Մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբեւէ. Արտակ Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ամանորյա ուղերձը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր եւ մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու եւ ռազմապաշարը համալրելու ուղղությամբ: Զինված ուժերը համալրվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար եւ ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից:

Անցնող տարվա զինվորական կարեւորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, որ աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ եւ պահեստազորայինների ներգրավմամբ:

Համալրված զինապարտները կրկին ապացուցեցին, որ ցանկացած պահի կարող են իրենց ակտիվ եւ համակարգված մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Գնահատելի է նաեւ երկրապահ կամավորականների ակտիվ մասնակցությունը զորավարժություններին:

2019 թվականի նշանակալից նորարարություններից մեկը Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունն էր, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը: Աշխատանքներ են կատարվել նաեւ մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու եւ նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները: Եվ այս ամենի արդյունքում 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով:

Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանտարության եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ՝ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբեւէ, եւ պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եւ խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ`հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում եւ պարտադրում են այդ խաղաղությունը, եւ փայլուն են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն եւ արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի:

Շնորհակալություն եմ հայտնում այս տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Շնորհավո՜ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:




Լրահոս