Վլադիմիր Կարապետյանը լավ մամուլի խոսնակ չէր. Սաթիկ Սեյրանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի՝ արդեն նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանի գործունեության մասին:

ArmLur.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ պաշտոնավարման շրջանում ինչպես է աշխատել լրատվամիջոցների հետ, արդյոք որպես վարչապետի մամուլի խոսնակ՝ պատշաճ է կատարել իր պարտականությունները:

«Մամուլի աշխատանքի մասով՝ ոչ: Լավ խոսնակ չէր, որովհետև Կարապետյանը որոշակի տարբերություններ էր դնում, այսինքն՝ մերոնքական, ոչ մերոնքական, սևեր-սպիտակներ: Չգիտեմ, գուցե Նիկոլ Փաշինյանի համար նա լավ մամուլ խոսնակ չէր. դա չեմ կարող ասել, բայց եթե լավ մամուլի խոսնակ էր, այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ՝ ինչու հրաժարական տվեց: Քանի որ հրաժարականի պատճառների մասին ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ գուցե ա՞յլ աշխատանքի է անցնում, քանի որ ես որքանով տեղյակ եմ կառավարությունում փոփոխություններ են սպասվում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ Վլադիմիր Կարապետյանը թեև արձագանքել է լրագրողների հեռախոսազանգերին, բայց շատ կոնկրետ բաժանումներ է կատարել՝ ունեցել է սիրելիներ, և ոչ սիրելիներ:

«Մի բան էլ կարող եմ հստակ ասել՝ կապ ունի, թե ղեկավարն ինչ խնդիր է դնում մամուլի խոսնակի առաջ: Ասել է, թե միայն խոսնակով չի պայմանավորված: Գուցե իր ղեկավարին այդ գործելաոճը դուր է եկել: Վլադիմիր Կարապետյանի դեպքում լրագրողների հիշողությունը կարճ չէ: Ի վերջո, որտեղի՞ց է եկել, ո՞ր քաղաքական ուժերի հետ է աշխատել: Կարող էր նախկինների հասցեին այնպիսի բաներ թույլ տալ, որոնց հետ աշխատել է: Շատ հակասական կերպար էր»,- եզրափակեց Սեյրանյանը:

Հիշեցնենք՝ այսօր Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Սոնա Գրիգորյան




Լրահոս