ՀՀ տարածքում, հունվարի 3-ի ժամը 22:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Լանջիկ-Մաստարա, Թալին-Նեքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Երևանում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ և Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյանի և Մարալիկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Արարատի մարզի Մասիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Երևան-Սևան, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։