Ամուլսարի հանքի շահագործման թեման օր-օրի ավելի է թեժանում: Եվ, ահա, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու իրավական հիմքեր առկա չեն, եւ ջերմուկցիներին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթն իր սեպտեմբերի 7-ի համարում գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ խոսվել է Ամուլսարի հանքի շահագործման ժամկետների եւ այն չշահագործելու անհնարինության մասին: Եվ, ահա, երեկ վարչապետն իր ուղիղ եթերի ժամանակ եւս նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թ.-ի 4-րդ եռամսյակն է կամ 2021 թ.-ի սկիզբը:
Ամուլսարի հանքի շահագործումը. ովքե՞ր են կանգնած այս ամենի հետեւում, եւ ի՞նչ արեցին նոր իշխանությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակագրական առումով այսօր կփորձի հետհայացք գցել այս տարիներին տեղի ունեցածի վրա:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Գեոթիմ» ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն: Համաձայն 2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները եւ 2016 թվականի ապրիլի 29-ին տվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հանդիսանում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի դուստր ընկերությունը, որի բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաեւ բարեգործական համարվող մի շարք հայկական կազմակերպություններ:
Նախկին նախարարն ու բարեկամը
«Գեոթիմ» ՓԲԸ-ն (այժմ` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) 2009-2016թթ. ժամանակահատվածում մի քանի անգամ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու փորձաքննությունն իրականացնելու նպատակով` ներկայացնելով էականորեն տարբերվող եւ իրարամերժ փաստաթղթեր: Ընդ որում, վերջին անգամ «Լիդիան Արմենիա» ընկերությանը դրական եզրակացություն է տրվել 2016 թվականի ապրիլի 29-ին, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Դեռ այդ ժամանակ էին ասում, որ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություններում ապահովված չի եղել դրանց ամբողջականությունը, հավաստիությունը եւ գիտական հիմնավորվածությունը: Եվ, ահա, Արամայիս Գրիգորյանի կողմից դրական եզրակացություն տալուց տարիներ անց պարզ դարձավ, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը Գրիգորյանի բարեկամն է, ով այլեւս չի հանդիսանում այդ խմբի ղեկավարը, եւ հենց ազգակցական կապի պատճառով նրա անաչառությունը կասկածի տակ էր դրվում:
Նոր պայքարն ու հեղափոխությունը
Եվ չնայած դրական եզրակացությանը` բնապահպանների եւ ջերմուկցիների մեծ խումբ մշտապես պայքարում էր հանքի շահագործման դեմ: Եվ, ահա, 2018 թվականին, երբ հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն ավարտին էր հասցնում հանքավայրի շինարարական աշխատանքները, հանքի բացման դեմ հանդես եկող շարժումը սկսեց առավել ակտիվացնել իր պայքարը:
Հարակից համայնքների բնակիչները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկարողանա հանքավայրի շահագործումը սկսելու համար շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել: Խնդրի լուծման համար իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել` հանդիպել են ցուցարարների հետ, վարչապետի մակարդակով կոչ է արվել բացել հանք տանող ճանապարհները, մի շարք պաշտոնյաներ մեկնել են դեպքի վայր խնդիրը հասկանալու համար, կազմակերպվել են եռակողմ հանդիպումներ:
Նոր իշխանություններն ու Ամուլսարը
Եվ, ահա, բյուջեից 300 հազար դոլար էր հատկացվել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ունեցող ԷԼԼԱՐԴ ընկերությունը փորձաքննություն իրականացնի եւ տա գլխավոր հարցի պատասխանը` արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում, կառավարելի են, թե կառավարելի չեն, ընդունելի են, թե ընդունելի չեն: Եվ, ահա, ընկերության փորձաքննությունը բավական ծավալուն էր, տարբեր կարծիքներ էր պարունակում, սակայն հենց իշխանության ներսում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար փորձաքննության արդյունքները վստահելի չեն համարվել:
Դրանից հետո նոր զարգացումներ տեղի ունեցան, եւ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով պարբերաբար քննարկումներ էր ունենում եւ, ահա, երեկ հանդես եկավ վերջնական հայտարարությամբ.
«Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում: Եվս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրում եմ, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Լիդիանը հիմա ասում է, որ երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը: Սա նշանակում է` ոչ մի լիտր ջուր չի աղտոտվելու, օդը չի աղտոտվելու, կենսաբազմազանության խնդիր չի առաջանալու»,- ասաց վարչապետը:
Եվ, ահա, ըստ էության, այս հայտարարությամբ հիմք դրվեց շարունակել դադարեցված շինարարությունը, իսկ վարչապետն էլ եւս մեկ անգամ փաստեց, որ հակառակ պարագայում կարող է Հայաստանի վարկանիշի անկում լինել:
Եվ չնայած երեկ վարչապետը կոչ է արել ապաշրջափակել տարածքը, սակայն վստահաբար այս գործընթացը այդքան հեշտ չի ավարտվի, եւ առաջիկայում կարող են նոր զարգացումներ լինել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑԻՆ
Օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով մահացել էր թաղային հեղինակություն Համբարձում Առաքելյանը, որն առավել հայտնի է Համիկ անունով: Հնչած կրակոցների հետեւանքով ռեստորանի տնօրենին` Գեւորգ Հովհաննիսյանին, մեղադրանք էր առաջադրվել, եւ եւս մեկ անձի նկատմամբ` Մանվել անունով, հայտարարվել է հետախուզում: Ի վերջո, այդպես էլ անհայտ մնաց, թե ինչի համար էին «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ մի խումբ անձինք քաշքշում թաղային հեղինակություն Համիկին, ինչու էին մի խումբ տղաներ միմյանց հետ բանավիճում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցները կապված են եղել գումարի պարտք ու պահանջի հետ, կողմերը միմյանց հետ փողի հարց են ունեցել, եւ պատմությունն ավարտվել է սպանությամբ:
ԸՆԴԴԵՄ «ԿՈՇ» ՔԿՀ ՊԵՏԻ
Դատական հայց` «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատապարտյալ Ռոմիկ Մաթեւոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի ՔԿՀ պետ Լեւոն Բաղդասարյանի 2019 թվականի հուլիսի 2-ի` պատիժը կրելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխման համար միջնորդագիր ներկայացնելու դիմումը մերժելու մասին որոշումը վերանայի եւ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին դատական ակտ կայացնի: ՔԿՀ պետի դեմ ներկայացված հայցը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, որը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը:
ՔԵՖԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ
Արդեն երկու օր է, ինչ հասարակական, քաղաքական շրջանակներում քննարկվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանեկան արարողությունը: Մարդիկ քննարկեցին նորապսակների արտաքինից սկսած բոլոր հարցերը, մինչեւ անգամ շարժուձեւն ու վարքագիծը, սրահի շքեղությունն ու հյուրերի քանակը: Հետաքրքիրն այն է, որ երեկ դեռ տոնական տրամադրություններ էին իշխում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այնտեղ առատ սեղաններ էին դրված, եւ ովքեր որ չէին մասնակցել խնջույքին, հասցնում էին հյուրասիրվել ու շնորհավորել նորապսակներին:
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՀ-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին որոշում է ստորագրել:
ՀԱՐՑ ՉԿԱ
Քանի դեռ Արման Բաբաջանյանը հստակ չի հայտարարել` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է դուրս գալիս, թե մանդատն է վայր դնում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություններ եւ մեկնաբանություններ չի անի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության մասին, որտեղ վերջինս նշել էր խմբակցությունից դուրս գալու մասին: «Արման Բաբաջանյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն այս խորհրդարանում»,-ասել է Է. Մարուքյանը: Նրա պնդմամբ` իրենց բարձրացրած խնդիրն ընդհանրական է: Նրա համոզմամբ` եթե այս համակարգը շարունակի մնալ, Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա: Պատգամավորը հավաստիացրել է, որ այլ պատգամավորներ խմբակցությունից դուրս չեն գալու, եւ խմբակցության պառակտման հարց չկա:
ՏԵՍԱԿԵՏԸ ՉԻ ԿԻՍՈՒՄ
«Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունում կա բազմակարծություն, ես դա չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից»,- այս մասին նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում սկզբունքային տարբեր հարցերում տեսակետները կիսվել են: «Ընդհակառակը, դա մեր քաղաքական ուժի ամենակարեւոր կողմն է: Մենք դրանցից հրաժարվել չենք պատրաստվում: Լինում են դեպքեր, երբ որոշ որոշումներ հապաղում են, որոշ գործընթացներ դանդաղում են հենց այդ պատճառով, որովհետեւ տեսակետների բախումը պետք է հանգեցնի ինչ-որ լուծման` կա՛մ կոնսենսուսի, կա՛մ մեծամասնության որոշման սկզբունքով: Բայց դրանից ենթադրել, որ կարող է լինել պառակտում կամ ֆրակցիոնիզմ, ես այդ տեսակետը չեմ կիսում»,-ասել է նա: