ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԱՇԽԻՔ Է ՈՒԶՈՒՄ 12 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարան հիմնելու շուրջ այժմ բանակցությունների մեջ է վրացական կողմի հետ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցած տարվա վերջին, իսկ կոկորդիլոսի բուծարան հիմնելու ծրագիրը «Արմոն» ընկերությանն է, որը պետք է վարձակալության վերցներ 15 հա տարածք: Ընկերությունը նախատեսում է ներդրումների ծավալները հասցնել 12 մլն դոլարի: Ծրագրի իրագործման արդյունքում հարկավոր է 600 աշխատատեղ, իսկ կոկորդիլոսների հետ պետք է աշխատեն դրսից եկած մասնագետները: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե որ փուլում են այժմ գտնվում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները: Պարզվում է՝ գումարը կա։
«Ես ոչ մի խնդիր չունեմ, անգամ կարող եմ Ձեզ ցույց տալ բանկի կողմից հաստատված վարկի՝ 12 մլն դոլարի թուղթը։ Բայց ես խնդիր ունեմ անկախ բնապահպանների հետ։ Տեսեք, արագիլների կամ այլ խնդիրները թողած` միայն ընկել են Ամուլսարի հետեւից»,- վրդովվեց հիմնադիրը։ Ապա հայտարարեց, որ մյուս, բայց լուրջ խոչընդոտը ծրագրի իրականացման համար Շրջակա միջավայրի նախարարությունն է։ «Այդտեղ նախարարություն չկա. ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են նստած ու անընդհատ ինչ որ թղթեր են ուզում՝ խնդիրներ ստեղծելով ներդրողների համար։ Բոլոր կաբինետներում պետք է անցնես ու մուծվես։ Քաշքշուկներից ազատվելու կամ ներդրողների կյանքը թեթեւացնելու համար պետք է ներդրվեն ստանդարտներ, ու հետո թող գան, ստուգեն՝ ստանդարտի մեջ ես գործում, թե ոչ։ Ես 2 տարի կորցրեցի այդ քաշքշուկների, օրենքների ոչ կատարյալ լինելու պատճառով»,-ափսոսանքով նկատեց գործարարը։ Մեր զրուցակիցը չմոռացավ նաեւ օրինակ բերել. «Հիմա Հրազդան գետը փակ է, ջուրը չի գալիս ինձ մոտ, այլ իմ մոտ գալիս է Աերացիայից կեղտաջուր, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Ասում եմ՝ լավ, թույլատրեք` մաքրման կայաններ տեղադրեմ։ Ասում են՝ ոչ, քանի որ ծրագիր, նախագիծ նախ պետք է կազմեք, որը պետք է նաեւ հաստատվի։ Է, հետո՞… Ամեն ինչ հաստատում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- հեգնեց Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաշքշուկների պատճառով ընկերությունը պատրաստվում է ներդրումներ անել հարեւան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, եւ նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Այս խնդիրը եւս խոչընդոտում է ներդրողին։ «Հավանաբար տեղափոխենք Վրաստան։ Հիմա բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ։ Համենայնդեպս, Վրաստանը նման խնդիրներ չի առաջացնի մեզ համար։ Հետո՝ չեն լինի բնապահպաններ, որոնք դեմ կարտահայտվեն։ Իսկ այստեղ ով ասես` նեղացած ելույթ չի ունենում՝ փակենք, ջարդենք, փշրենք։ Հիմա ես ի՞նչ երաշխիք ունեմ` այդ 12 մլն դոլարը բերեմ, ու նույն բանն ինձ հետ չեն անի, ինչպես «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Բա գիտեք հե՞շտ բան է 12 մլն դոլարի տակ մտնելը։ Փողի խնդիր չկա։ Տեսեք Ամուլսարի օրինակը։ Ո՞վ կտա ինձ երաշխիք։ Ռիսկային է։ Կառավարությունը 2 ձեռքով ողջունում է իմ ծրագիրը, ինձ հեշտությամբ հող է հատկացնում։ Իմ խնդիրը հիմնականում բնապահպանների, Շրջակա միջավայրի նախարարության հետ է։ Թող պետությունը երաշխիք տա, որ բնապահպանները չեն խանգարի ինձ, ես կմտնեմ 12 մլն դոլարի տակ։ Հենց վաղն էլ կսկսեմ«,- նկատեց Խաչիկ Սարգսյանը։
Պարզվում է` «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է։ «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ` ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- լրացրեց գործարարը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՄՆ-ԻՑ ՈՒ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է 770 հազար 5 զբոսաշրջիկ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 547 հազար 479 զբոսաշրջիկի մասին է, եւ տարեցտարի նրանց թիվն ավելի է մեծանում:

Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 770 հազար 55 զբոսաշրջիկից հյուրանոցներում մնացել է ընդամենը 222 հազար 576 հոգի: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն ավելացել է ընդամենը 100-ով: Այս տարվա վեց ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 23 հազար 700 զբոսաշրջիկ: Նկատենք, որ 100-ով ավելացումը չնչին է: Բացի այս, ավելացել է նաեւ Գերմանիայից` 1300-ով. 2018-ի առաջին կիսամյակում Գերմիանիայից ժամանել է 6400, իսկ այս տարի` 7700 զբոսաշրջիկ: Մեր բարեկամ Ֆրանսիայից ՀՀ ժամանել է 6100 զբոսաշրջիկ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 1900-ով ավելի:
Բայց, մյուս կողմից, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը պակասել է Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Վրաստանից: Օրինակ` նախորդ տարվա վեց ամիսներին Հայաստան ԱՄՆ-ից այցելել է 12000, իսկ այս տարի` 5000 զբոսաշրջիկ, այսինքն` ուղիղ 7000-ով պակասել է: Միացյալ Թագավորությունից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում պակասել է 2400-ով:
Վրաստանից 2018-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է 2900, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 1700 զբոսաշրջիկ: Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարի նույնիսկ պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, այն էլ` 600-ով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի նվազել` 3 հազար 800-ով, եւ սա` այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս:
Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Բացի այդ, խոստովանենք` ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը: Նկատենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 73 հազար 864-ով: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրից մեկնել է 684 հազար 808 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 610 հազար 944-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 681 հազար 79-ը, մեկնել է ինքնուրույն, առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 3729 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

«ՍՊԱՅԿԱՅԻ» ԲՈՂԿԻ ՑԱՆՔԵՐԸ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ
«Սպայկա» ընկերությունը 35 հեկտար բողկի ցանքատարածություն ունի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում։ Բողկի այդ ցանքերը մշակելու համար Հաղթանակի դաշտում աշխատում է գրեթե 80 մարդ, Բագրատաշենի մաքսակետին հարակից գոտում գործող «Սպայկայ»-ի արտադրամասում ընկերության բողկի բերքը մշակելու համար ներգրավված է 120 աշխատող։ Հաղթանակում գտնվող ցանքերը ոռոգելու համար «Սպայկա» ընկերությունը 5000 տոննա տարողությամբ ոռոգման ջրավազան է գործարկել Հաղթանակի տարածքում։ Բողկի ցանքերը մշակող բանվորները բողոքեցին, որ բերքը ոչնչանում է, քանզի «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության աշխատողները մի քանի ամսվա աշխատավարձ չեն ստացել. նրանք պարբերաբար գործադուլի են դիմում, ոռոգման ջուր չեն մատակարարում, որի պատճառով բողկի ցանքերը չորացման վտանգի տակ են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին բողոքեցին, որ այս տարի ոռոգման ջրի պակասի պատճառով խիստ նվազ է եղել արեւածաղկի, եգիպտացորենի ցանքերի բերքը, հիմա էլ խաղողի այգիների բերքն է կորչում։ Դեբեդի հովտի 8 բնակավայրերը միավորող Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ «Տավուշ» ՋՕԸ աշխատողները, մի քանի ամսվա աշխատավարձ չստանալով, պարբերաբար գործադուլի են դիմում։
«Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենց աշխատողները մի քանի ամիսների աշխատավարձ չէին ստացել, այդ պատճառով դժգոհում էին, նրանք 2 ամսվա աշխատավարձ նախկինում ստացել են, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը առաջիկա օրերին կվճարվի։ Նա ասաց, որ այս տարվա աննախադեպ երաշտի պատճառով ցանքերը ոռոգելու խնդիր է առաջացել։ Նախկինում 40 սմ աճած եգիպտացորենի ցանքերը մշակելու համար 2 անգամ ոռոգումը բավարար էր, սակայն այս տարի դա բավարար չէ։ Նա հայտնեց, որ ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձերի ուշացման կապակցությամբ ինքը դիմել է համապատասխան մարմիններին։ ՋՕԸ տնօրենը հայտնեց, որ Դեբեդավանի ոռոգման պոմպակայանը նախատեսված է մինչեւ 90 հեկտար այգիներ եւ ցանքեր ոռոգելու համար, սակայն այժմ այդ պոմպակայանով ոռոգվում է 150 հեկտար հողատարածք, ինչի պատճառով ոռոգման ջուրը չի բավարարում։ Որսկանյանն ասաց, որ 1960-ական թվականներին կառուցված այդ պոմպակայանը սպասարկում է ոչ միայն Դեբեդավանի, այլ նաեւ հարեւան Բագրատաշեն գյուղի հողերը, վերջին տարիներին ավելացել է հող մշակողների թիվը։ Ֆերմերները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, որպեսզի վերջինիս ղեկավարած հիմնադրամը ֆինանսապես աջակցի պոմպակայանը վերանորոգելուն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս