ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ հանդիպումներն օրենսդիրի եւ գործադիրի անդամների հետ շարունակվում են: Երեկ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում էր հավաքել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Եվ ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկման հիմնական թեման եղել է Ամուլսարի հանքի շահագործումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դա հանդիպման միակ թեման չի եղել, եւ մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի` «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հանդիպման հարցը, որը մտահոգել է պատգամավորներից մի քանիսին, սակայն Փաշինյանը հանգստացրել է նրանց՝ ասելով, որ 7 ամիս նրանք ցանկացել են հանդիպել, դրա համար հանդիպեցին։ Եվ արդեն այդ թեմայից հետո թեժ քննարկումը եղել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ: Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ամուլսարի հանքի շահագործմանը կրկին դեմ են արտահայտվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ մի քանի այլ պատգամավորներ: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը նշել է, որ ինքն էլ դեռ հստակ չի կարող ասել` հարցին ինչ լուծում է տրվելու, բայց բացատրել է, որ իրավական առումով որեւէ բան չեն կարող անել: Փաշինյանը հավելել է, թե, ըստ փաստաթղթերի, հանքի շահագործումը եթե լինի, ապա լինելու է 2020 թվականի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների` դեռ 8 ամիս հանքը չի շահագործվելու, քանի որ այնտեղ պետք է նախ շինարարական գործընթացներ սկսվեն, այնուհետեւ ստեղծվեն այն պայմանները, որոնք թույլ կտան հանքի շահագործումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահել են Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչատրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, եւ միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան եւ հայտարարություն տարածեցին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները։ Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից։ Եվ, ահա, երեկ այնտեղ էին այցելել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Նա նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: «Իրավիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Ներկայիս ՔԿՀ պետը լուրջ նոր պետ էր, որին չեմ ճանաչում, վստահ էր խոսում եւ ասեց, որ իրավիճակը վերահսկելի է եւ իրենց ձեռքերում է: Ինձ թվում է` նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ստեփանյանը:
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարեւան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, եւ նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Այս խնդիրը եւս խոչընդոտում է ներդրողին։ Պարզվում է` «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է։ «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ` ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը:
ՓԱՍՏԵՐԸ ԿԱՆ
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ առավոտյան գնացել է Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ հատուկ գաղտնի առաջին մասում ամբողջությամբ ծանոթացել է վարչապետի կողմից մատնանշված գաղտնի զեկույցին: Մարուքյանը հայտարարել է, որ իրականում նման զեկույց գոյություն ունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ուսումնասիրել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք կազմված գաղտնի զեկույցը: «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»,-նշել էր նա: Մարուքյանն էլ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հայտարարեց. «Իսկ թե ինչի՞ մասին է, ի՞նչ պետք է արվի, ըստ էության, մեր վիճակի մասին է՝ գրված դեռ 2014 թվականին, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը, եւ ինչ անելիքներ կան: Մենք այդ անելիքներն անելու ենք եւ Հայաստանը տանելու ենք առաջ, որեւէ բան մեզ ուղղակի չի կասեցնելու, մեր առաջընթացը չի կասեցնելու»: Իսկ եթե նման փաստաթուղթ կա, ինչո՞ւ էին «աղմկում» նախորդ իշխանությունները Փաշինյանի հայտարարությունից հետո: Հայաստանի հանրապետական կուսակցության պահվածքն այս պարագայում առնվազն զարմանալի է: Կարծես թե նախորդ իշխանությունները շարունակում են իրենց հերքողական քաղաքականությունը, որը ոչ մի օգուտ չի տալու անգամ իրենց: Ճիշտ կլիներ այս դեպքում լռել, որպեսզի ավելի չխորացնեին այն իրավիճակը, որը տարիներ շարունակ Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր շուրջ ստեղծել էր: Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, թե այսքանից հետո կոնկրետ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի այդ իրավիճակի մեղավորները կրեն իրենց պատիժը: Ի վերջո, միայն տեղեկանալը իրավիճակի մասին չի կարող որեւէ օգուտ տալ մի պետության, որը միառժամանակ կաթվածահար վիճակում է գտնվել: Մնում է սպասել այն քայլերին, որն այս հարցի շուրջ կձեռնարկեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը: