Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, հայտնեց, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որը անհամատեղելի էր կալանքի հետ: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ դատական համակարգին ծանր հանցագործության մեջ է մեղադրում եւ հաղորդում է տալիս հանցագործության մասին:
Իսկ ինչի՞ համար էր Կարեն Ծաղիկյանը հայտնվել կալանավայրում
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերելեւ պահել 0.02 գրամ քաշով «Մեթադոն» թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբերի կտոր: Բացի այդ, գործով չպարզված հանգամանքներում եւ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւմինչեւ 2018թ. մարտի 17-ը իր բնակարանի ննջասենյակի պահարանում ապօրինի պահել է 0.08 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետնյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբեր եւ 0.034 գրամ քաշով «Լորազեպամ» հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբեր:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին սույն քրեական գործըմտել էր դատարան, եւ Կարեն Ծաղիկյանը գտնվում էր կալանքի տակ: Գործը քննում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, իսկ, ահա, մեղադրող դատախազն էլ Ավան եւ ՆորՆորք վարչական շրջանների դատախազ Արտակ Կարաապետյանն է:
Նշենք, որ իրավիճակին արձագանքել էր նաեւ Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, թե ինչ հիվանդություններ ուներ Կ. Ծաղիկյանը: ԸստՔԿ ծառայության՝ վերջինս տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնեւմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ դատախազ Ա. Կարապետյանը աչքի առաջ ունեցել են նմանօրինակ դեպք, որ կալանքը անհամատեղելի է այս հիվանդությունների շարքին, սակայն կալանավոր Կարեն Ծաղիկյանի խափանման միջոցը չեն փոխել: Ու ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին:
Իսկ ի՞նչ է մանրամասնում մահացած կալանավորի եղբայրը
Ըստ Դավիթ Ծաղիկյանի՝ եղբայրը կույր էր, բազմաթիվ հիվանդություններ ուներ, 8 ամիս էր՝ գտնվում էր դատապարտյալների հիվանդանոցում: Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, դատավորը Արթուր Մկրտչյանից խնդրել էր փոխել խափանման միջոցը: Սակայն ե՛ւ դատախազ Կարապետյանը,ե՛ւ դատավորը բավարարվել են փորձաքննություններ նշանակելով, նիստերչեն գումարել,եւ արդյունքում ունենք ծանր հիվանդություններից մահացած կալանավոր:
«Ես հետամուտ եղա, ցանկացա դատաբժիշկներից վերցնեմփորձաքննության եզրակացությունը, ինձ դատաբժիշկները ասեցին, որչեն կարող տալ, դա գաղտնի է, պետք է ուղարկեն դատարան, սակայն ինձ բերանացի ասացին, որ կալանքը անհամատեղելի է: Այժմ ես գտնվում եմ դատապարտյալների հիվանդանոցում, եկել եմ եղբորս թղթերի հետեւից, ինձ դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները եզրակացություն են տվել, որ կալանքը իր հիվանդությունների հետ անհամատեղելի է:6 ամիս նախաքննություն գնաց, 1 տարի երկու ամիս էլ իբր դատավարություն էր գնում: Այստեղ դատավորի եւ դատախազի մեղավորությունն է, այսօր լավ չենք զգում, նիստ չենք անում, վաղը դատախազն է հարսանիք նիստ չեն անում, հիվանդ են, նիստ չեն անում, այդպես այնքան ձգեցին եւ հունվարի 15-ին էին նիստ նշանակել, մինչեւ եղբայրս մահացավ: Ես հրապարակավ հայտարարում եմ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին մեղադրում եմ հանցագործության մեջ: Միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ:Եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թողնյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք՝որպես հաղորդում հանցագործության մասին», – նշել էր նա:
Քնար Մանուկյան