Միայնակ՝ բարձունքում. Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ նվաճումների հասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը 4:0 հաշվով ջախջախեց «Կալյարիին»: Խաղի իսկական հերոսը դարձավ «Ծեր Սինյորայի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով հեղինակեց 3 գոլ եւ կատարեց 1 գոլային փոխանցում:

Նախ Կրիշտիանուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպական թոփ 5 առաջնություններում գոլի հեղինակ է դառնում 18 տարի անընդմեջ: Այս ցոցւանիշը դեռ հնարավորություն ունեն կրկնելու իսպանական «Բետիսի» հարձակվող Խոակին Սանչեսը եւ գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստ Կլաուդիո Պիսարոն:

Ռոնալդուն դարձավ Ա Սերիայի պատմության առաջին պորտուգալացի ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկ է ձեւակերպում:

«Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսից հետո դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով 1 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել Իտալիայի, Անգլիայի եւ Իսպանիայի առաջնություններում: Չիլիացին հեթ-տրիկներ է ձեւակերպել իտալական «Ուդինեզեի», անգլիական «Արսենալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» կազմերում, իսկ Կրիշտիանուն «Յուվենտուսից» առաջ այդպիսի արդյունք գրանցել էր անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» շարքերում:

Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը 10-րդն էր Ռոնալդուի կարիերայում, որտեղ պորտուգալացին հեթ-տրիկ է ձեւակերպել: Սա նույնպես բացառիկ ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ: Նախկինում Ռոնալդուն 1 խաղում 3 գոլ խփել էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում, Իսպանիայի Լա Լիգայում, Չեմպիոնների Լիգայում, Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, Աշխարհի ակումբային առաջնությունում, Աշխարհի առաջնության նախընտրական փուլում, Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում, Աշխարհի առաջնությունում եւ Ազգերի լիգայում:

Սա Ռոնալդուի կարիերայի 56-րդ հեթ-տրիկն էր: Այս ցուցանիշով 34-ամյա հարձակվողը առաջատար է գործող ֆուտբոլիստների մեջ: Նրան հաջորդում է Արգենտինայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ եւ ռմբարկուական մրցապայքարում միայն 3-րդն է: Նրանից 1 գոլ ավել խփել է «Իտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ միանձնյա առաջատարը Հռոմից է ՝ «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ՝ 19 գոլով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս