Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան գալու կամ չգալու հարցը: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը:
Բայց, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վ. Պուտինը հայաստանյան իշխանությունների առջեւ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկեր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թե ինչքանով են ճիշտ այս լուրերը, դժվար է ասել, քանի որ կողմերից որեւէ մեկը չի հաստատում:
Չնայած ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանը օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե այդ պահի դրությամբ Վ. Պուտինը Հայաստան գալու է, սակայն երեկ ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Վ. Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, արդեն երկար ժամանակ է` քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը, որը կարծես, դեռեւս անհասկանալի է մնում: Ի վերջո, իշխանությունները ի՞նչ տեղեկություն ունեն ՌԴ նախագահի այցի վերաբերյալ:
-Որեւէ բան չեմ կարող ասել, դա իմ իրավասությունների շրջանակներում չի, իմ կոմպետենտությունը այնքանով է, որքանով մամուլում են տեղեկությունները հրապարակվում` գալու-չգալու խոսակցություններում: Հանդիպումը լինելու է հոկտեմբերի 1-ին` ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, ու Վլադիմիր Պուտինի այցելությունը նախատեսված է հենց գագաթնաժողովի շրջանակներում, որը կերեւա առաջիկայում: Այս պահին ես հստակ որեւէ բան չեմ կարող ասել: Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին:
-Տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը իշխանությունների առջեւ պահանջ է ներկայացրել` ՀՀ գալու դեպքում պետք է առաջնահերթ այցելության գնա կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները:
-Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, ու մամուլում էլ պաշտոնական այդպիսի տեղեկատվություն չի շրջանառվել:
-Բայց Դուք` որպես իշխանության ներկայացուցիչ, ճի՞շտ եք համարում նման պահանջագրի ներկայացումը:
-Երբ որ իրադարձություն կլինի, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք, քանի դեռ իրադարձություն կամ եղելությունը չի եղել, կոռեկտ չեմ համարի անդրադառնալ մի բանի, որը տեղի չի ունեցել, պաշտոնական տեղեկություն էլ չկա:
-Եթե հանդիպումը տեղի ունենա, ապա հանրության համար մի քանի կարեւոր հարցեր կան. դրանցից առաջինը գազի գնի թանկացման հարցն է, ինչպես նաեւ 2020 թվականի հունվարի 1-ին ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումն է: Այդ հարցերը լինելո՞ւ են օրակարգում:
-Հիմնական խնդիրները տնտեսական են: Մեզ համար գաղտնիք չէ, որ լինի միասնական գազի գին, որը հնարավորություն կտա տնտեսություններին մրցակցելու, եւ իրավունքների հավասար պայմանների դեպքում կլինի առողջ մրցակցություն: Կարծում եմ` քննարկման թեմա կդառնա նաեւ ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման հարցը, միասնական մաքսային գոտի եւ այլն: Տեսակետներ մամուլում շրջանառվում են, կարծում եմ` մաքսատուրքերի հետաձգման հարցի հնարավորություն կա. դա քաղաքական որոշման հարց է: Կարծում եմ` դրա հնարավորությունը կա, այլ բան թե ԵԱՏՄ երկրները ինչ որոշում կկայացնեն, դա մեզ համար շատ կարեւոր է, կարեւոր է այն նաեւ մեր տնտեսության համար: Ես կարծում եմ, որ մեր կողմը այդ հարցը բարձրաձայնելու է: ԵԱՏՄ-ում հստակ ժամանակացույց է սահմանված, բայց եթե հնարավորություն ստեղծվի, ապա մեր կողմը կարող է խոսել այդ ամենի մասին, իսկ որոշում կայացնելը պետք է կատարեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները: Կրկնում եմ` դա կերեւա հոկտեմբերի 1-ին, երբ տեղի կունենա հանդիպումը, ու արդեն կքննարկվեն այն հարցերը, որոնք կարեւոր են այդ երկրների համար:
ԱՆԿԱԽ ԽՈՒՄԲ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ` ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՁԵՌԱՄԲ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում խժդժությունները շարունակվում են: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցությունը վերջերս բացահայել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Վերջինս եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարնական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը: Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատը եւ հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից:
Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, որը հայտարարեց, թե իրականում նման բան չի եղել: «Տեղեկությունը Ձերն է, Դուք պետք է ասեք, ես չեմ կարող Ձեր տեղեկությունը մեկնաբանել, առանձին խումբ ձեւավորելու տեղեկություն չենք ունեցել: Էդգար Առաքելյանի առաջ որեւէ պահանջ չի դրվել որեւէ մեկի կողմից: Էդգար Առաքելյանի որոշումը իր սեփական որոշումն է, Ձեր տեղեկությունը սխալ է, հավելյալ այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց եթե տեղակատվություն կա, ճիշտ կլինի` պարոն Առաքելյանից ճշտեք»,- հայտարարեց խմբակցության քարտուղարը:
Մենք զրուցեցինք նաեւ դեռեւս ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ, որը եւս հերքեց տեղեկությունը` նշելով. «Կատարյալ անհեթեթություն է: Չգիտեմ, թե որտեղից են Ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել, եւ ինչու եք որոշել դրանք հրապարակել, սակայն Ձեր հարգարժան ընթերցողների համար ասեմ, որ նման մեծ քաղաքական ամբիցիաներ ունեցող անձը ո՛չ մանդատից կհրաժարվեր, ո՛չ էլ առավել եւս ակտիվ քաղաքականության հետ իր կամուրջները կայրեր` հրաժարականի տեքստում նշելով, որ ինքը որոշակի որակների բացակայության բերումով անհամատեղելի է այդպիսի գործունեության հետ: Ձեր նշած սցենարի իսկության պարագայում ի՞նչը պիտի ինձ խանգարեր դուրս գալ խմբակցությունից եւ հանդես գալ որպես անկախ պատգամավոր: Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացել, որ նման պառակտիչ գործունեությամբ զբաղվող անձը հենց նույն ժամանակահատվածում լուսանկար հրապարակի խմբակցության քարտուղարի եւ տվյալ խնդրահարույց հարցում տրամագծորեն այլ տեսակետ ունեցող գործընկերոջ (Բաբկեն Թունյանի) հետ եւ այն վերնագրի «Կուռ եւ միասնական», հետո էլ նույն օրը հարցազրույց տա («Հրապարակ» օրաթերթ, 23-ը օգոստոսի) եւ հայտնի, որ ինքն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի խմբակցությունն այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գա»:
Իհարկե, չգիտենք՝ ինչը պետք է խանգարեր Է. Առաքելյանին վարվեր այնպես, ինչպես նկարագրում է, բայց փաստ է, որ երեկ խորհրդարանում պատգամավորները քննարկում էին հենց այն թեման, թե ինչպես ձախողվեցին Առաքելյանի պլանները:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՍԻՄԻԴՅԱՆԸ ԽԱՌՆ ԷՐ
Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, եւ հենց առաջին օրը բավական թեժ անցավ: Եվ թերեւս հենց դա էր պատճառը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը երեկ ամբողջ օրվա ընթացքում բավական խառն էր: Լրագրողների օթյակից նկատելի էր, որ քվեարկություններից առաջ Սիմիդյանը պտտվում էր դահլիճում, կանգնում դատարկ աթոռների կողքին, տպավորություն էր, թե հաշվում է պատգամավորներին, դուրս ու ներս էր անում, միջանցքում լսվում էր նրա ձայնը, որ զանգահարում էր գործընկերներին եւ նույնիսկ «մունաթով» հրավիրում դահլիճ: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչու է շփոթված, խառը Հակոբ Սիմիդյանը, նա նորմալ համարեց ամեն ինչ: «Ես խմբակցության քարտուղարի պաշտոնի բերումով հանդիպումներ եմ ունենում խմբակցության պատգամավորների հետ, ու դա նորմալ ընթացակարգ է, գործառույթ, որը ես իրականացնում եմ»,- վստահեցրեց նա:
ԿՓՈԽԱՆՑՎԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունները կփոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Համանման նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` հանրային քննարկման: Որպես հիմնավորում նշվում է, որ այս փոխանցումը կնպաստի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: Նախագիծը հանրային քննարկման կմնա 10 օր, իսկ լիազորությունների մեջ էլ նշված են սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովում, տարրական, միջին եւ ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի եւ առաջադրանքների մշակում եւ այլն: