ՄԵՐ «ԽԵՆԹ» ՏՂԱՆԵՐԸ ԳԼԽԻԿՈՐ ԹՈՂԵՑԻՆ ԲՈՍՆԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը` Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, կարողացավ շոկի ենթարկել Էդին Ջեկոյի ու Միրալեմ Պյանիչի` Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին: Խաղից հետո լուսատախտակին վառվում էր 4:2 հաշիվը, իսկ J խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանը վերադարձավ 3-րդ տեղ. այդքան բաղձալի 2-րդ հորիզոնականը «սարերի հետեւում չէ»: Ընդամենը 3 միավոր եւ մենք կհավասարվենք համակրելի ֆուտբոլ ցուցադրող Ֆինլանդիային: Հիմա վերադառնանք Հանրապետական եւ փոքր-ինչ խոսենք ֆանտաստիկ, պատմական եւ էմոցիոնալ հաղթանակի մասին:

«Եկա, տեսա, հաղթեցի»,- ասաց եւ կատարեց վիրտուոզ Մխիթարյանը բոլորիս աչքի առջեւ: Այսպիսի խաղ մեր ավագի կողմից հավաքականում վերջին շրջանում դժվար է հիշել, սեպտեմբերի 8-ին Հենրիխը իր բարձրության վրա էր: Կարծում ենք` բոսնիացիների եւ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը Ունայ Էմերիի հետ լուրջ խոսակցություն կունենա` կապված Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու հետ: Նախորդ նյութերից մեկում մենք նշել էինք, որ խաղադաշտում շատ են անարդար որոշումները, սակայն ֆուտբոլն այն սպորտաձեւն է, որը այդ անարդարությունների համար վարձահատույց է լինում այլ խաղերում: Այդպես էլ եղավ:
Հայաստանի հավաքականը իր խաղով ուղղակի վաստակել էր այս հաղթանակը: Իտալիայի դեմ խաղից հետո վերականգնվել եւ խաղալ այսպիսի ֆուտբոլ կարող են շատ քչերը: Մեր տղաները միանշանակ փայլեցին խաղադաշտում, բայց այս հաղթանակը կարելի է կոչել Արմեն Գյուլբուդաղյանցի անունով: Այն մարզիչը, որը ուղղակի «փոս փորեց» Ռոբերտ Պրոսինեչկիի համար, այն մարզիչը ով կարողացավ մարզչական իր մտահղացումներով փշրել բոսնիացիների հաղթելու հնարավորությունները: Հավատացե՛ք, Պյանիչին խաղից դուրս թողնել չեն կարողանում նույնիսկ Իտալիայի Ա Սերիայում, իսկ Գյուլբուդաղյանցի թեթեւ ձեռքով Միրալեմի ներկայությունը Հանրապետականում կարելի էր զգալ միայն այն ժամանակ, երբ Բոսնիան անկյունային հարված էր իրացնում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ նյութերից մեկում նշել էր, որ Գյուլբուդաղյանցը այն մարզիչն է, ով կարող է Հայաստանի հավաքականին ուղղորդել դեպի բարձունք. մենք մնում ենք մեր կարծիքին, իսկ փաստերը շարունակում են խոսել:
Հանդիպման վերջում, երբ Հայաստանի հավաքականը խփեց նաեւ 4-րդ գոլը, Արմեն Գյուլբուդաղյանցի շուրթերից կարելի էր կարդալ` «մեռնեմ ձեզ»:
Այսպիսի նվիրվածությամբ աշխատելու, ջանք ու եռանդ չխնայելու եւ անսպառ քննադատությունների, ճնշման տակ աշխատելու պատասխանը ստացավ Գյուլբուդաղյանցը:
Այս խաղում փայլեց Մխիթարյանը, սակայն հաղթանակը կերտեց հենց Արմեն Գյուլբուդաղյանցը: Հայաստանի հավաքականին ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում բաղձալի երկրորդ հորիզոնականից: Այսքան մոտ ԵՎՐՈ-ին մենք վերջին անգամ եղել ենք 2012 թվականին. այն ժամանակ խանգարեց Իտուրալդե Գոնսալեսը, իսկ հիմա ամեն ինչ դեռեւս կարգին է: Առջեւում հոկտեմբեր ամսին պետք է մրցենք Լիխտեյնշտեյնի դեմ դրսում: Այստեղ պարտավոր ենք հաղթել, ուրիշ ոչ մի արդյունք Լիխտեյնշտեյնի նման հավաքականի դեմ հասկանալ չի լինի: Իսկ, ահա, դրանից հետո Ֆինլանդիայում կմրցենք ֆինների հետ. սա արդեն եզրափակչի հանդիպում կլինի միանշանակ: Կա՛մ հաղթում ես, կա՛մ մոռանում Եվրոպայի 2020 թվականի առաջնության մասին. այս խաղին կարելի է այսպիսի ենթավերնագիր տալ:
Վերջին խաղերին Հայաստանի հավաքականը իսկական թափ է հավաքել. հուսանք, որ սա մեր պիկը չէ, եւ մենք կարող ենք նաեւ «մեր գլխից բարձր ցատկել»:
Ի դեպ, իրենց ակումբներում Մխիթարյանի մասին խոսելու առիթներ կունենան նաեւ Ջեկոն եւ Պյանիչը. առաջինը կհայտնի իր հիացմունքը «Ռոմայում», իսկ երկրորդը «Յուվենտուսում» Սարիի հետ միասին կքննարկի Հենոյին կանգնեցնելու տարբերակները:
Այս խաղից հետո անհամբեր կարելի է սպասել Մխիթարյանի ելույթներին Ա Սերիայում:
Հայաստանը արդեն զգում է ԵՎՐՈ-2020-ի շունչը. մեր «խենթ» տղաները շարունակում են ապշեցնել Եվրոպան:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս