«2020 թվականին պետք է դասեր քաղել 2019 թվականի սխալներից». Արման Բաբաջանյանն ամփոփել է տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է անցնող տարին.

«Անցնող 2019 թվականը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում եղել է ընդհանուր առմամբ կայուն, սակայն որոշակի վայրիվերումներով ուղեկցված տարի: 2019 թվականը հետհեղափոխական իրականության առաջին տարին էր, որի ընթացքում ամբողջացած գործեցին նոր իշխանության գործադիր ու օրենսդիր թեւերը. գործող խորհրդարանն ընտրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, եւ նրա լիազորություններն ուժի մեջ մտան միայն այս տարեսկզբին: Այդպիսով, հեղափոխական իշխանությունն ըստ էության ամբողջացավ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերում, եւ երկիրը 2018 թվականի հեղափոխական շրջանից հետո թեւակոխեց ավելի հանդարտ փուլ:

Հեղափոխությանը փոխարինելու եկավ քաղաքականությունը, որն օբյեկտիվորեն իր վրա կրում էր ու դեռ շարունակում է կրել հեղափոխության հետքը: Հեղափոխությունը, սակայն, անցնող տարվա ընթացքում էլ ըստ էության մնաց կիսատ կամ թերի, քանի որ իշխանության գործադիր ու օրենսդիր թեւերի լեգիտիմացման պայմաններում իշխանության մյուս թեւը՝ դատական իշխանությունը, շարունակեց մնալ նախկին՝ ոչ լեգիտիմ ռեժիմում: Խոսքը վերաբերում է ինչպես Սահմանադրական դատարանին, այնպես էլ դատական իշխանությանն ընդհանուր առմամբ: Եվ դա հեղափոխական իշխանության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի ամենամեծ ձախողումն ու բացթողումն է: Նոր իշխանությունը չկարողացավ գտնել իրավական ու քաղաքական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտային դատական իշխանությունը եւս վերադարձնել ժողովրդին: Արդյունքում մենք այսօր էլ ունենք Սահմանադրական դատարան եւ դատարաններ, որոնք ղեկավարում են նախկին հանցավոր ռեժիմի նշանակած դատավորները:

Երկրում առկա է սահմանադրական եւ դատաիրավական լրջագույն ճգնաժամ, որն ամբողջ տարվա ընթացքում անդրադարձել է ներքաղաքական գրեթե բոլոր զարգացումների վրա, այդ թվում՝ նախաքննության կամ դատաքննության ընթացքում գտնվող բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերի տեսանկյունից: Նաեւ այդ իրողությունների պատճառով ամբողջ տարվա ընթացքում ներքաղաքական օրակարգը հագեցած էր սահմանադրական եւ դատաիրավական ճգնաժամերին վերաբերող հարցերով: Ճգնաժամեր, որոնք շարունակում են մնալ չհանգուցալուծված: Անցնող տարվա ներքաղաքական կյանքի մյուս ամենակարեւոր առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական դիսկուրսը շարունակեց պարփակված մնալ գործող ու նախկին իշխանությունների միջեւ հակադրության օրակարգերում՝ երկրորդական պլան մղելով ապագայի մասին քննարկումներն ու բանավեճերը:

Քաղաքական դաշտի բեւեռացումը անցնող տարվա ընթացքում հասավ ծայրահեղ, անթույլատրելի մակարդակի, ինչը մի կողմից՝ պայմանավորված էր նախկին իշխանությունների ու նրանց սպասարկող միավորների տեղեկատվական, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, մյուս կողմից՝ գործող իշխանության՝ այդ հակադրության մեջ մտնելու գայթակղությամբ:

Արդյունքում քաղաքական դիսկուրսը այդպես էլ դուրս չեկավ այսօրվա եւ երեկվա միջեւ անպտուղ բանավեճից, ինչը որեւէ կերպ չնպաստեց ապագայի օրակարգերին, ապագայի ծրագրերին ու անելիքներին: Այդ պայմաններում իշխանությանը հակակշռող բեւեռի դեր ստանձնեցին նախկին իշխանությունը ներկայացնող ուժերն ու նրանց հարող նորահայտ միավորները, որոնք, չունենալով իրական հանրային վստահություն, տեղեկատվական տիրույթում հավակնում են հանդես գալ իշխանությանն այլընտրանքի դերում:

Արդյունքում իշխանությունը չունի իրական, ժողովրդի վստահությունը վայելող այլընտրանք ու հակակշիռ, խորհրդարանական ընդդիմությունը տապալել է այդ առաքելությունը, ինչի արդյունքում քաղաքական դաշտում ստեղծվել է վակուում, որը լցվելու է կա՛մ նոր՝ ապագային միտված օրակարգեր սպասարկող ուժերով, կա՛մ նախկինների շահերը սպասարկողներով, որոնք գուցե հանդես գան նոր դեմքերով:

Իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերի թերացումը կամ փաստացի անգործությունը կարելի է համարել անցնող տարվա ներքաղաքական կյանքի ամենաբացասական իրողությունը, որն անխուսափելիորեն ազդելու է նաեւ առաջիկա զարգացումների վրա: 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ Հայաստանը ստացել է ավելի ժողովրդավարական, ավելի կայուն ու ավելի զարգացած պետություն դառնալու պատմական հնարավորություն: Դրա իրագործման համար, սակայն, անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք, առաջին հերթին՝ քաղաքական համակարգում:

Առանց մրցունակ քաղաքական համակարգի, առանց քաղաքական առողջ ու ապագային միտված բանավեճի հեղափոխությունը չի կարող հաջողության հասնել:

Հեղափոխության հաջողության հիմնական գրավականը արմատական բարեփոխումներն են բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: Իսկ բարեփոխումների որակը կախված է առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական մտքի, քաղաքական բանավեճի որակից: Այդ առումով հետհեղափոխական առաջին տարին՝ 2019 թվականը, ցավոք, չդարձավ շոշափելի ձեռքբերումների ու որակական փոփոխությունների տարի: Մենք դեռեւս չենք կարողանում ձերբազատվել անցյալի ճիրաններից, ինչը խոչընդոտում է ապագային միտված մեր ջանքերին ու ձեռնարկներին:

2020 թվականին պետք է դասեր քաղել 2019 թվականի սխալներից եւ անել ամեն ինչ քաղաքական համակարգի առողջացման ու կայացման համար»:




Լրահոս