ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը նոր նախագիծ է մշակել ճայթուկների վերաբերյալ։ Այսինքն, Հայաստանում կփոփոխվի հրավառության իրականացման ընթացակարգը։ Ըստ այդմ, լրացում և փոփոխություն կիրականացվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, ըստ որի` տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Ասել է թե՝ դրանով կսահմանափակվի հրավառություններ կազմակերպողների և իրականացնողների շրջանակը։
Ըստ առողջապահության նախարարության՝ կսահմանվի ճայթուկի հասկացությունը, իսկ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգելվի դրա վաճառքը:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ լրացում ու փոփոխություն կկատարվի նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Այս դեպքում առաջարկվում է նախատեսել պատասխանատվություն` ճայթուկ վաճառելու համար:
Արդյունքում առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը` կառաջացնի տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: Ստացվում է, որ ճայթուկ վաճառելու համար տնտեսվարողը կտուգանվի 250 հազար դրամով։
Ավելին, եթե նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարվի, ապա անձը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 500 հազար դրամով։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը առաջարկում է նաև վերանայել գիշերային ժամերը և այդպիսիք դիտարկել ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն: Այսինքն՝ «ժամը 23.00-ից մինչև 7.00-ն»բառերը կփոխարինվեն՝ «(ժամը 22.00-ից մինչև 8.00-ն)» բառերով։
Պարզվում է, որ այս նախագիծը մշակվել է հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավսնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը։
Ասել է թե՝ իրավական կարգավորման հիմնական առարկա կդառնան հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները։
Ըստ մասնագետների՝ հրավառությունից և ճայթուկից առաջացող աղմուկը ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչն առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում: Աղմուկն ազդում է էնդոկրին և իմուն համակարգերի վրա, ինչն արտահայտվում է երեք գլխավոր կենսաբանական ազդեցության տեսքով՝
– վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկում,
– ուռուցքային հիվանդությունների դեմ ուղղված դիմադրողականության անկում,
– ալերգիկ և աուտոիմուն գործընթացների առաջացման և զարգացման համար նպաստող պայմանների ստեղծում:
Ս. Հ.