«ԵՐԿԻՐԸ ՄԵՐՆ Է, ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ներքին քաղաքական կյանքի, Ամուլսարի հանքի շահագործման թեմայի, նախկին եւ ներկա պաշտոնյաների կերպարների շուրջ:

-Պարո՛ն Բայաթյան, թավշյա հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի է անցել: Այն ակնկալիքները, որ ունեիք, արդարացվու՞մ են: Դրական տեղաշարժեր մեր երկրում նկատու՞մ եք:
-Իհարկե, նկատում եմ փոփոխություն իշխանության, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ այլ կառույցների գործունեության մեջ: Ասել, թե ոչինչ չի փոխվել, անհեթեթություն կլինի: Բայց, իհարկե, որոշ մոտեցումներ նախկին ռեժիմից իներցիայով ժառանգել ենք: Տնտեսության զարգացումը դանդաղ է առաջ ընթանում: Նախկինում էլ էին հույս դնում մասնավոր ներդրումների վրա, հիմա էլ: Դեռ «մինուս»-ով ենք ապրում, պետք է գանք զրոյական վիճակի, հետո նոր աճ գրանցենք, եւ մեր ապրելակերպում դա դրսեւորվի:
-Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանությունը կարծես դիտավորյալ սառեցրեց: Բողոքի ալիքը մարեց, առաջվանը չէ: Դուք ի՞նչ եք կարծում, հանքը պե՞տք է շահագործել, թե՞ ոչ:
-Նախ՝ պետք է գիտակցենք, որ այս երկիրը մերն է, ոչ թե իշխանություններինը: Բայց մեր երկրի նախկին եւ ներկա ղեկավարները բոլշեւիկյան մտածողություն ունեն: Տարիներ առաջ չորացրին Սեւանա լիճը, մակարդակն իջեցրին, հիմա էլ անցել են Ամուլսարին: Նախկինում է՛լ, հիմա է՛լ կա մի զանգված, որը իշխանությանը համարում է աստված. վերջինս ինչ ասի, պետք է անի: Բայց դա այդպես չէ: Բնությունը չի կարելի փորձադաշտի վերածել: Եթե բնությունն ապականենք, այդ ժամանակ էլ պետք է մտածենք, թե որտեղից գումար հայթայթենք, որպեսզի բուժենք տարատեսակ հիվանդությունները, որոնք առաջ կգան հանքի շահագործման արդյունքում: Չարժե թունավորել բնակչությանը մի քանի միլիարդ եկամուտ ունենալու գնով: Որքանով հասկանում եմ, այդ հումքը, որ պետք է հանեն Ամուլսարից, գնալու է արտերկիր, մեր երկրում չի մնալու: Այսինքն՝ մեր հումքը տանում են: Ի դեպ, ասեմ` մեր «մարդկային հումքն» էլ են տանում: Հենց մի խելոք մարդ են տեսնում, տանում են արտերկիր: Բայց ինչու՞ զիջենք մեր կապիտալը:
-ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Ի՞նչ եք կարծում, այդպիսով հնարավոր կլինի՞ «գողականների» դեմն առնել:
-Նաեւ դրա համար մեր խորհրդարանը պետք է առաջնահերթ ընդուներ «Լյուստրացիայի մասին» օրենք, եւ բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ վտանգ են սպառնում պետականությանը, կպատժվեին: Այդպիսով դաշտը կմաքրվեր: Այդ մարդիկ կզրկվեին, օրինակ, պետական պաշտոններ զբաղեցնելու եւ մի շարք այլ հնարավորություններից: Հույս ունեի, որ մեր երեսփոխանները կունենային այդ իմաստությունը եւ համապատասխան օրենքն արագ կերպով շրջանառության մեջ կդնեին:
-Պարո՛ն Բայաթյան, նախորդ եւ ներկայիս պաշտոնյաների նիստուկացի, շարժուձեւի, խոսքի մշակույթի միջեւ ակնհայտ տարբերություններ նկատու՞մ եք: Ներկայիս իշխանավորների կերպարները հուսադրո՞ղ են:
-Հատուկենտ դեմքեր կան, որոնք խոսքի կուլտուրա ունեն, հավասարկշռված են, կրթված են, բայց ոչ կիրթ: Դրանք տարբեր բաներ են: Նախկին եւ ներկայիս պաշտոնյաների միջեւ այդ առումով շատ մեծ տարբերություն չեմ նկատում: Միակ տարբերությունն այն է, որ նրանք ուրիշ լիդերի ետեւից էին գնում, սրանք՝ ուրիշ: Ժամանակը ցույց կտա, թե ներկայիս լիդերի ետեւից գնալու դեպքում ինչ ճանապարհի վրա կհայտնվեն: Ինչպես ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Ամեն դեպքում, աշխարհում կան փայլուն ղեկավարներ, ոորնցից կարելի է սովորել, թե ինչպես կառավարել երկիրը եւ կարճ ժամանակում աղքատ պետությունից վերածվել բարեկեցիկ կյանքով ապրող պետության:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵ՞Լ Է ԱՊՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

«Ռուսաստանի Դաշնությունից մի պրոդյուսեր առաջարկում է ինձ համագործակցել, մշտական տեղափոխվել Մոսկվա, սակայն որոշել եմ մերժել գրավիչ այդ առաջարկը, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքը՝ Հայաստանից դուրս»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Իրինա Հարությունյանը: Նրա խոսքով՝ դրսում ինքը շատ ավելին կարող է վաստակել, սակայն առանց հայրենիքի այդ ամենն իմաստ չունի: Բացի այդ՝ Իրինան խուսափում է նման կտրուկ փոփոխություններից: Ասում է՝ դրանք իր համար չեն:

Երգչուհին պատրաստվում է երկու շաբաթից մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ հանդես կգա մենահամերգով: Հիմա զբաղված է կազմակերպչական հարցերով: Նրա երկրպագուներին սպասվում է մեկ նորություն եւս. շուտով կթողարկվի Իրինայի նոր երգը, որի հեղինակն արտերկրից է: Այդ առթիվ այլ մանրամասներ երգչուհին չհայտնեց: Իսկ հարցին, թե երբ է պատրաստվում մենահամերգով հանդես գալ Երեւանում, Իրինան պատասխանեց. «Ես դրան բավական լուրջ եմ պատրաստվելու, քննության պես մի բան է լինելու երեւանյան մենահամերգը: Այնպես որ, դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող»:
Մենք հետաքրքրվեցինք՝ թավշյա հեղափոխությունից հետո երկրում` իր ոլորտում, ինչ տեղաշարժեր է տեսնում Իրինան. «Ճիշտն ասած՝ զգալի փոփոխություններ առայժմ չեմ տեսնում, բայց հուսով եմ, որ դրական տեղաշարժեր շուտով կլինեն: Իհարկե, գիտակցում եմ, որ ամեն բան միանգամից չէր կարող իր տեղն ընկնել: Իրականում ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե ով կլինի իշխանության գլուխ, կարեւորն այն է, որ նա պետականամետ մեկը լինի, պետական մտածողություն ունենա: Մենք՝ հայերս, արժանի ենք լավ ապրելու: Տարբեր առիթներով լինում եմ արտերկրում, տեսնում եմ, որ մեր մտավոր ներուժը, մեր տաղանդները իրենց շնորհը ծառայեցնում են արտերկրացիներին: Որքա՜ն լավ կլիներ, որ հայրենիքում ստեղծվեին համապատասխան պայմաններ, եւ նրանք աշխատեին իրենց երկրի համար, վերադառնային Հայաստան»,- եզրափակեց երգչուհին:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐՏՎԵՑ
Երեկ` սեպտեմբերի 6-ին, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ուժերը չափեց Լեհաստանի հասակակիցների հետ: Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով:

 

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՑՈՒՑԱՆԻՇ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երեկ կարողացավ դառնալ գոլի հեղինակ Իտալիայի դեմ խաղում: Սա ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր 9 խաղում, որն էլ միջին արդյունավետությամբ հավասար է մեկ խաղում 0.55 գոլի: Այսպիսով, միջին արդյունավետությամբ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

 

 

 

ԽԶԵՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
«Երեւան»-ի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի հետ: Հիշեցնենք, որ «Երեւանը» Հայաստանի Բարձրագույն խմբի այս առաջնությունում դեռեւս միավոր չի վաստակել եւ զբաղեցնում է վերջին` 10-րդ հորիզոնականը:

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեկ` սեպտեմբերի 6-ին, մեկնարկեց Vbet Հայաստանի Գավաթը: 1/16-րդ եզրափակչում կայացան 3 հանդիպում: «Վեստ Արմենիան» կարողացավ 7:1 հաշվով առավելության հասնել «Անիի» նկատմամբ: Խոշոր հաշիվներ գրանցվեցին նաեւ մյուս երկու խաղերով: «Տորպեդոն» 3:0 հաշվով առավելության հասավ «Մասիսի» նկատմամբ, իսկ «Արագածը» 0:6 հաշվով զիջեց «Վանին»:

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ կցանկանա Իսպանիայում կրկին տեսնել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին. «Կցանկանամ, որ Լա Լիգա վերադառնան Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ժոզե Մոուրինյոն: Չեմ ցանկանում առաջնությունը տեսնել առանց Ռոնալդուի, իսկ Մոուրինյոն հիանալի մարզիչ է, եւ հույս ունեմ, որ մի օր կմարզի Իսպանիայի առաջնության թիմերից մեկը»:

 

 

 

ԲԱՑԱՌՈՒՄ Է
Իսպանիայի հավաքականի նախկին եւ կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն բացառել է վերադարձը ազգային հավաքական. «Մենք շատ դժվարությամբ կարողացանք հաղթել Ռումինիային: Խաղի ելքը մինչեւ վերջ հարցականի տակ էր: Միշտ հետեւում եմ հավաքականի խաղերին ու կարեւորություն տալիս, սակայն վերադարձս բացառում եմ: Ցանկանում եմ կարիերայիս վերջին տարիները նվիրել ակումբիս: Ես արդեն թերթել եմ Իսպանիայի հավաքականում իմ էջը: Յուրաքանչյուր տարվան վերաբերվում եմ որպես վերջինի եւ հաճույք ստանում բոլոր խաղերից»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս