՆՈՒՄ ԼԻԴՈՒՇԻԿԻՆ»

«Որքան էլ փորձում ենք հաստատվել մեծերի աշխարհում, երեխաներն էլի իրենցով են անում Լիդուշիկին: Մի քիչ երկարում է Լիդուշիկի՝ փոքրերի աշխարհում լինելը: Ամեն դեպքում, մենք սահուն քայլերով գնում ենք դեպի մեծերի աշխարհ՝ չնեղացնելով երեխաներին, որոնք այնքան հավատարիմ են ու նվիրված իրենց սիրելի երգչուհուն: Իհարկե, մենք չենք կարող մատուցել այնպիսի մի բան, որը կվանի երեխաներին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լիդուշիկի պրոդյուսեր Գոհար Ավագյանը:

Նրա խոսքով՝ Լիդուշիկի մուտքը մեծերի աշխարհ պետք է ազդարարվեր «Իմ փոքրիկ Հայաստան» երգով: Ըստ կանխատեսումների` այն պետք է դիպեր տարիքային բարձր շեմին պատկանող հանդիսատեսի սրտին, ու, թեպետ վերջինիս եւս երգը գրավեց, այնուամենայնիվ, մանուկները ստեղծագործությունը դարձրեցին իրենցը. «Այնուհետեւ մենք հանդիսատեսի դատին հանձնեցինք «Հայաստանի նոր պատանի» երգը՝ հույս ունենալով թիրախավորել հենց պատանիներին, բայց այս դեպքում եւս մանուկները դարձան երգի անդավաճան կատարողները»,- ծիծաղելով նկատեց պրոդյուսերը:
Ի դեպ, Լիդուշիկը վերջերս է վերադարձել Փարիզում տեղի ունեցած բարեգործական համերգից, որը կազմակերպվել էր տեղի հայ համայնքի համար: Հանդիսատեսի դատին է հանձնվել ներկայացում, որի երաժշտական մասն ապահովել է Լիդուշիկը:
Առաջիկայում եւս կա համերգային ծրագիր, սակայն այս անգամ՝ Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Լիդուշիկի մենահամերգը. «Տավուշում բացվել է ստուդիա, որտեղ ձայնագրում են փոփ երաժշտություն: Դրա պրոպագանդմանը մեծապես նպաստել է Լիդուշիկը: Մենահամերգի շրջանակում երգչուհին հանդիպում կունենա ստուդիայի սաների հետ, որոնք Լիդուշիկի հետ կբարձրանան նաեւ բեմ: Տեղի կունենան վապետության դասեր, փորձի փոխանակում: Ի դեպ, որքան Լիդուշիկն է ոգեշնչել մարզի երեխաներին, նույնքան էլ մարզի երեխաները՝ իրեն: Երգչուհին հիացած է սահմանամերձ Կոթի գյուղի երեխաների հերոսական պահվածքով, անվախությամբ. նրանք հաճախ դասերն անցկացնում են կրակոցների ներքո, բայց նույնիսկ այդ պայմաններում չեն լքում հարազատ գյուղը»,- եզրափակեց պրոդյուսերը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԲԵՆԶԵՄԱՆ ՀԻՇԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ինչպես նաեւ նշել կարիերայի լավագույն պահերը.
««Օլիմպիկ Լիոնում» ես եզրափակողն էի գրոհների, սակայն «Ռեալում» ռմբարկուն Ռոնալդուն էր: Այո, նա խաղում էր եզրերում, սակայն ռմբարկու էր. ես ավելի շատ զբաղված էի տարածություն բացելով: Մի եզրում ռմբարկուն էր, մյուսում` հրթիռը, իսկ կենտրոնում ես էի:
Իմ կարիերայի ամենակարեւոր երկու դրվագնե՞րը: Առաջինը Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» դարպասն ուղարկած գնդակն էր, իսկ երկրորդը «Ատլետիկոյի» դեմ խաղում հայտնի անցումս:Կարծում եմ` նման դրվագներն են գեղեցկացնում ֆուտբոլը»,- ասել է հարձակվողը:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԿԱՖՈՒԻ ՈՐԴԻՆ
Մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուի որդին։ 30-ամյա Դանիլոն սրտի նոպա է ունեցել ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս։ Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Globo Esporte-ը տեղեկացնում է, որ Դանիլոյի մահվան մասին լուրը հաստատել է Բրազիլիայի հավաքականում Կաֆուի նախկին թիմակից Պաուլո Սերժիոն։

 

 

 

ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՉԷՐ ՑԱՆԿԱՆԱ
Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին. «Լա լիգայի համար հիանալի կլիներ նրա վերադարձը «Բարսելոնա», բայց ես երբեք չէի ցանկանա գնել նրան եւ տեսնել իմ թիմի կազմում: Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, սակայն կան հարցեր, որտեղ նա միանշանակ սխալ է: «Բարսելոնայի» նկատմամբ նրա վերաբերմունքը կարող եմ որակել երկու ձեւով` վատ կամ ավելի վատ: «Բարսելոնայի» երկրպագուների մեծամասնությունը չի ցանկանում նրա վերադարձը»,- ասել է լեգենդար մարզիչը:

 

 

 

ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ
El Pais պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կատալոնական թիմի հետ կնքած պայմանագրում ավելացրել է մի կետ, որի համաձայն` ցանկացած տարվա հունիսի 30-ին կարող է խզել պայմանագիրը:
Նշվում է, որ պայմանագրի խզման որոշումը կարող է կայացնել միայն Լեոն, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ Մեսսին այդպիսի քայլի չի գնա:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս