Այսօր Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր էջում:
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։
Հարկ է նկատել, որ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը երեկ գրառում էր կատարել համացանցի իր էջում՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից:
«Դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Քիչ ավելի ուշ նույ ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը:
Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա:
Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծառաներ»,- նշել է Սամսոնյանը։
Վլադիմիր Կարապետյանի հետ կապ հաստատել այս պահին չի հաջողվում: ArmLur.am-ի հեռախոսազանգերին չի պատասխանում նաև Հովհաննես Մովսիսյանը:
Հ.Գ. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակն է, իսկ Վլ. Կարապետյանը, լինելով Հայ Ազգային Կոնգրես անդամ, զբաղեցրել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև Վարդան Օսկանյանի՝ ԱԳ նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակը:
Գուցե, սա «նվեր՞ էր» վարչապետից ՀԱԿ-ին: