Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ տալիս:
Իտալիա
Հռոմի շատ տեսարժան վայրերից բացի, ինչպիսիք են Տրևի շատրվանը, Կոլիեզեումը, Նոր տարին կարելի է դիմավորել Հավերժ քաղաքի փողոցներում կահույքի և հագուստի կույտի տակ։ Այդքան անսովոր երևույթը բացատրվում է տարեվերջին հին, անպետք իրերից ազատվելու իտալացիների ավանդույթով։ Համարվում է, որ հին կահույքի փոխարեն կլինի նորը, որն ավելի լավը կլինի։
Իսպանիա
Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ` յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։ Իսպանիայի նախկին գաղութներից մեկում` Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց գալիս է ժամը 00։00-ն, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։ Կենսուրախ կուբացիներն այդպիսով մաքրում են հին քաղաքը և դիմավորում նորին` արդեն բյուրեղյա մաքրությամբ։ Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում ամենահայտնի ավանդույթը կապված է օմելայի ճյուղերի հետ։ Այդ սովորույթը եկել է Հին Հռոմից, որտեղ համարվել է, որ տանը օմելա պահելն ավելացնում է բեղմնավորվելու հնարավորությունը։ Օմելայի ճյուղի տակ կանգնած մարդիկ Նոր տարվա նախաշեմին պետք է անպայման համբուրվեն, եթե նույնիսկ ծանոթ չեն միմյանց հետ։
Մեծ Բրիտանիայում ընդունված է տոների կապակցությամբ բացիկներ նվիրել։ Հենց Անգլիայում են առաջին անգամ մտերիմներին ու ընկերներին բացիկներ ուղարկել Նոր տարվա առթիվ։
Իռլանդիայում տնային տնտեսուհիները պատրաստում են խաշխաշով քաղցր կարկանդակ ընտանիքի բոլոր անդամների համար Սուրբ ծնունդի, Ամանորի և Կնունքի ժամանակ։
Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆերսֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։
Ի տարբերություն Շոտլանդիայի, Հունաստանում տնային տնտեսուհիները «կաշառում» են առաջին հյուրին` նրան փող կամ արժեքավոր իր նվիրելով, որպեսզի նա տանտերերին երջանկություն և ուրախություն մաղթի։ Նման ավանդույթ ունեն նաև մեր հարևան վրացիները։
Գերմանիա
Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։ Ամենամեծ պարային հարթակը բացվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ Ամանորից մի քանի ժամ առաջ, և կազմակերպիչները սկսում են լուսային ներկայացումը, որն ուղեկցվում է հրավառությամբ։
Ճապոնիա
Ծագող արևի երկրի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։
Նման զարդերից է «կոդոմատցուն» (բառացի` սոճի դարպասների մոտ)։ Ձևավորման նկատմամբ հատուկ վերաբերմունքը սկսվում է սոճու ընտրությունից և այն կտրելու օրից, որն անպայման պետք է բարենպաստ լինի` լուսնային օրացույցի համաձայն։
Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ NHK ճապոնական լրատվական գործակալությունը ձևավորել է դեկտեմբերի 31-ին այդ ստեղծագործությունը սիմֆոնիկ նավագախմբի կողմից կատարելու ավանդույթը։
Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:
Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:
Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տոն է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում: Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը:
Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ: