Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Ավելին, Դավիթ Սանասարյանը, պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու եւ այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել: Ի վերջո, ո՞ւմ ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, եւ ի՞նչ է սպասվում դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ի դեպ, նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է` սպառնալիքից ելնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործով որեւէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, եւ ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա:
Արդեն բավական երկար ժամանակ է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»: Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի: Մասնավորապես, խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը: Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից: Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաեւ Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները:
Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Տոնոյանը փորձել է վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է, եւ մի շարք խոշոր մատակարարների ՊՆ-ից որոշ պաշտոնյաներ ասել են` գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն մրցույթում: Եվ, ահա, այս գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը եւ կանգնեցրել է գործընթացը, ու այս գործընթացի հետեւանքով, մեզ հասած լուրերի համաձայն, ՊՆ-ում մեկ պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ օրը շատ բուռն էր Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին տեղի ունեցել Արցախում, եւ քաղաքական առումով դրանք ուղղակի ազդեցություն ունեցան մեր երկրում: Ինչո՞ւ. որովհետեւ Արցախի ընտրություններից ու ժողովրդավարական ճանապարհով գնալու անշեղ ձգտումներից օրինակ վերցնելու ամենօրյա կարիք ունենք Հայաստանում: Ի դեպ, առաջին ընտրությունը չէ, որ Արցախում անցնում է մրցակցային, ազատ, անկախ ու թափանցիկ միջավայրում: Ու անգամ ձվի մեջ մազ ման եկող Դանիել Իոաննիսյանը չի կարողացել լուրջ խախտումներ արձանագրել Արցախի ՏԻՄ ընտրություններում: Սա նշանակում է, որ քաղաքական օրինակելի մշակույթ ձեւավորված է: Իսկ քաղաքական մշակույթի գոյությունը կարեւոր նախապայման է երկրի, հասարակության զարգացման գործում:
Քաղաքական մի նոր մշակույթի հիմք էլ երեկ դրեց Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ ուղիղ զրույցով: Նա խնդրեց ջերմուկցիներին բացել Ամուլսարի ճանապարհը՝ թույլ տալով հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ կատարել: Իհարկե, գուցե նրա ուղերձը շատ քաղաքացիների սրտով չէր, բայց այստեղ խնդիրը ոչ թե բովանդակությունն է, թե ինչ էր ասում, այլ ձեւը՝ ուղիղ հաղորդակցությունը՝ որպես քաղաքական մշակույթ: Համաձայնեք, կարեւոր է, օրինակելի եւ, կարելի է ասել, սպասված: Մենք սովոր էինք քաղաքական ղեկավարության որոշումների մասին տեղեկանալ կա՛մ պաշտոնական լրահոսից, կա՛մ լավագույն դեպքում լավ մոնտաժված տեսանյութերի միջոցով: Բայց ուղիղ կապով՝ երբեք:
Փոխարենը քաղաքական հին մշակույթ է գործում դեռ խորհրդարանում: Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունները իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց փաթեթով՝ թույլ չտալով անգամ դրանք ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգ: Մինչդեռ կարելի էր այս իմաստով եւս նոր մշակույթ հիմնադրել եւ հնարավորություն տալ ընդդիմադիրներին՝ քննարկումներ ծավալել: Ի վերջո, քննարկումների ժամանակ ծնվում են նոր հետաքրքիր մտքեր, եւ չի կարող քննարկման դրված որեւէ հարց համարվել անդառնալի սխալ կամ զիջում մեծամասնության դիրքերից: Բայց ԱԺ-ում դեռ այդ գիտակցումը չկա, ինչը ցավալի է, քանի որ հին բարքերի կրկնությունը ոչ մի լավ տեղ չի տանի: Նույնիսկ Սերժ Սարգսյանի փեսան է արդեն արձանագրում, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, բացի դեմքերից: Արժե՞ր նման առիթ տալ: