Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը շարունակում է Արցախում մնալ նախագահի ֆավորիտ թեկնածուն: Ըստ մեր տեղեկությունների՝ հայրենի իշխանությունը, կարելի է ասել, տակից ամեն ինչ անելու է, որպեսզի մարտի 31-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում այդ պաշտոնը զբաղեցնի Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ, ինչպես նաեւ անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել էին երկրիներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղիունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
– Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի արձագանքը՝ Իրան-ԱՄՆ զարգացումների հետ կապված: Արդյոք համարո՞ւմ եք, որ այն համաչափ էր իրողությանը, որն է Ձեր դիրքորոշումը՝ այս հարցի հետ կապված:
– Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բխում է պաշտոնական Ստեփանակերտի շահերից, եւ մենք շահագրգռված ենք, որպեսզի Արցախի Հանրապետության սահմանակից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացում չլինի: Արցախի իշխանությունների արձագանքն այս համատեքստում էր, որտեղ հաշվի են առնվել եւ՛ Արցախի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը, եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ուստի այն համաչափ եմ համարում: Հուսանք՝կողմերին կհաջողվի խուսափել ռազմական անդառնալի առճակատումներից, եւ բոլոր ցավոտ խնդիրները խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվեն:
-Իսկինչպե՞ս եք գնահատում Արցախում ներքաղաքական իրավիճակը: 2020 թվականը, ընտրություններով պայմանավորված, վճռորոշ տարի է լինելու ԼՂՀ-ի համար, ինչպե՞ս եք այն գնահատում:
-Տարին, ճիշտն ասած, դեռ նոր է սկսվում, եւ ներքաղաքական զարգացումների հետ կապված, կարծում եմ, արտառոց ոչինչ չկա: Սպասվող համապետական ընտրություններն իսկապես շատ կարեւոր են Արցախի ժողովրդի համար, քանի որ յուրաքանչյուր նոր փոփոխությունից սպասելիքները միշտ էլ մեծ են լինում: Իսկ 2020թ.-ին Արցախում ընտրելու են թե՛ նոր նախագահ, թե՛ նոր խորհրդարան: Իմ գնահատմամբ՝ երկրում ստեղծված են բոլոր նախադրյալները մրցակցային պայմաններում ընտրությունների անցկացման համար, որին լրջագույնս պատրաստվում են եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ նախագահական ընտրապայքարին մասնակցության ցանկություն հայտնած թեկնածուները:
-Դուք, կարելի է ասել, Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուն եք, արդյոք կա՞ վստահություն, որ Դուք եք 2020 թվականին ընտրվելու Արցախի նախագահ: Այս ժամանակահատվածում ի՞նչ դիրքորոշման եք եկել, արդյոք հաղթանակը Ձե՞րն է լինելու:
-Շնորհակալ եմ նման գնահատականի համար, բայց անպարկեշտություն եմ համարում մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմից նման համարձակ հայտարարություններ անելը: Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել ընտրություններին: Համբերենք, եւ ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով կորոշի իր իշխանությանը: Անկախ արդյունքներից՝ բոլորս պարտավոր ենք հարգել այդ որոշումը:
-Իսկ ԼՂՀ նախագահի թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից, կա՞ արդեն թեկնածու, որին համարում եք շատ ուժեղ մրցակից այս պայքարում:
-Բոլորն էլ արժանի մարդիկ են, քանի որ բոլորի ցանկությունն էլ մեկն է՝ ավելի լավ Արցախ ունենալը: Նախընտրական շրջանն Արցախում պաշտոնապես կսկվի փետրվարի վերջին: Մեր խնդիրն է փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտում ընտրությունների անցկացումը: Արցախում անցկացված յուրաքանչյուր համապետական ընտրություն նախորդից որակապես միշտ մեկ քայլ առաջ է եղել: Սպասվող համապետական ընտրությունները եւս չպետք է բացառություն լինեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ