2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:
Սոցցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:
Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:
Կրկին հորդորում եմ ներդրողներին մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին»,- գրել է նախարարը: