2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:
Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ: Ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ Կ. Ծաղիկյանի համար 2020 թվականի հունվարի 6-ին քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա):
Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի՝ շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադի բժիշկները տեղեկացրել են, որ Կ. Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ: Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Կ. Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկը նորից կհրավիրվի շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ:
Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը, ինչպես նաև նրան տրամադրվել է խորհրդատվություն:
Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Կ. Ծաղիկյանի եղբայրը կրկին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ նա մահացել է: Դիմումատուն խնդրել է հետամուտ լինել եղբոր մահվան հանգամանքների պարզմանը:
Հունվարի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տրամադրել են պարզաբանումներ այն մասին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Կ. Ծաղիկյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:
Հաշվի առնելով ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ:
Այդպիսի աշխատանքներ տարիներով չեն իրականացվել ինչը նշված է նար Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: Իրավասու պետական մարմինների կողմից նման դեպքերի կանխարգելմանն, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռ մնում են անբավարար:
Քրեակատարողական համակարգում կա բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումները սպառիչ ավարտին հասցնելու կարիք. կարևոր է, որ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց հասանելի լինեն բժշական օգնության և խնամքի պատշաճ ծառայություններ, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ ապահովվում են քաղաքացիական բուժական հիմնարկներում: Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար: