ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվի Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը: Պարզվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։
Ցանկում ներառված են հետեւյալ ապրանքատեսակները՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով, ասեղնատերև, սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:
Ի դեպ, նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետների կողմից:
Ս.Հ.