ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման հետ:
«Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշումը շահարկումների առիթ է դարձել:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր ընտանիքից ստանալով դրա վերաբերյալ համաձայնությունը:
Ստացված տեղեկատվությունը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի կողմից ներկայացվելու է տարածքային մարմիններին, որոնց կողմից յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստացված տեղեկությունների բազմակողմանի քննության և հանգամանքների վերհանման արդյունքում միայն կորոշվի տվյալ ընտանիքի՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ գործող օրենդրությամբ՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներից 5-ն ունեն կողմնորոշիչ բնույթ: Հաշվի առնելով հանրապետությունում տարիներ ի վեր գոյություն ունեցող ստվերային զբաղվածությունը և արտերկրից ստացվող հնարավոր դրամական օգնությունները, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք խոսում են տվյալ ընտանիքի հնարավոր ստվերային եկամուտների մասին: Դրանք այն ցուցանիշներն են, որոնց առկայության պարագայում սահմանվում է ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրության պարտադիր պահանջ: Դրանք են՝
անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.
ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարների կատարումը.
ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը:
Այդ ցուցանիշները նկարագրող գործակիցներն ունեն երկու արժեք՝ ՄԵԿ ԿԱՄ ԶՐՈ:
Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությամբ նման ընտանիքների համար կիրառվում է գործակցի երկու արժեքներից որևէ մեկը:
ՄԵԿ, եթե ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է և ընտանիքը պետք է շարունակի ստանալ համակարգով նախատեսված հնարավոր աջակցությունները, այդ թվում նպաստը:
ԶՐՈ գործակիցը կիրառելու պարագայում ընտանիքը չի կարող այլևս ստանալ որևէ աջակցությունը, որը տրամադրվում է այդ համակարգով: Սակայն այս որոշումը կարող է վերանայվել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված:
«Ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներին ավելացված չափոփոշիչը՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը, դասվում է վերը նկարագարված կողմնորոշիչ չափոփոշիչներին, որի առկայության պարագայում միայն կարելի է վարկառու ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական տալ:
Ընդ որում հարկ է նշել, որ այս որոշումները կայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ, որի 11 անդամներից 6-ը ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ են»: