Ինչու է Արսեն Թորոսյանի խորհրդականը ազատման դիմում գրել. Առողջապահության նախարարությունում կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Գոհար Փանաջյանն սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է: Այս կապակցությամբ ArmLur.am-ը խոսել է Գոհար Փանաջյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն է եղել աշխատանքից ազատման իրական դրդապատճառը:

«Իմ որոշումն է եղել՝ ընդհանրապես առողջապահության համակարգից դուրս գալ, որը պայմանավորված է շատ լուրջ պատճառներով»,-ասաց նա:

Հարցին՝ աշխատանքից ազատվելը եղել  է անձնակա՞ն պատճառով, թե աշխատանքային, Գոհար Փանաջյանը պատասխանեց.

«Ընդհանուր աշխատանքային հարաբերությունների կազմակերպման, վերաբերմունքի և այլ հարցերի հետ է կապված: Ես նախարարի հետ բազմիցս փորձել եմ զրուցել, բայց վերջին հինգ ամսում բացարձակ կոնտակտ չկար իր հետ, և ինձ համար բոլորովին անհասկանալի էր այդ իրավիճակը, նույնիսկ մասնագիտորեն վիրավորական, որովհետև իմ ներուժն ու ժամանակը ես շատ եմ գնահատում: Ես կայացրի շատ լուրջ վճիռ ընդհանրապես նախարարության համակարգից դուրս գալու, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում կրկին իմ ներուժը կօգտագործեմ ի նպաստ իմ երկրի»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ արդեն նախկին խորհրդական Գոհար Փանաջյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան` ընդդեմ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի։ Նա պահանջում էր իրեն վերականգնել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում եւ միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձել։ Այս գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 5-ին։

Ի դեպ, Գոհար Փանաջյանը նախկինում երկար պայքար տարավ ղեկավար դառնալու համար, անգամ մասնակցեց տեսչական մարմնի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին, սակայն չհաղթեց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս