Քաղաքական դաշտում խուճապային իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ հանդիպում է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Հանդիպումից հետո էլ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե իրենք տեղեկություններ ունեն, որ նախկին իշխանությունները պատրաստվում են ռեւանշի, ինչի համար էլ իրենք նման հանդիպում են նախաձեռնել:
«Նաեւ հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարեւորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք եւ իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը: Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռեւանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու համար, թե ինչ պլաններ ունի ՀՀԿ-ն, որն անհանգստացրել է «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին:
-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ ռեւանշի եք պատրաստվում, որի մասին բարձրաձայնել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ի՞նչ նպատակներ ունի ՀՀԿ-ն, որից անհանգստացել են ներկայիս իշխանությունները:
-Նախ` մտահոգիչը ոչ թե նախկին իշխանությունների ակտիվացումն է, այլ մտահոգիչն ու խայտառակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է կառավարությունում մի կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց անդամները ահաբեկչական գործողություններ են իրականացրել ՀՀ-ի դեմ, որոնց գործողությունների արդյունքում երեք ոստիկան է զոհվել, մի կազմակերպության ներկացուցիչների հետ, որի գործողությունը նաեւ ԱՄՆ-ի դեսպանն է ահաբեկչություն որակավորել ու այլ միջազգային կառույցներ: Մտահոգիչը սա պետք է լինի, մնում էր` մեր գործողություններին գնահատականներ տային: ՀՀԿ-ն ընտրություններում 4-րդ տեղը զբաղեցրած ուժն է, ու Նիկոլ Փաշինյանն ուզի, կամ Ժիրայր Սէֆիլյանն ուզի կամ չուզի, մենք մեր քաղաքական գործունեությունը մեր քաղաքական իդեալների համար անելու ենք: Ու Հայկը հաղթելու է Բելին: Ու նաեւ անհասկանալի է բարձրաստիճան սպաների լռությունը այս պարագայում, նախկին ու ներկա բարձրաստիճան սպաների, այն սպաների, ովքեր որ այդ ՊՊԾ գնդի գրավվման համար պատանդ են եղել. իրենց լռությունն է մտահոգիչ: Ոչ մի գնահատական չի հնչել այդ հանդիպման մասին, որոնք, կրկնում եմ, ահաբեկչական ակտ են կատարել ՀՀ-ի դեմ: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Սէֆիլյանի ու մնացածի հերոսը թե ով է, ես չեմ կարող ասել: Իսկ ՀՀԿ-ն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել: Ու ռեւանշ, չգիտեմ ինչ, ես չեմ էլ արձագանքելու: Ես իմ կարծիքն եմ ասում, որ իսկապես անթույլատրելի է նման բան. սա պետության խայտառակությունն է, որ պետության ղեկավարը գործարքի է գնում նրանց հետ: ՀՀ անվտանգության համար սպառնալիք է ոչ թե նախկին իշխանությունը, այլ ահաբեկիչները, գրանտակերները, ԼԳԲՏ քարոզիչներն ու աղանդավորության քարոզիչները:
-Բայց Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ իրենք այլ տեղեկություններ եւս ունեն, որից մտահոգելով` իրենք շարունակելու են այդ հանդիպումներն ու այդ ինֆորմացիայի փոխանակումը: Ի՞նչ պլաններ ունի նախորդ իշխանությունը, որից կարելի է մտահոգվել:
-Ուրեմն, ես կրկնում եմ` Նիկոլ Փաշինյանի ու Սէֆիլյանի մտահոգությունները ես չեմ պատրաստվում մեկնաբանել, ինձ մտահոգում է պետության շահը: Հանրապետական կուսակցությունը գործել ու շարունակելու է գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակներում` հանուն ՀՀ-ի ու Արցախի, հանուն մեր ազգային նպատակի: Այն, որ տեռորիստական կազմակերպիչների հետ գործարքի գնալը ամենամեծ մարտահրավերն է, պետք է խոսել հենց դրա մասին, ոչ թե ՀՀԿ-ն ինչ պլաններ ունի, ինչ է անում եւ այլն: ՀՀԿ-ն բացահայտ քաղաքական կուսակցություն է, որը գործել է ու գործելու է` անկախ նրանից` Փաշինյանը դա ուզում է, թե ոչ: Հանրապետական կուսակցության գործունեությունը ամենահրապարակայինն է:
-Իսկ գուցե տեղեկություններ կան, որ առաջիկայում ՀՀԿ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկո՞ւմ…
-Կրկնում եմ, ՀՀԿ-ն միշտ գործում է, ու դա գաղտնիք չէ, մենք բաց ենք ու մեր անելիքների մասին հրապարակային ներկայացնում ենք: Դուք խոսեք, որ այս ամենը պետության վախճանը կարող է դառնալ, կառավարությունում պետության ղեկավարը հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր պետության վրա կրակել են: Ես ՊՊԾ գնդի գրավումը համարում եմ հարձակում պետության վրա. սա իրականությունն է ու վերջ:
ԱՄՈՒԼՍԱՐ, «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ», ՍԴ ՈՐՈՇՈՒՄ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երկու ժամից ավելի տեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեժ քննարկում է տեղի ունեցել փակ հանդիպմանը, որի ժամանակ բարձրաձայնվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի` «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հանդիպման մասին: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականներին մտահոգել է այդ հանդիպումը, իսկ Փաշինյանն էլ հանգստացրել է՝ ասելով, որ նրանք 7 ամիս անընդմեջ խնդրել են իր հետ հանդիպել, եւ ինքը ի վերջո համաձայնել է։ Վարչապետը թիմակիցներին բացատրել է, որ նախորդ իշխանությունները նպատակ ունեն ռեւանշ անելու, ինչի համար էլ կոնսոլիդացիա է հարկավոր։
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ֆորմատը եղել է հարց ու պատասխան ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ամուլսարի հանքի շահագործմանը կրկին դեմ են արտահայտվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ մի քանի այլ պատգամավորներ: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը նշել է, որ ինքն էլ դեռ հստակ չի կարող ասել` հարցին ինչ լուծում է տրվելու, բայց բացատրել է, որ իրավական առումով որեւէ բան չեն կարող անել:
Մեր տեղեկությունների համաձայն` նիստի մեկնարկին ՀՀ վարչապետը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է այն հարցը, թե Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ինչ վերջնական դիրքորոշում ունի իր թիմը: Փաշինյանը նշել է, որ կարող է ներկայացնել այն բոլոր տեղեկությունները, որոնք ունի հանքի շահագործման մասին, ու հորդորել է պատգամավորներին իրենց մտահոգությունները ներկայացնել ու հարցեր բարձրաձայնել:
Ն. Փաշինյանի խոսքից հետո պատգամավորները ներկայացրել են իերնց մտահոգությունները, որոնք, կարելի է ասել, կրկնություն են եղել, ինչի համար Փաշինյանն ասել է, որ դրանց մասին ինքն արդեն տեղյակ է ու ներկայացրել է իր դիրքորոշումը: Փաշինյանը հավելել է, թե, ըստ փաստաղթղերի, հանքի շահագործումը եթե լինի, ապա լինելու է 2020 թվականի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների` դեռ 8 ամիս հանքը չի շահագործվելու, քանի որ այնտեղ պետք է նախ շինարարական գործընթացներ սկսվեն, այնուհետեւ ստեղծվեն այն պայմանները, որոնք թույլ կտան հանքի շահագործումը: Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ այդ ժամանակահատվածը կօգտագործեն, որպեսզի հանրության վրդովմունքը եւս մարի, ինչից հետո արդեն կհետեւեն կազմակերպության աշխատանքին. եթե թույլ տան սխալներ, այդ ժամանակ արդեն իրենք փաստաթղթերով կարգելեն հանքի շահագործումը: Բայց բացատրել է, որ հանքը պետք է շահագործվի, քանի որ իրավաբանորեն այլ ելք չկա, թույլտվությունը վաղուց տրված է, այլապես Հայաստանը պատժամիջոցներ կկրի։
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
2020 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 403 մլն 303 հազար դրամի, 2021 թվականին՝ 410 մլն 960 հազար դրամի եւ 2022 թվականին՝ 417 մլն 41 հազար դրամի ընդհանուր ծախսեր: Տեղեկացանք, որ մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված նոր կանոնակարգեր կլինեն: Իսկ, ահա, Կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է 2020-2022 թվականներին անցում կատարել առցանց ծառայությունների համակարգին՝ հրաժարվելով թղթային փաստաթղթաշրջանառությունից: Ընդ որում, կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ նախատեսվում են ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառուցվածքային փոփոխությունների իրականացում, սակայն մանրամասներ ներկայացված չեն: Միեւնույն ժամանակ, 2020-2022 թվականներին իրականացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրման եւ կադաստրային քարտեզներում տեղ գտած անճշտությունների ուղղման աշխատանքներ: Եվ այսպես, 2020 թ. հիմնական ծրագրերն իրականացնելու համար կոմիտեին բյուջեով նախատեսվել է 5 մլն 200 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլն 700 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 6 մլն 300 հազար դրամ:
ԱՃԵԼ Է
2019 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 2.3%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով։ Հատկանշական է, որ Հայաստանից արտահանումը 2019 թվականի հուլիսին, հունիս ամսվա նկատմամբ, աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։ Արտահանման աճի տեմպը, նախորդ ամսվա համեմատ, արագացել է. մասնավորապես, եթե 2019 թվականի հունիսին, 2018-ի հունիսի նկատմամբ, արտահանումն աճել էր ընդամենը 1.2%-ով, արդեն 2019-ի հուլիսին, 2018-ի հուլիսի համեմատ, արտահանման աճը կազմել է 19.5%։ 2019-ի հունվար-հուլիսի դրությամբ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.9%, որից 27.5%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը կազմում է ամբողջ արտաքին առեւտրաշրջանառության 21.8%-ը։ Խոշոր մասնաբաժին ունի նաեւ Չինաստանը՝ 11.9%, եւ Շվեյցարիան՝ 6.4%։ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները հիմնականում աճել են` բացառությամբ Ղազախստանի եւ Ուզբեկստանի։ 9.4%-ով աճել է ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը։