Գործող իշխանությունն անտեսել ու զրոյացրել է մեր և այլ ուժերի բոլոր առաջարկությունները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
«Ժամանակն է, որպեսզի իրեն սպիտակ երևակայող իշխանությունն ունենա այլընտրանք։ Եվ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը»։ «Սասնա ծռեր»-ը ձևավորում են ընդդիմադիր բևեռ, և կարծում են՝ երկրում արտահերթ ընտրություններ են լինելու»,- նշել է նա։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, ով ասաց, որ նման հայտարարություն սպասելի էր «Սասնա ծռերից»:
«Եթե հաշվի առնենք սոցիալական ցանցերում իրենց համակիրների գրառումները, ես չէի ասի, թե մենք երբևիցե համագործակցել ենք: Ծայրահեղական ինչ-որ հայտարարություններ, ակնհայտ վիրավորանքներ են հնչում, եթե դա է համգործակցությունը, ապա՝ ցավում եմ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պետք է արձանագրել մի փաստ, որ «Սասնա ծռերի» համակիրների վերջին գործողությունները չեն վկայում համագործակցության որևէ եզրույթի մասին:
«Կան միայն վիրավորանքներ և ծայրահեղական հայտարարություններ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան